Հայաստան. Լինելիության լեգենդներ (ՖՈՏՈՇԱՐՔ)

March 12, 2016

«Հայաստան․ լինելիության լեգենդը» խորագրով ցուցահանդեսը Երևանն ու Մոսկվան ծրագրավորում էին երկու տարի։ Երեք օդանավերով Մոսկվա է բերվել հայկական մշակույթի 160 եզակի  ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարաններից և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանից»:

Բազմամարդ հերթում սպասող այցելուներին թանգարանի աշխատակիցները միանգամից ուղղորդում էին աջ՝ դեպի Հայաստան։

Ցուցասրահի՝ աշխարհահռչակ հայերի լուսանկարներով խորհրդանշական միջանցքն ուղեկցում է մ․թ․ա․ 9-րդ դար` Ուրարտական Թագավորություն։ Հնագույն ցուցանմուշների թվում են ուրարտական հուշարձանները`  սեպագիր արձանագրություններ, աստվածների բրոնզե  արձանիկներ, կերամիկական իրեր, զինատեսակներ:
Ցուցասրահի սրտում Հայոց պատմության Հելլենիստական շրջանն է։ Այն ներկայացված է  մ.թ.ա. 4-2-րդ դարերի  կոթողներով, որոնց թվում է Անահիտ աստվածուհու մարմարե արձանը:
Ու հենց այս սրահում այցելուների շրջանում առանձնանում էր մի կին։ Նա խոշորացույցով ու մանրակրկիտ զննում էր հայկական զարդանախշերն ու մենախոսում։
«Քառասուն տարի անց, նորից Հայաստանում եմ»,- հազիվ լսելի ձայնով ասաց տիկինն ու դարձավ դեպի ինձ։

Մոսկվաբնակ Տատյանա Չեստովան արվեստաբան է, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ։ Գրեթե կես դար առաջ նրան Երևան էր բերել մշակույթը։ Ուսանողական տարիներին հայկական արվեստը ուսումնասիրելը պարտադիր էր, ներառված էր ԲՈՒՀ-ի ավարտական ծրագրում։
Սկսեցինք երկուսով քայլել ցուցասրահում։ Տիկին Չեստովային անընդհատ հետաքրքրում էր՝ ինչպե՞ս բնութագրել «Լինելիության լեգենդը»:
Կինը շարունակ կրկնում էր՝ «ի՞նչ է հայերի մշակույթը: Կամու՞րջ: Եթե կամուրջ, ուրեմն հումանիստական: Բայց քիչ է: Գուցե սե՞ր: Այո, հայերիդ լինելիության լեգենդը սերն է․․․արի՛ ցուցահանդեսը վերանվանենք «դեպի սեր»։

Հելլենիստական շրջանի գլխավոր զարդը արծաթե գավաթն է։ Աշխարհում կա ընդամենը չորս նմանօրինակ գտածո։ Ցուցասրահի հյուսիսային հատվածում հայկական գորգագործությունն է։ Տաք ու վառ բնական գույները զարդարում են սրահի պատերը։
«Դեպի սեր» ճանապարհն ավարտվում է ժամանակակից Հայաստանում հայտնաբերված գտածոներով սրահում` ծիսակարգային սափորներ, կենդանակերպ կավե անոթներ ու քանդակներ են:

Հեղինակ` Ժիրայր Ոսկանյան


[gallery columns="9" size="large" ids="29812,29813,29814,29815,29816,29817,29818,29819,29820,29821,29822,29823,29824,29825,29826,29827,29828,29829,29830,29831,29832,29833,29834,29835,29836,29837,29838,29839,29840,29841,29843,29844,29847,29848,29849,29850,29851,29852,29853,29854,29855,29856"]