«Թքած ունենալու նուրբ արվեստը». նոթեր գրքից

July 4, 2019



  • Ուզում ես իմանալ, թե իրականում ո՞վ ես դու, պարզիր, թե իրականում ինչի ես պատրաստ։ Միայն նրանք են տրիատլոն վազում, փորի մկանները պրկում և ծանրություններ բարձրացնում, ովքեր սիրում են մարզադահլիճի դժվարությունները:




  • Գոռոզամտությունը նարցիսային փուչիկ է, որն անընդհատ ուռչում է և աղավաղում ամեն ինչ: Իրենց գերարժեքությամբ տարված մարդիկ կյանքի ամեն իրադարձություն դիտարկում են որպես սեփական մեծության հաստատում կամ որպես սպառնալիք։




  • Մեր ընտանիքի պրոբլեմը ոչ թե այն էր, որ սարսափելի բաներ էինք ասում կամ անում, այլ այն, որ կարևոր բաները չէի՛նք ասում կամ անում: Մեր ընտանիքն ամեն ինչ թաքուն էր պահում նույնքան վարպետորեն, որքան Ուորեն Բաֆետը փող վաստակելիս կամ Ջեննա Ջեյմսոնը սեքսով զբաղվելիս:




  • Եթե գիտակցես, որ քո պրոբլեմը ոչ առանձնապես յուրահատուկ է, ոչ էլ առանձնապես լուրջ կամ ցավոտ, առաջին ու կարևորագույն քայլն արած կլինես այն հաղթահարելու կամ լուծելու ուղղությամբ: Ավելի ու ավելի շատ մարդիկ, հատկապես երիտասարդները, չգիտես ինչու, մոռանում են սա։




  • Որքան շատ ենք մեր կարծիքն արտահայտելու ազատություն ստանում, այդքան շատ ենք ցանկանում ազատվել այլ կարծիք ունեցողներից: Որքան շատ ենք բախվում հակադիր տեսակետի, այդքան շատ ենք դժգոհում, որ դրանք կան: Որքան ավելի ազատ և անհոգ է դառնում մեր կյանքը, այդքան ավելի ենք կարևորում տակը մնացած մանր-մունր խնդիրները:




  • Բացառիկ դեպքերի ու դեմքերի մասին պատմող լուրերը մեզ կոմպլեքսավորում են, հուսահատեցնում։ Մտածում ենք՝ ինչու ենք խրվել-մնացել այս ճահճում: Ու ձգտում ենք մեր սովորական լինելը հատուցել մեծամտությամբ և մոլի հակումներով: Մենք հատուցում ենք երկու հնարավոր եղանակով. ինքներս մեծարում ենք մեզ կամ ուրիշներին։




  • Մարդիկ վախենում են ընդունել սեփական միջակությունը, որովհետև այդ դեպքում ոչ մի բանի չեն հասնի, մարդամեջ դուրս չեն գա, և նրանց կյանքը կդառնա անիմաստ։




  • Հենց մարսես ճշմարտությունը, մարմինդ կյանքով կլցվի, ուժ ու եռանդով: Եվ ուսիցդ մի մեծ քար կընկնի. մյուսներին մշտապես զարմացնելու ու ցնցելու կարիք չես ունենա այլևս: Կհանդարտվես, կազատվես սթրեսից և մշտազգոն վիճակից ու ստիպված չես լինի քեզ մեծ քաքի տեղ դնել:




  • Եթե տառապանքն անխուսափելի է, եթե մեր կյանքի պրոբլեմներն անշրջանցելի են, ապա պետք է տալ ոչ թե «Ինչպե՞ս դադարեմ տառապել» հարցը, այլ «Ինչո՞ւ եմ ես տառապում, ի՞նչ նպատակի համար»։




  • Արժեքները մեր էության և վարքի հիմքում են։ Եթե այն, ինչը մեզ համար արժեքավոր է, մեզ չի օգնում, և եթե մեր հաջողության/ձախողման չափանիշները սխալ ենք ընտրում, ապա այդ արժեքների վրա հիմնված բոլոր մտքերն ու զգացմունքները խոտորվելու են, քանի որ մեր ամեն զգացածն ու մտածածը խարսխված են մեր արժեքային ընկալումների վրա։






Կարդացեք նաև. 







  • Այնքան կարևոր չէ օբյեկտիվ իրականությունը, որքան կարևոր են դրա հանդեպ մեր վերաբերմունքը, դրա վերլուծությունն ու մեր գնահատականը: Պրոբլեմներից չենք կարող խուսափել, սակայն յուրաքանչյուր պրոբլեմ կարող ենք այս կամ այն կերպ ընկալել:




  • Հաճույքը սին աստված է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք իրենց էներգիան ուղղում են մակերեսային հաճույքներ ստանալուն, ի վերջո ավելի շատ են անհանգստանում, էմոցիոնալ առումով ավելի անկայուն են դառնում և ավելի խորն են ընկնում դեպրեսիայի մեջ։




  • Նյութական հաջողությունները գերագնահատելու մյուս վտանգն այն է, որ դրանք նսեմացնում են ազնվություն, համակեցություն և կարեկցանք կոչվող արժեքները։ Մարդիկ, որոնք իրենք իրենց գնահատում են ոչ թե սեփական վարքով, այլ մյուսներից բարձր կարգավիճակով, ոչ միայն պրիմիտիվ, մակերեսային արարածներ են, այլև բարոյազուրկ այլանդակներ:




  • Նրանք, ովքեր միշտ համոզված են, թե միշտ ճիշտ են, իրենց զրկում են սեփական սխալների վրա սովորելու հնարավորությունից: Նրանք չեն կարողանում այլ տեսանկյուններից նայել կյանքին, օգտագործել ուրիշի փորձը: Նրանք փակվում են մի նոր և կարևոր ինֆորմացիայի առջև։




  • Երբ մենք ինքներս մեզ ստիպում ենք ցանկացած իրավիճակում պոզիտիվ լինել, մենք հերքում ենք պրոբլեմների գոյությունը մեր կյանքում։ Իսկ այդ դեպքում մենք կորցնում ենք դրանք լուծելու և երջանիկ ապրելու հնարավորությունը։ Պրոբլեմներն իմաստ են հաղորդում մեր կյանքին։




  • Ֆրեյդն ասում էր. «Պայքարի մեջ անցկացրած տարիներդ հետո քեզ թվալու են քո կյանքի ամենագեղեցիկ շրջանը»։ Հենց այդ պատճառով չարժի, որպես կենսական իդեալ, ընդունել հաճույքը, նյութական հաջողությունը, մշտապես ճիշտ և պոզիտիվ լինելը:




  • Ազնվությունը լավ արժեք է, որովհետև այն կարող ես լիովին կառավարել։ Այն արտացոլում է իրականությունը և շահեկան է այլոց համար (նույնիսկ եթե երբեմն տհաճ է)։ Հայտնի լինելը վատ արժեք է։ Եթե քո գերխնդիրը պարերի ժամանակ ամենապոպուլյար տղան/աղջիկը լինելն է, ապա ոչ մի բան քեզնից կախված չէ:




  • Լավ ու առողջ արժեքների օրինակներ են ազնվությունը, նորարար մտածողությունը, խայթելու ունակությունը, սեփական պատիվը պահելը, ուրիշներին պաշտպանելը, ինքնահարգանքը, հետաքրքրասիրությունը, բարեսրտությունը, համեստությունը, ստեղծագործելու ջիղը։




  • Վատ, անառողջ արժեքների օրինակներ են մանիպուլյացիայի կամ բռնության միջոցով իշխելը, աջ ու ձախ սեքսը, չպատճառաբանված երանությունը, միշտ ուշադրության կենտրոնում լինելը, բոլորի սիրելին լինելը, հարուստ լինելը՝ սոսկ հարուստ լինելու համար, աստվածներին կենդանիներ զոհաբերելը։




  • Երբ ինքներս ենք ընտրում մեր խնդիրները, զգում ենք, որ ոգևորված ենք, խանդավառված: Իսկ երբ խնդիրնե՛րն են ընտրում մեզ, դառնում ենք խեղճուկրակ զոհ։






Հետևեք   newmag-ին  Telegram–ում և    Instagram–ում