«Նոր գիրք»-7/21. «Նոր գիրք». ի՞նչ կարդալ այս շաբաթ

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ 

Զապէլ Եսայեան, «Աւերակներուն մէջ»

«Սփյուռք» մատենաշարի այս հատորով լույս է տեսնում Զապէլ Եսայեանի «Աւերակներուն մէջ» գիրքը: Այս ուղեգրությունը նախաեղեռնյան ժամանակաշրջանի այն հազվագյուտ իրապատում ստեղծագործություններից է, որտեղ պատկերված են հայությանը սպասվող ապագա մղձավանջը՝ գեղարվեստական յուրօրինակ լեզվով և արտահայտչամիջոցներով՝ ավելի տեսանելի դարձնելով Ադանայի կոտորածների զարհուրելիությունը: Խմբագիր՝ Արթուր Անդրանիկեան: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Թարգմանական գրականություն 

Սալի Ռունի, «Նորմալ մարդիկ» 

Քոնելն ու Մարիաննան մեծացել են միեւնույն փոքր, պրովինցիալ քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են: Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է: Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնըվում, նրանց կյանքը մեկեն փոխվում է:

Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում: Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը երկչոտ ու անվճռական պատանու պես երկրորդական դերում է: Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում:

Սակայն Մարիաննան ոտք է դնում ինքնակործանման արահետ, Քոնելն էլ սկսում է կյանքի իմաստը փնտրել իր կարիերայում։ Ե՛վ Մարիաննան, եւ՛ Քոնելը պետք է առանձին-առանձին որոշեն, թե իրենց կյանքում ի՛նչը պետք է զոհաբերեն հանուն սիրելի էակի: Թարգմանիչ՝ Աստղիկ Սարգսյան, խմբագիր՝ Հասմիկ Սիմոնյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Մանկապատանեկան գրականություն 

Էմիլիո Սալգարի, «Սև ծովահենը»

Իտալացի հայտնի գրող Էմիլիո Սալգարիի «Սև ծովահենը» արկածային վեպը պատմություն է կյանքի անարդարության դեմ մարտնչելու համար հարկադրված ծովահենի ուղին ընտրած մի արիասիրտ ազնվականի մասին, որի կերպարում միահյուսված է ողբերգականությունն ու քամահրանքը աշխարհի հրապույրների նկատմամբ, և որի համար պատիվն ու ազնվությունն են գերագույն արժանիքները։ Անվախ հերոսի մեջ, սակայն, ընթերցողը կգտնի նաև այնքա՜ն մարդկային ապրումներ՝ հուզմունք, ցավ, տագնապ սիրելիների համար։ Վեպում պատանի ընթերցողը նաև կզարգացնի գիտելիքները հեռավոր ջունգլիների բուսական ու կենդանական աշխարհի վերաբերյալ, կտեղեկանա որոշ իրական պատմական անցքերի մասին, կհարստացնի բառապաշարն ու ստեղծագործական միտքը։ Թարգմանությունը՝ Արծվիկ Գևորգյանի: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն 

Սթիվեն Հոքինգ, «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին»

Սթիվեն Հոքինգը համարվում է մեր ժամանակի մեծագույն մտածողներից մեկը։ 21 տարեկանում կողային ամիոտրոֆիկ սկլերոզ ախտորոշմանը մարտահրավեր նետելուց հետո նա ներշնչանքի աղբյուր էր դարձել շատերի համար։ Հոքինգը հայտնի է թե՛ տեսական ֆիզիկայում իր ձեռքբերումներով, թե՛ բարդ գաղափարները հանրամատչելի դարձնելու ունակությամբ։ Նրան սիրում էին իր չարաճճի հումորի համար։ Մահը վրա հասավ այն ժամանակ, երբ Հոքինգն աշխատում էր իր վերջին նախագծի վրա՝ այն գրքի, որում հավաքել էր իրեն ամենից հաճախ տրվող «մեծ» հարցերի պատասխանները։ Այնպիսի հարցերի, որոնք դուրս էին իր ակադեմիական ոլորտի շրջանակներից։

Թարգմանությունն անգլերենից՝ Սիրանուշ Եսայանի: Խմբագիր՝ Գոհար Քալաշյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը