«Զոդ» օպերացիան, որը Սոթքը հայկական պահեց

February 22, 2022 168.am

Ադրբեջանի տարածքային հավակնություններ Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային շրջանների նկատմամբ գաղտնիք չեն: Բայց, հավանաբար, քչերը գիտեն, որ այդ հավակնություններն առնվազն 100 տարվա պատմություն ունեն:

1919թ.-ին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբել է Հայաստանի իշխանության դեմ եւ հայտարարել Ադրբեջանին միանալու մասին։ Հայերի կողմից իրականացված «Զոդ» օպերացիայի շնորհիվ միայն, հաջողվել է այս կարեւորագույն շրջանը պահել Հայաստանի կազմում։

Newmag Winter Fest-ին ընթերցողներին է ներկայացվել Ավետիս Գրիգորյանի եւ Արսեն Բոբոխյանի «Օպերացիա «Զոդ». Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գիրքը: Դրանում առաջին անգամ համապարփակ ներկայացվում է Վարդենիսի ինքնապաշտպանությունն ու «Զոդ» օպերացիան, որն առավել քան արդիական է այսօր:

Գրքի հեղինակները հնագիտական պեղումներ են իրականացրել Գեղարքունիքի մարզում, հավաքել ականատեսների ու նրանց ժառանգների վկայություններն ու այդ դեպքերին առնչվող ժողովրդական երգերը։

«Օպերացիա «Զոդ»»-ը հրատարակվել է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի աջակցությամբ:

Գրքի հեղինակներ, մասնագիտությամբ հնագետ-պատմաբաններ Արսեն Բոբոխյանն ու Ավետիս Գրիգորյանը «Զոդ» օպերացիայի մասին առաջին անգամ լսել են 2014թ.-ին՝ տարածաշրջանում պեղումների ժամանակ:

«Սոթք գյուղում պեղում էինք հուշարձաններից մեկը, որի պատմական անունը Տիգրանաբերդ է: Այդ ընթացքում մեզ մոտեցած գյուղացիներից մեկն ասել է՝  «մարդկային ոսկորները, որոնք այստեղից հանում եք, ամենայն հավանականությամբ, կապ ունեն «Զոդ» օպերացիայի հետ»: 2014թ.-ին մենք ոչինչ չգիտեինք այդ օպերացիայի մասին», - գրքի վերաբերյալ քննարկմանն ասել է Արսեն Բոբոխյանը՝ հիշելով, որ այդ օրվանից իրենք սկսել են հետաքրքրվել, հավաքագրել նյութեր ու 2020թ.-ին մասնակցելով Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հայտարարած դրամաշնորհին՝ որոշել են ավելի խորն ուսումնասիրություններ կատարել ու դրանք ներկայացնել գրքի տեսքով:

20-րդ դարի ինքնապաշտպանության այս կարեւոր դրվագներից մեկը զարմանալիորեն դուրս է մնացել հետազոտողների, պատմաբանների ու առավել եւս՝ հանրային ուշադրությունից:

«Առաջին հանրապետության կարճատեւ ժամանակաշրջանում այնքան բուռն են եղել իրադարձությունները, որ այս օպերացիան, կարծես, դուրս է մնացել ակադեմիական, հանրային շրջանում քննարկումներից: Հիմնականում քննարկվել են Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան՝ ավելի կենտրոնական շրջանների իրադարձությունները», - ասել է Ավետիս Գրիգորյանը:

Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի՝ «Վերաիմաստավորելով 21-րդ դարը» դրամաշնորհի գիտական ղեկավար Վահրամ Տեր-Մաթեւոսյանը նշել է, որ գրքում ներկայացված է ոչ միայն պատմություն՝ դասական իմաստով, այլեւ ռազմական հնագիտություն, աշխարհագրություն, ազգագրություն, մշակութաբանություն.

«Սա մեր պատմության չբացահայտված էջերից մեկն է: Շատ կարեւոր է, որ այն տեղափոխվի սոցիալական կրթության դաշտ, այս ինֆորմացիան դասագրքայնացվի: Տղաներին հաջողվել է գրել գիրք, որը հասու է միջազգային պատմագիտական մտքի համար՝ չկա պաթոս, չկան զեղումներ: Կան փաստեր, կա հսկայածավալ աշխատանք ու վստահ եմ, շատ շուտով այն կթարգմանվի նաեւ այլ լեզուներով, քանի որ առկա փաստերը պետք է ներկայացված լինեն աշխարհին»:

Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասել է՝ գիրքն օգնում է հասկանալ՝ ինչ է կատարվել անցյալում, ինչ է կատարվում այսօր ու ինչ կկատարվի վաղը.

«Գիրքն օգնում է հասկանալ՝ ինչ պետք է անել, որ թույլ չտանք մեր ողնաշարը կոտրվի: Գիրքն ուղեցույց է այսօրվա ու վաղվա իշխանությունների համար: Ուղեցույց է մարդկանց համար, որոնք ապրում են Վարդենիսի տարածաշրջանում: Այն պարտադիր պետք է լինի շրջանի բոլոր համայնքապետարաններում: Տեղի մարդիկ հիմնականում ինչ-որ բան լսել են, ինչ-որ բան մնացել է իրենց տատերից, պապերից, բայց, ընդհանուր առմամբ, տեղյակ չեն կատարվածի մասին:

Այս գրքում հիմնավորվում է՝ ինչու մարդիկ պետք է մնան այնտեղ ու թույլ չտան թշնամու առաջխաղացումը. հակառակ դեպքում՝ Սեւանի ամբողջ ավազանը կհայաթափվի: Այս գիրքը մեծ ահազանգ է մեզ բոլորիս՝ պատմական Հայաստանի հսկայական տարածքներ կորցրած մարդկանց: Ահազանգ է այն մասին, որ մեր ձեռքից կտոր-կտոր վերցնելու են այն, ինչի համար պատերազմը տեւում է 100 տարուց ավելի»:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի