Amazon, Apple, Facebook, Google՝ մոլորակի չորս ամենաազդեցիկ ընկերությունների հաջողության պատմությունը (տեսանյութ)

Amazon, Apple, Facebook, Google՝ 4 հսկան, որոնց մասին վերջին երկու տասնամյակում պատմել ու գրել են շատերը, բայց Սքոթ Գալուեյի ձեռագիրը բոլորից տարբերվում է։ Այս ընկերությունների գեներացրած առասպելներին տրվելու փոխարեն՝ Գալուեյն իր «Մեծ քառյակը» գրքում կարևորագույն հարցեր է շոշափում ու բացահայտում Amazon-ի, Apple-ի, Facebook-ի, Google-ի հաջողության բանաձևերը: Տեսանյութում մեծ քառյակի համառոտ պատմություն է՝ որտեղից սկսեցին և ուր հասան:
Աշխարհը փոխելու, այն ավելի բաց ու միավորված դարձնելու առաքելությամբ Հարվարդի համալսարանի ուսանողները ստեղծեցին այն, ինչն այսօր գլոբալ ֆենոմեն է: Ու կապ չունի ֆեյսբուքում նախկինիդ ես հետապնդում, քաղաքական գործիչների լայվերը դիտում թե ծովափնյա սելֆիներ հրապարակում, Ֆեյսբուքը մտել է մեր առօրյա ու չի պատրաստվում դուրս գալ: Միշտ չէ, որ Ֆեյսբուքը ջրից չոր է դուրս գալիս, ու երբեմն Ցուկերբերգը ստիպված է նստել անհարմար աթոռին ու լսել անհարմար մեկնաբանություններ:
Հանճար, հաջողակ բիզնեսմեն թե վատ հռետոր, սա հարցի մյուս կողմն է: Ցուկերբերգը ստեղծել է կայսրություն, որը 21րդ դարի ամենահայտնի ապրանքանիշներից մեկն է դարձել: Ամեն օր ֆեյսբուքում 350 միլիոն լուսանկար են հրապարակում: Իսկ բիզնեսների համար սա պլատֆորմ է, որտեղ մոտ 3 միլիարդ պոտենցիալ հաճախորդ կա. «Հպարտ եմ հայտարարել, որ այսօրվանից մեր կազմակերպությունը կոչվում է ՄԵՏԱ: Այն ինչ սպասում է մեզ ապագայում՝ ձեր բոլոր պատկերացումներից դուրս է»:
Մարդկանց մի մասը սա որպես սպառնալիք ընկալեց, մյուսները՝ նորարարություն: Բայց մի բան հստակ է՝ Ցուկերբերգը եղածով բավարարվողներից չէ: Անհարմար աթոռից ոչ ոք ապահովագրված չէ, անգամ եթե դու Գուգլի տնօրենն ես: Բայց մինչև մեր օրեր հասնելը՝ պատմական ակնարկ:
1998 թվական: Այս մարդիկ գուգլում աշխատում էին, երբ այն չուներ մեծ անուն, բայց ուներ մեծ ձգտումներ: Եվ իհարկե, ժանրի բոլոր կանոններով՝ Գուգլի առաջին գրասենյակը ևս ավտոտնակ էր: Իսկ այս երիտասարդները՝ հեղափոխական գաղափարի նախահայրը, Սերգեյ Բրին. «Իրականում մարդիկ չեն սիրում մեծ կազմակերպություններին և ես անընդհատ մտածում էի, թե ինչն է պատճառը: Կարծում եմ, իրական խնդիրն այն չէ, որ մարդիկ խոշորացույցով հետևում են ձեզ, այլ այն, թե ուր է կազմակերպությունն ուղղում իր հսկայական ազդեցությունը»:
1 օրում գուգլում 8.5 միլիարդից ավելի որոնում է գրանցվում ու երբ ասում ենք, որ Գուգլը մեր մասին գիտի ավելին, քան պատկերացնում ենք, ամենևին էլ չենք չափազանցնում: Իսկ գաղափարների նոր չափաբաժինը նոր սերնդի ուսերին է՝ վստահ է ղեկավարը Սունդար Պիչայ. «Երիտասարդների համար, որոնք առաջին քայլերն են անում այս ոլորտում, պիտի ասեմ, որ հաջորդ տասնամյակներին տեխնոլոգիական էվոլյուցիան լինելու ճիշտ այնպես ինչպես նախորդ տասնամյակներին: Ու սա տեխնոլոգիայի ամենահզոր կողմն է»:
Ու կրկին՝ ամենակարող ավտոտնակից մինչև տրիլիոն դոլար կապիտալիզացիայով կայսրություն: Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի ստարտափում առաջին ներդրողներից մեկը հենց նրա հայրն էր. «Հայրիկիս առաջին հարցն էր՝ ի՞նչ է համացանցը: Նա ներդրում արեց ոչ թե կազմակերպության կամ գափարի մեջ, այլ պարզապես վստահեց ինձ: Նրա խաղադրույքը ես էի»:
Գրքերի օնլայն վաճառքով սկսված ստարտափը մոտ երեք տասնամյակում դարձավ բառացիորեն ամբողջ աշխարհում միլիարդավոր ապրանքներ վաճառող կազմակերպություն: Ամազոնը վաղուց արդեն հատել է հնարավորի սահմաններն ու դարձել է մի ամբողջ էկոհամակարգ. «Դու չես կարող առաջամարտիկ լինել, կամ մի նոր բան ստեղծել, եթե վախենում ես ձախողել: Ստեղծելու համար պետք է փորձարկել և եթե նախապես իմանայիր, որ ստացվելու է, դա փորձարկում չէր կոչվի: Հետևաբար ձախողումն ու գյուտը անբաժանելի են»:
Ու այսպես, մեկը մյուսի հետևից Էփլը ստեղծեց ու ներկայացրեց այդ պահին անհավանական թվացող իր արտադրանքը:
Այն, ինչ արեց Էփլը՝ իսկական հեղափոխություն էր: Սթիվ Ջոբսն ասում էր, որ մարդը կարող է իրեն հաջողակ համարել, եթե ամբողջ կյանքի ընթացքում գոնե մեկ հեղափոխական գաղափարի մասնակից է եղել: Իսկ Էփլը ոչ թե մեկ, կամ երկու, այլ հեղափոխական նախագծերի մի ամբողջ փաթեթ նվիրեց մարդկանց. «Մենք հավատում ենք, որ իրենց աշխատանքով ապրող մարդիկ կարող են աշխարհը դեպի լավը փոխել: Սա Apple-ի հիմնարար արժեքն է»:
Նպատակների ու արժեքների վերաբերյալ տարիները ոչինչ չեն փոխել: Հաստատուն են ձգտումները, մնացածը փոխվում է ու փոխում է նաև աշխարհը. Գուցե հենց սա է Appel-ի հաջողության գրավականը:
Կարդացեք նաև
- Հրատարակվել է SMART մատենաշարի 2-րդ գիրքը՝ Սքոթ Գալուեյի «Մեծ քառյակը» աշխատությունը (թրեյլեր)
- «Մեծ քառյակը» գրքի շնորհանդեսին տեղի կունենա «Տեխնոհսկաների ներքին խոհանոցը» թեմայով պանելային քննարկում
- Ֆոտոռեպորտաժ՝ «Մեծ քառյակը» գրքի շնորհանդեսից և «Տեխնոհսկաների ներքին խոհանոցը» թեմայով պանելային քննարկումից
- Տեղի ունեցավ Smart մատենաշարի 2-րդ` «Մեծ քառյակը» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
- Ինչո՞ւ ամերիկացի բիզնես պրոֆեսոր, հրապարակախոս, ձեռնարկատեր Սքոթ Գալուեյը գրեց «Մեծ քառյակը» գիրքը (տեսանյութ)
- Միջազգային մամուլն ու հեղինակավոր գրաքննադատները՝ Սքոթ Գալուեյի «Մեծ քառյակը» գրքի մասին (տեսանյութ)