«Գիրք սերն արարելու և այն վայելելու մասին»․ Արա Թադևոսյան

August 3, 2020

Երբ նոր էի սկսել զբաղվել լրագրությամբ, կենսաբանական գիտությունների դոկտոր ավագ հորաքույրս հաճախ էր ինձ ասում, որ պետք է անպայման գիրք գրեմ։ Ես էլ լուրջ չէի վերաբերվում, մտածում էի, «ինքը պրոֆեսոր է, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ, ես ինչի՞ մասին պիտի գրեմ»։

Երբ 2009 թվականին առաջին անգամ Իեն Գիլանին եւ Թոնի Այոմիին հրավիրեցինք Հայաստան, մտածեցի, որ պետք է գրել այդ այցի մասին։ Միասին ընդամենը երկու օր էինք անցկացրել, բայց դրանցում այնքան իրադարձություններ ու էմոցիաներ էին խտացել, որ հաստատ կարող էին ծավալուն հոդվածի կամ ակնարկի նյութ դառնալ։

Բայց Armenia Grateful 2 Rock/Rock Aid Armenia նախագիծը շարունակվեց։ 2010 թվականին կազմակերպեցինք Իեն Գիլանի փառահեղ համերգները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Գիլանը հյուրընկալվեց «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» ծրագրում, Գիլանը, Այոմին եւ ընկերները Լոնդոնում նոր երգ ձայնագրեցին։ 2011 թվականին լույս տեսավ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի համար նոր շենք կառուցելու նպատակով Գիլանի եւ Այոմիի կողմից ստեղծված WhoCares սուպերխմբի ձայնասկավառակը։ 2013 թվականին, երբ Գյումրիում բացվեց դպրոցի նոր շենքը, հասկացա, որ վերջին չորս տարվա ընթացքում այնքան անհավատալի բաներ են տեղի ունեցել, որ կարելի է գիրք գրել։

Ինչ-որ բաներ «բզբզում էի», սակայն գրքի վրա իսկապես սկսեցի աշխատել 2017 թվականի աշնանը. գրեցի մոտ 30 տոկոսը եւ թողեցի: Ժամանակ առ ժամանակ վերադառնում էի, նորից «բզբզում», բայց գործը առաջ չէր գնում։

2019-ին, երբ Երեւանում կազմակերպեցինք Rock Aid Armenia-ի 30-ամյակի հանդիսավոր երեկոն եւ նորից վայելեցինք Իեն Գիլանի եւ Թոնի Այոմիի ընկերակցությունը, պարզ էր, որ գիրքը չգրելու բոլոր «լեգիտիմ» պատճառաբանություններն արդեն սպառված են։

Այս տարվա հունվարին՝ Ամանորի տոներից անմիջապես հետո, հանկարծ հասկացա, որ եթե այդ ամիս գիրքը չավարտեմ, երբեք չեմ ավարտի: Մոտ երկու շաբաթ ամեն օր արթնանում էի ժամը 05:00-ին եւ երկու ժամ աշխատում գրքի վրա: Ու պարզվեց, որ շատ ավելի քիչ ժամանակ էր պետք գործն ավարտին հասցնելու համար, քան թվում էր: Միշտ այդպես է, չէ՞. հետաձգում, հետաձգում ենք, հետո բավական արագ գործն ավարտում ու անկեղծորեն զարմանում. «Փաստորեն, կարելի էր սենց արագ անել-վերջացնել»։

Երբ ձեռագիրը պատրաստ էր, ուղարկեցի Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանին։ Այս տողերը գրելիս հիշեցի, որ 2010 թվականի ապրիլին՝ նվագախմբի հետ Գիլանի համերգներից մոտ երկու շաբաթ անց, մեկնել էինք Վաշինգտոն՝ լուսաբանելու ՀՀ նախագահի մասնակցությունը Միջուկային անվտանգության գագաթնաժողովին։ Ինքնաթիռում Արտակի հետ կողք կողքի էինք նստած, մեզ մոտեցավ Սերժ Սարգսյանը, եւ բավականին երկար զրույցի բռնվեցինք։ Հենց այդ զրույցի ժամանակ նախագահն ասաց, որ կառավարությունը եւս միջոցներ կհատկացնի Գյումրիի դպրոցի վերակառուցման համար։

Արտակը ձեռագիրը հավանեց, բայց մի փոքր քաշվելով ասաց, որ որոշակի խմբագրական միջամտության կարիք կլինի: Ես էլ պատասխանեցի, որ հենց դրա համար եմ դիմել իրենց, որպեսզի թարմ հայացքով նայեն գրքին։ Արտակը եւ Գնել Նալբանդյանը գիրքն ավելի լավն են դարձրել՝ յուրահատուկ եւ հեղինակի համար ոչ ցավալի շտկումներ առաջարկելով: Ձեռագիրս այլ վերնագիր ուներ (այն մնաց որպես ենթավերնագիր), իսկ Արտակի առաջարկած «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» վերնագիրը ոչ միայն ավելի գրավիչ է, այլեւ շատ լավ է արտացոլում գրքի առանցքային կետերը:

Այս գիրքն ինձ համար իսկապես շատ կարեւոր նշանակություն ունի:

Այն անհնարինը հնարավոր դարձնելու մասին է։ Իմ եւ ընկերներիս մասին է։ Լիաթոք ապրումի եւ ամբողջական երջանկության մասին է, որը սկզբում անսովոր էր, բայց երբ բացահայտեցի, սովորեցի զգալ այն։ Սակայն այս գիրքը նախեւառաջ սիրո մասին է, որի շնորհիվ  «ճանապարհորդությունը» սկսվեց եւ այժմ էլ շարունակվում է՝ անհավանական շրջադարձերով, անսպասելի պատմություններով ու անմոռանալի արկածներով։

Ամեն սերունդ ունի իր կռիվն ու հերոսները, իր միֆերն ու առասպելները։ Ամեն սերունդ ունի նաեւ իր մեծ սերը, որն իր հետ տանում է տարիների ընթացքում։ Իմ սերնդի սերը գուցե ռոքն է։ Գուցե հավատն է քրտնաջան աշխատանքի նկատմամբ։ Ավելի քիչ՝ ցինիզմը, ավելի շատ՝ մարդասիրությունը։ Գուցե այդ ամենը։ Մեր սերնդին ոչնչով այլեւս չես զարմացնի ու չես վախեցնի։ Եվ օրվա վերջում, Արարատի գագաթին, համերգի ֆան-գոտում, ծննդատան սպասասրահում կամ հենց գրքի ավարտին հասկանում ես, որ ամեն ինչ պտտվում է տիեզերական պարզ բանաձեւի շուրջը՝ արարել ու ապրել սիրով։

Ես շատ եմ ցանկանում, որ դուք կարդաք այս գիրքը։ Այն կարող եք գտնել Երեւանի գրախանութներում կամ էլ պատվիրել այստեղ. newmag.am