Սարգիսը պատմեց՝ ինչպես է պայթյունից հետո ստացած ծանր կորուստներից հետո կամքի ուժը գործի դնելով վերականգնվել

July 18, 2022 Aravot

Newmag Summer Fest-ի կազմակերպած միջոցառմանը ներկայացվեց նաեւ «Բազկամարդը» գիրքը:  Ընթերցելով գիրքը՝ պետք է հասկանալ, որ բազմապատիկ հարվածներ ստացած մարդը եթե կարողացել է այսքան առաջ շարժվել, ամուր կամք ունենալ, ուրեմն յուրաքանչյուր ոք կարող է: Այսօր անդրադառնալով իր հեղինակած «Բազկամարդը» գրքին, ասաց ռազմական թեմաներով գրող, լրագրող Դավիթ Դավթյանը: Նա իր հերոսի՝ Սարգիս Ստեփանյանի հետ մասնակցում էր Newmag Summer Fest-ի կազմակերպած միջոցառմանը, որը տեղի ունեցավ «Երազ» այգում:

Այստեղ 7 գրքերի շնորհանդես էր, որտեղ մարդիկ հանդիպումներ ունեցան գրքերի հեղինակներին եւ թարգմանիչներին: Սարգիս Ստեփանյանն ու Դավիթ Դավթյանը համատեղ ներկայացրել էին «Բազկամարդը»: Նրանք խոսեցին ճգնաժամերը կամքով հաղթահարելու մասին: Գրքում Սարգսի կյանքն է՝ մանկությունից սկսած: Պատմվում է նաեւ 2014 թվականի հունիսի 29-ին մարտական գործողություններ իրականացնելիս ականապայթյունային վիրավորում ստանալու մասին, որի ժամանակ նա կորցնել է ստորին վերջույթները եւ աջ վերին վերջույթը:

Դավիթն ասում է, որ գիրքը միասին են գրել: Պատմությունները պատմել են Սարգիսի հարազատները, բժիշկներն ու ընկերները: Գրքում խոսվում է նաեւ նրա՝ վերականգնողական շրջանի մասին՝ ինչպես է պայթյունից հետո ստացած ծանր կորուստներից հետո կամքի ուժը գործի դնելով վերականգնվել, հասել բարձունքների: Դավիթի խոսքով՝ «Բազկամարդը» մոտիվացիա է լինելու հաշմանդամություն ունեցող անձանց եւ, առհասարակ, բոլոր այն մարդկանց համար, որոնք հանդիպել են մեծ դժբախտությունների: Սարգիսն էլ գտնում է, որ անկախ ամեն ինչից, մարդու հետ ինչ էլ պատահում է, նա պետք է կյանքը լիարժեք ապրի: