Յուրօրինակ կամուրջ ընթերցողների, հրատարակիչների, գրողների միջև. «Արմենպրես»- ն ամփոփեց «Երևանյան բեսթսելեր»-ը

February 22, 2022 Armenpress

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունն ամփոփեց «Երևանյան բեսթսելեր» նախագծի տարվա արդյունքները: «Տարվա ամենապահանջված թարգմանություն», «Տարվա հեղինակ», «Տարվա մանկապատանեկան գրքերի հրատարակիչ». այս և այլ անվանակարգերում հայտնի դարձան հաղթողների անունները: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Նազարյանը նշեց, որ «Երևանյան բեսթսելեր» նախագծի շրջանակում գործընկեր հրատարակիչների աջակցությամբ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ անցկացվեց «Գրքապտույտ» մրցույթը, որը մեծ արձագանք ստացավ: Մրցույթի հաղթողների նվերները փոխանցվեցին Գիրք նվիրելու օրը, իսկ ահա փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի խորհրդանշական օրը, մրցանակներ են շնորհվում «Բեսթսելեր» նախագծի շրջանակում: 

«Այս մրցույթի, նախագծի գլխավոր նպատակը գրքի նկատմամբ սիրո ամրապնդումն է, գրքի հանրահռչակումը: «Բեսթսելեր» նախագիծն արդեն մեկ տասնամյակ է ընթերցողներին է ներկայացնում ամենապահանջված գրքերը: Քանի դեռ հայ ստեղծագործողը շարունակելու է նոր գործեր արարել, քանի դեռ հրատարակիչները շարունակելու են նոր գործեր ներկայացնել ընթերցողներին, այդքան ժամանակ «Երևանյան բեսթսելեր» նախագիծը շարունակելու է թողարկվել»,-ասաց Նարինե Նազարյանը:

«Տարվա ամենապահանջված թարգմանություններ» անվանակարգում մրցանակի արժանացավ Նարինե Գիժլարյանը Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանությունների՝ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:  

«Շատ լավ գործ եք անում, ես միշտ անհամբեր սպասում եմ «Երևանյան բեսթսելերին»: Շատ ուրախ եմ, որ նախագծի մի մասն եմ»,-ասաց Նարինե Գիժլարյանը:

«Տարվա հայ հեղինակ» անվանակարգում մրցանակի արժանացավ Սյունե Սևադան «Կախվածություն» գրքի՝ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար: Սյունե Սևադան, կարևորելով նախագծի անցկացումը, նշեց, որ ցանկացած գրողի համար հաճելի է լինել առաջինը: Նրա խոսքով, այս նախագիծը շատ է ոգևորում ստեղծագործողներին: Այն ձևավորում է յուրօրինակ կապ ընթերցողի, հրատարակչի, գրողի միջև:  

«Տարվա մանկապատանեկան գրքերի հրատարակիչ» անվանակարգում ամենապահանջված մանկապատանեկան գրականության լույս ընծայման, Հարրի Փոթերը շարքի՝ «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար մրցանակի արժանացավ «Զանգակ» հրատարակչությունը: «Զանգակ» հրատարակչության թարգմանական գրականության պատասխանատու խմբագիր Հասմիկ Եղիազարյանը, շնորհակալություն հայտնեց մրցանակի համար: Նա բոլորին մաղթեց գրքառատ, գրական իրադարձություններով հարուստ տարի:  

«Տարվա ամենապահանջված թարգմանությունների հրատարակիչ» անվանակարգում Նարինե Աբգարյանի գրքերի թարգմանությունների՝ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար մրցանակ շնորհվեց «Newmag» հրատարակչությանը:

«Newmag» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը նշեց, որ իրենք շատ են գնահատում «Արմենպրես»-ի այս նախաձեռնությունը: Նրա խոսքով, ցանկացած հրատարակչություն պետք է հետևի այս նախաձեռնությանը: Հենց «Երևանյան բեսթսելեր» նախագծի շնորհիվ հրատարակիչները կարողանում են իմանալ, թե ինչն է ամենից շատ հետաքրքրում ընթերցողներին:

«Տարվա բեսթսելերների հրատարակիչ» անվանակարգում մրցանակ տրվեց «Բուկինիստ» հրատարակչությանը Ռոբին Շարմայի գրքերի՝ «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու համար:  

«Հատուկ մրցանակ»-ի արժանացան «Անտարես» հրատարակչությունը հայ հեղինակների գործերի լույսընծայման և արտերկրում թարգմանության գործում ներդրած անգնահատելի ջանքերի համար, «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը «Սփյուռք» մատենաշարով Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում անգնահատելի ավանդի համար, Արամ Անանյանը «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծի հիմնադրման և գրքի նկատմամբ սիրո ամրապնդման գործում անգնահատելի ավանդի համար: Վերջինս «Բալզակ. մի շան պատմություն» գրքի՝ «Արմենպրես»-ի «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծում տարվա բեսթսելեր ճանաչվելու, ընթերցողների հետ կապի ամրապնդման անգնահատելի ջանքերի համար «Լևոն Անանյանի անվան երիտասարդական մրցանակ» շնորհեց Լևոն Նեսին:

«Շատ հուզիչ պահ է ինձ համար, իսկապես չէի ակնկալում: Կարծում էի, թե միայն մրցանակ եմ փոխանցելու: «Արմենպրես»-ի նոր տնօրենը նույնքան ջանասիրությամբ շարունակում է այս հրաշալի նախագիծը, ինչը ուրախացնում է»,-ասաց Արամ Անանյանը:

Մրցանակն անակնկալ էր նաև Լևոն Նեսի համար: Նա ընդգծեց, որ այն պարտավորեցնող է, ու կարևոր համարեց աշխատանքի գնահատանքը:

«Երբ ես տարիներ առաջ գիրքս տանում էի հրատարակչություն, չէի ակնկալում, որ օրերից մի օր մրցանակ կստանամ: Իսկապես շնորհակալ եմ գնահատականի համար»,-ասաց Լևոն Նեսը:

«Անտարես»-ի հրատարակչական բաժնի ղեկավար Հռիփսիմե Մադոյանը ցանկացավ բոլորին բազմաթիվ նոր գրքեր: «Այնքան շատ բեսթելերներ, որ ձեր գործը շատանա ու չհասցնեք»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով «Արմենպրես»-ին:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի և վաճառքի գլխավոր մասնագետ Դավիթ Սամվելյանի խոսքով, կարևոր է այն, որ այս տարիների ընթացքում «Արմենպրես»-ի հրատարակիչների միջև կապը շարունակական եղավ: Նա ընդգծեց, որ «Արմենպրես»-ի ներդրումը մեծ է գրքի հանրահռչակման գործում: