Becoming. Netflix-ը նկարահանել է փաստավավերագրական ֆիլմ Միշել Օբամայի մասին

April 30, 2020

«Becoming» ֆիլմը նկարահանվել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի ինքնակենսագրական համանուն գրքի հիման վրա։ Ֆիլմը ներկայացնում է Միշել Օբամայի կյանքի պատմությունը և փորձը, որը նա ստացել է 2018 թվականին, երբ իր «Becoming» գրքով շրջագայում էր աշխարհի 34 քաղաքներում, հանդիպում մարդկանց ու նրանց հետ ծավալուն զրույցներ ունենում։

«Այն ամիսները, որոնք ես անցկացրել եմ հանդիպումների և զրույցների մեջ, ինձ այն մտքին բերեցին, որ մեզ շատ բան է միավորում։ Մենք հավաքվում էինք և միմյանց պատմում մեր պատմությունների, վերապրումների և երազանքների մասին։ Մենք մտածում էինք անցյալի մասին և պատկերացնում էինք լավագույն ապագան։ Ես փայփայում եմ այդ հիշողությունները և զրուցակիցներիս հետ ունեցած կապը ավելին, քան երբևէ», - գրել է Միշել Օբաման:

«Becoming»-ը անձնական մանրամասներ է ներկայացում Միշել Օբամայի մասին, երբ մեծ փոփոխություններ էին ոչ միայն իր կյանքում, այլև ԱՄՆ-ում։ Դա այն ժամանակ էր,  երբ նա և իր ամուսինը հրաշալի տարիներ էին անցկացնում Սպիտակ տանը։

Ֆիլմի ռեժիսորը Նադյա Հալգրենն է։ 90 րոպե տևողությամբ ֆիլմի կեսը Միշել Օբամայի գրքի շրջագայության մասին է, իսկ մնացած 50 տոկոսում ներառված են շրջագայության ժամանակ կուլիսների հետևում արված հարցազրույցները Միշել Օբամայի և նրա ընկերների հետ։ Թրեյլերում կարելի է տեսնել այն հատվածը, որտեղ Միշել Օբաման Ֆիլադելֆիայում քննարկում է իր կյանքը մի երիտասարդ աղջկա հետ, որը ցանկանում է կյանքում նոր ձեռքբերումների հասնել։ The Hollywood Reporter-ի հաղորդմամբ, ֆիլմը ամիսներով գաղտնի էր պահվում։ Այն Netflix-ում կլինի մայիսի 6-ին։