«Տիգրանը պարտավորեցնում է իրեն փնտրել ողջերի մեջ». Աշոտ Բլեյանը` Տիգրան Հայրապետյանի մասին

March 19, 2022 Aravot

«Այսօր այստեղ են հավաքված Տիգրան Հայրապետյանի ամենամտերիմ մարդիկ, ընկերները, գործընկերները, որոնք այս  միջոցառումից առաջ նրա շիրմին են այցելելել: Նրանց թվում է Աշոտ Բլեյանը»,- նշեց «Newmag» հրատարակչության առաջխաղացման եւ զարգացման ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը` լրագրող, քաղաքագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանին նվիրված հուշ-ցերեկույթի ժամանակ:

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի «Պատերազմ և քաղաքականություն» գրքի շնորհանդեսը, որը լույս է ընծայել Newmag հրատարակչությունը: Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների ու ակնարկների ժողովածուն հրատարակվում է առաջին անգամ: Ցուցադրվեցին նաեւ  բացառիկ տեսանյութեր։ Շնորհանդեսին հաջորդեց պանելային քննարկում՝ «Ինչո՞ւ Տիգրան Հայրապետյանից հետո չձևավորվեց քաղաքագիտական դպրոց, և որքանո՞վ են այսօր արդիական նրա աշխատությունները» թեմայով: «Ես Տիգրանի գործունեությանը նայում եմ որպես ժառանգություն, ժառանգություն քաղաքագետի, հրապարակախոսի…Եվ լավ է, որ ես ունեմ կրթահամալիր, որտեղ պատանիներ կան նրանով հետաքրքրված: Մենք շատ ենք հավաքներ անցկացրել, բայց օրինակ այսօր ինձ համար ամենակարեւորը վերլուծական հոդվածների կլոր սեղանն է»,-ասաց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը (գլխավոր լուսանկարում): «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տարիներ շարունակ գործում է Տիգրան Հայրապետյանի անունը կրող գրադարան, եւ  ամեն տարի անցկացվում է նրա անվան մրցանակաբաշխություն: Այս տարի էլ մրցանակաբաշխությունը կայացավ Newmag-ի շնորհանդեսի շրջանակում:  Աշոտ Բլեյանի ձեւակերպմամբ. «Տիգրանը պարտավորեցնում է իրեն փնտրել ողջերի մեջ, եւ մենք իրեն պետք է փնտրենք այս պատանիների մեջ… Տիգրան Հայրապետյանը մեր օրացույցում է, դա շատ կարեւոր է, որ օրը սկսել ենք Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգությամբ, սովորողները կրկնակի աղոթել են, ես խոսք եմ ասել երախտիքի, հետո ամեն ինչ շարունակվել է գրադարանում, այժմ էլ շարունակվում է ձեզ հետ… Նաեւ ունենք ձոն` Տիգրան Հայրապետյանին: Մենք Տիգրանի համար Չարենց ենք կարդալու… Մի խոսքով, այս օրացույցը եւ ընդհանրապես Տիգրանի գործունեությունը սկսել է ինձ թարմ պահել… Մի պահ թվում էր՝ հետ ենք կանգնել, փակուղի կա, բայց հետո հասկացա, որ՝ ոչ, եթե պատանու ձեռքին, ինչպես Հրանտը կասեր՝ տեսնում ես կիսաբաց գիրքը, ուրեմն ամեն ինչ դեռ առջեւում է: Դե պատկերացրեք, եթե հիմա այս ժողովածուն  հայտնվի ուսանողների ձեռքին… Ես ձեզ հավատացնում եմ, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն իր առաքելության մեջ կլինի միշտ»:

Աշոտ Բլեյանն ընդգծեց, որ արդեն 17-րդ անգամ են հանձնելու Տիգրան Հայրապետյանի անվան մրցանակներ, ու ամեն տարի հերթական անգամ կարեւորելու են  որեւէ ուսուցչի` իր հասարակագիտական գործունեության մեջ: Միջոցառման ժամանակ ցուցադրվեցին հայտնի լրագրողներից ու Տիգրան Հայրապետյանի մտերիմներից վերցված հարցազրույցներից հատվածներ: Նրանց թվում էր նաեւ Շվեդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը: «Սունկի պես աճում են տարատեսակ քաղաքագետները, քաղաքական վերլուծաբանները, ամբողջ օրը տարբեր ալիքներով նրանք մեկնաբանություններ են անում… Կարծում եմ, որ լավ կլինի նորից ընթերցեն եւ հասկանան, թե ինչ բան է քաղաքագետ լինելը, քաղաքագիտական վերլուծությունը…»,- նշում էր Ալեքսանդր Արզումանյանը:

«Ես շատ հուզված եմ, եւ պահն էլ շատ հանդիսավոր է…Նախ եւ առաջ այսօր Տիգրանի ծննդյան օրն է, դրա համար  ուզում եմ, որ ասենք՝ շնորհավոր ծնունդդ, Տիգրան: Լրանում  է նրա 58-ամյակը»,-ասաց Տիգրան Հայրապետյանի կինը` Նազենի Ղարիբյանը: Նա իր խոսքը սկսեց շնորհակալություններով. «Շնորհակալություն այստեղ գտնվելու եւ ձեր`  այսքան տարիների հավատարմության համար: Սա պարզապես հավատարմություն չէ Տիգրանին, ինձ կամ երկուսիս հետ միասին ունեցած ընկերությանը… Սա ավելի շատ հավատարմություն է Տիգրան երեւույթին, տեսակի ու մտածողության մեջ այդ եզակի պայծառ մոմին, որ վառվել ու լույս է տվել նորանկախ Հայաստանի երկնքում»: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ