«Թուրքիան պարտավոր է առերեսվել իրականության հետ». կայացավ թուրք պատմաբան Թաներ Աքչամի գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը (տեսանյութ)

January 29, 2020 Tert.am

Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունում կայացել է թուրք պատմաբան Թաներ Աքչամի գրքի հայերեն թարգմանված տարբերակի շնորհանդեսը:

«Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքում ներկայացված են բացառիկ հեռագրեր, որոնք հերքում են թուրքական ժխտողականության գլխավոր թեզը և ապացուցում, որ եղել են սպանության հրամանագրեր:

Այդ փաստաթղթերից որոշները պատկանել են Ցեղասպանության «ճարտարապետ», Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային: Շնորհանդեսին, ավանդույթի համաձայն, Newmag-ը ներկայացրեց թուրք պատմաբանի կյանքն ու գործունեությունը՝ կարճ տեսանյութերով:

Նշենք, որ գրքում հրապարակված հեռագրերը Թաներ Աքչամին են հասել Ցեղասպանությունից փրկված Արամ Անտոնյանի միջոցով:

Պատմաբանի բանաձևը հստակ է՝ Թուրքիան պարտավոր է առերեսվել իրականության հետ: Առանց դրա՝ խաղաղություն լինել չի կարող: Թարգմանությանն առնչված գրեթե բոլոր մարդիկ անձամբ ծանոթ են թուրք պատմաբանի հետ:

Գրքի թարգմանությունն իրականացրել է Անդրանիկ Իսրայելյանը: Սա նրա առաջին աշխատանքն է: Խմբագիրն է Արմեն Սարգսյանը: Մինչև հրատարակությունն աշխատանքն անցել է մասնագիտական փորձաքննություն:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում կարևոր ազդակ հանդիսացող գիրքն արդեն վաճառքում է:

 

Tert.am