Ո՞վ է ում հայհոյել. Շիրակն ու Ալաշկերտը մեղքը գցում են միմյանց վրա

October 31, 2017

Կողմերից ոչ մեկն իրեն մեղավոր չի համարում, մամուլի հետ էլ այսօր շփվում են միայն հաղորդագրությունների միջոցով: Առաջատարության համար պայքարում Ալաշկերտը հաղթել է նվազագույն հաշվով, իսկ խաղից հետո տեղի ունեցած միջադեպն ավելի է ընդգծել դիմակայության սկզբունքայնությունը:
Սկանդալային միջադեպի մեղավորությունն ընդունել երկու ակումբներն էլ չեն պատրաստվում: Ե՛վ Շիրակը, և՛ Ալաշկերտը պաշտոնական հաղորդագրությունն են տարածել, որոնց բովանդակություններն համընկնում են մասամբ` ոչ կարևոր դետալներով:
«ԱԼԱՇԿԵՐՏ» ՖԱ
«Ամբողջ հանդիպման ընթացքում «Շիրակի» երկրպագուները հայհոյանքներ էին հնչեցնում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին եւ քարեր էին նետում ալաշկերտցիների պահեստային նստարանի ուղղությամբ: Գյումրեցի երկրպագուներին «դուր չէր գալիս», որ մրցակցի գլխավոր մարզիչն ամբողջ խաղի ընթացքում ակտիվ ցուցումներ էր տալիս իր ֆուտբոլիստներին»

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Խաշմանյանը նյարդայնացած հաշվեհարդարի հրավիրում երկրպագուներին: Ստադիոնի ոստիկանները միջամտում են, սակայն ամենաթեժ պահին Շիրակի աշխատակիցը բռունցքով հարվածում է Խաշմանյանին:



Կարդացեք նաև.



«ՇԻՐԱԿ» ՖԱ
«Ոչ մի ծեծկռտուք կամ հարձակում չի եղել երկրպագուների կողմից Աբրահամ Խաշմանյանի վրա: Միակ միջադեպը եղել է ակումբի աշխատակցի եւ Աբրահամ Խաշմանյանի միջեւ, այն էլ այն բանից հետո, երբ վերջինս հայհոյել է երկրպագուներին»
Ըստ Ալաշկերտի մամուլի ծառայության, կրքերը հանդարտվելուց հետո Շիրակի երկրպագուներն Ալաշկերտի ներկայացուցիչներին սպասել են ստադիոնի մուտքի մոտ` հաշվեհարդարը շարունակելու մտադրությամբ: Բախման երկրորդ ալիքը կանխել են ոստիկաններն ու Ալաշկերտի անձնակազմին ապահով հասցրել մինչեւ թիմի ավտոբուս: Միջադեպի կապակցությամբ դեռեւս լռում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նախատեսվում է, որ Շիրակ - Ալաշկերտ խաղում տեղի ունեցած բախումը կլինի ՀՖՖ կարգապահական կոմիտեի առաջիկա նիստի գլխավոր թեման: