Նպատակների ներդրումային պորտֆել ըստ Մարկ Մենսոնի

June 17, 2022

Բազմաթիվ մոտիվացիոն բեսթսելլերների հեղինակ, «Թքած ունենալու նուրբ արվեստը», «Թքել ենք բոլորս» ու «Գայթակղելու նուրբ արվեստը» գրքերի հեղինակ Մարկ Մենսոնը հանդես է եկել կարևոր խորհուրդներով: Այս անգամ նրա հորդորները կյանքի որակի մասին են: Յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ ժամանակ առ ժամանակ պետք է սեփական կյանքի որակը բարելավելու համար ներդրումներ անել:

Մենք գերագնահատում ենք «այս պահի» արժեքը և թերագնահատում վաղվա օրը: Դրա պատճառով, օրինակ, չենք կարողանում գումար խնայել, հետաձգում ենք կարևոր որոշումները կամ անելիքները: Խուսափում ու հաջորդ օրվան ենք թողնում բարդ խոսակցությունները: Մենք փոխարինում ենք երկարաժամկետ օգուտը կարճաժամկետ հաճույքի հետ: Դա մեր որոշումն է: Ու հետո բողոքում ենք, որ ոչինչ մեր պլանավորածի պես չի գնում և արդյունքները չեն գոհացնում:

Հենց հայտնվում ես նման իրավիճակում, ուրեմն լճացել ես: Պետք է փոխել կյանքի որակը: Դրա համար Մարկ Մենսոնը նախ խորհուրդ է տալիս ներդրումներ կատարել սեփական անձի վրա: Բեսթսելլերների հեղինակը հորդորում է՝ վերաբերեք Ձեր նպատակին, ինչպես ներդրումային պորտֆելի: Այսինքն՝ ներդրում եք կատարում կյանքի այն ոլորտներում, որոնք առավել կարևոր եք համարում:

Սեփական կյանքին նման վերաբերմունքը կարևոր է մեկ պատճառով: Գլխավոր պատճառն այն է, որ այն երևույթները, ինչի վրա որոշել եք կենտրոնանալ, պետք է փոխգործակցեն միմյանց հետ:

Մենսոնը խորհուրդ է տալիս հիշել մեկ կարևոր փաստ: Մենք ոչինչ չենք զոհաբերում հանուն այլ բանի: Hամատեղում ենք դրանք: Եթե Դուք ընտանիքի լավ անդամ եք, դա նշանակում է, որ նաև կոլեկտիվում եք Ձեզ լավ դրսևորում:

Երբ մեր հարաբերությունները քանդվում են, օրինակ՝ ամուսնալուծություն է տեղի ունենում կամ մահանում է հարազատ մարդկանցից մեկը, փորձում ենք գտնել որևէ այլ բան, որից հնարավոր կլինի բռնվել, որ ապրելու իմաստն ու մոտիվացիան ամբողջությամբ հօդս չցնդի: