«Տուն տանող ճանապարհը». հայերեն է թարգմանվել ամերիկահայ գործիչ Վարդան Գրիգորեանի ինքնակենսագրականը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը հայերեն թարգմանությամբ լույս է ընծայել  «Նյումեգ» հրատարակչությունը: Շնորհանդեսը, որին ներկա էին գրքի ստեղծման գործում դերակատարություն ունեցող մարդիկ, տեղի ունեցավ մարտի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գրասենյակում:

«Ավրորա»-ի գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը, որը մեկ տարի առաջ է միացել  «Ավրորա»-ի թիմին, հնարավորություն է ունեցել մի քանի անգամ հաղորդակցվել Վարդան Գրիգորեանի հետ: «Նա ամենաազդեցիկ մարդկանցից է, որին երբևէ հանդիպել եմ: Գրիգորեանն իսկապես իմաստուն մարդ է, ինչը նրա հարուստ կյանքի արդյունքն է. կյանք, որի լի է մարտահրավերներով, բազմաթիվ հնարավորություններով: Վարդանը  նախ և առաջ շատ բարի մարդ է և մեծանուն մենթոր բոլորիս համար»,- շեշտեց Ստանիշը:

Գրքի թարգմանիչ Աստղիկ Սարգսյանի խոսքով՝ հուշագրությունը հեքիաթի սցենար է հիշեցնում. հարուստ պատմությամբ աղքատիկ Թավրիզ, որից դուրս գալով մեծ ձգտումներով հերոսը զրկանքների անտառից հայտնվում է ամերիկյան երազանքի ապարանքի առջև՝ կոփված և պատրաստ դիմակայելու քաղաքակիրթ աշխարհի ակադեմիական խարդավանքներին: «Գիրքը հարուստ է անկեղծ, ավարտուն դասերով ու հուշումներով:  Պատմում է այն մասին, թե ինչպես կարող է դժվարին անցյալը փառավոր ապագայի հիմք դառնալ: Ընտանեկան հարաբերությունները մեծ դեր են խաղացել Գրիգորեանի՝ Թավրիզից մեկնելու ցավոտ որոշումը կայացնելիս: Եթե տանն ամեն ինչ կարգին լիներ, Վարդան Գրիգորեանը չէր լինի այնպիսին, ինչպիսին նրան ճանաչում ենք»,- ասաց թարգմանչուհին:

Նա խոստովանեց, որ գեղարվեստականի ու ոչ գերարվեստականի խառնուրդը հաղորդելն իր համար նման էր ափից ոտնաթաթով ջուրը փորձելուն. գեղարվեստականում ջուրը ձգում էր, իսկ հարազատը՝ նոն-ֆիքշնը, տաք էր ու ապահով:

«Նյումեգ» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են գրքի հրատարակությանը և նշեց, որ գրքում ընթերցողը կարող է հանդիպել անսովոր տառադարձումների, որոնց հեղինակը հենց Վարդան Գրիգորեանն է: «Մենք նրա հետ համատեղ ենք աշխատել: Գրիգորեանն ընթերցել է բոլոր էջերը, հավանություն է տվել թարգմանությանը, շապիկին և հրատարակությանը: Նա անգամ «Նյումեգ»-ի թիմի հետ ժողով է արել՝ թարգմանական նրբությունները քննարկելու համար»,- պատմեց Ալեքսանյանը:

Նրա հավաստիացմամբ՝ «Տուն տանող ճանապարհը» իսկապես հետաքրքիր գիրք է, որում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք թվում էր՝ վաղուց պետք է մահացած լինեին: «Գրիգորեանը հանդիպում է Լևոն Շանթին, իսկ Բեյրությում նրա ուսուցիչն ու մենթորը Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն է եղել: Գրքում հետաքրքիր է նկարագրվում Վարդան Գրիգորեանի կրթությունը: Նա մանրամասն ներկայացնում է Արիստոտելի և Պլուտարքոսի ուսմունքների տարբերությունը, քաղաքական մտքի տարաձայնությունները: Այս գիրքն առաջին հերթին կարող է հետաքրքրել նոր սերնդին՝ տեսնելու, թե ինչ է նշանակում կապերի հաստատում, ինչ է նշանակում գումարների հայթայթում: Գրիգորեանը մարդ է, որը «Քարնեգի» հիմնադրամի համար այնքան գումար է հավաքել, որ այն այլևս դրա կարիքը չունի: Գրիգորեանը մարդ է, որը ստեղծում է նոր միջավայր, և նրա բացառիկ տաղանդը ներկայացված է, շարադրված է  և նկարագրված է գրքում»,- եզրափակեց Ալեքսանյանը:

Գրքի թարգմանության խմբագիրը Գնել Նալբանդյանն է, խմբագիրը՝ Սևակ Ղազարյանը, վերիֆիկանտը Ավետիս Հարությունյանն է: «Տուն տանող ճանապարհը» կոլորիտային, ուսանելի ու հուզիչ հուշագրության մեջ Վարդան  Գրիգորեանը   նկարագրում  է իր անցած  ճանապարհը՝ Թավրիզի մանկությունից մինչև աշխարհի քաղաքացի դառնալըՆրա ոդիսականը սկսվում է գավառական քաղաքի աղքատ թաղամասումՀետո Գրիգորեանը հայտնվում է Բեյրութի ճեմարանումՍթենֆորդի համալսարանումՆյու Յորքի հանրային գրադարանումԲրաունի համալսարանում ու «Քարնեգի» հիմնադրամումՍա իրանահայ երիտասարդի բացառիկ հաջողության պատմություն էորն ամփոփում է Գրիգորեանի կյանքի բանաձևը՝ բաց լինել գիտելիքի առջև և անվերջ կրթվել: