Չարենցավանի քաղաքային գրադարանը հյուրընկալել է «Բազկամարդը» գրքի հեղինակներին (տեսանյութ, լուսանկարներ)

March 8, 2022

Չարենցավանի քաղաքային գրադարանում տեղի է ունեցել «Բազկամարդը» գրքի հեղինակների հանդիպումն ընթերցողների հետ: Գրքի, իր կյանքի ուղու և Newmag-ի հետ գործակցության մասին հյուրերը պատմել են ներկաներին:

Սարգիս Ստեփանյանի «Բազկամարդ» գիրքն իր կամքի ուժի, երբեք չհանձնվելու, սպայի կամային հատկանիշների մասին է: Սարգիս Ստեփանյանի կենսագրությունը կյանքի, պայքարի ու առաջ շարժվելու մասին է: Նա 2014-ին մարտի դաշտում՝ ականի պայթյունից կորցրել է ոտքերն ու մեկ ձեռքը, բայց կարողացել է ոտքի կանգնել ու հիմա էլ օգնում է մյուսներին՝ ընթերցողներին պատմում է Սարգիս Ստեփանյանը. «Չեմ կոտրվել, գիտակցել եմ ինչ է ինձ հետ կատարվում և գիտակցել եմ, որ պետք է ապրեմ: Ապրում եմ հայ սպային արժանապատիվ, և փորձում եմ՝ իմ գործով ու առաքելությամբ արժանի լինել իմ ժողովրդին»:

 

«Բազկամարդը» մոտիվացիոն ձեռնարկ է հաշմանդամություն ունեցող անձանց և բոլոր նրանց համար, ովքեր սեփական ուժերին հավատալու և առաջ շարժվելու դժվար փուլում են: Գրքում և ֆիլմում Սարգիսն իր կենսագրությամբ է ապացուցում, որ անհնարին ոչինչ չկա, որ հանձնվելն ուժեղների համար չէ: Սարգսի անհավատալի ուժի մասին գրի է առել ռազմական լրագրող Դավիթ Դավթյանը. «Մարդը կարողանում է անել ավելին, քան հաշմանդամություն չունեցողները։ Մեր ամբողջ ուղերձը հենց դա է՝ ոտքի կանգնիր: Գիրքը հենց այդ մասին է»:

                                                                     

Չարենցավանցիները նվերներով ճանապարհեցին Սարգիս Ստեփանյանին, որը մեծ մրցույթին նախապատրաստվելու փուլում է: Մարտի 12-18-ը մեկնելու է Դուբայ՝ մասնակցելու միջազգային  մրցաշարի՝ գնդի հրում մարզաձևով: Պարաօլիմպիկ այս մարզաձևը նա մտադիր է բերել նաև Հայաստան:

Կարդացեք նաև