[Անսիրտ Բարբարա] Ինչպես են կուբացիներին խաբելով բերում Երևան ու «քցում»

March 10, 2017

Այսօր հայտնի է դարձել մի անսովոր քրեական պատմության մասին, որի մանրամասները հրապարակել է Հայաստանի քննչական կոմիտեն: Զտելով ու մարդկային լեզվով թարգմանելով գրասենյակային մամուլի հաղորդագրությունը, ահա թե ինչ է պարզվել:
Այս պատմությունը սկսվում է Կուբայում: Կուբայի քաղաքացի Գոմեսը ծանոթանում է Բարբարա անունով մի կնոջ հետ, ով խոստանում է փողով կազմակերպել նրա ընտանիքի մշտական տեղափոխումը ԱՄՆ: Բարբարան ասում է, որ դա հնարավոր է անել Հայաստանում և դրա համար անհրաժեշտ է, որ ընտանիքը մեկնի Երևան:
Պայմանավորվածության համաձայն 6 հոգանոց ընտանիքը Հավանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանում է Հայաստան, որտեղ նրանց դիմավորում են իրենց համերկրացիները` Կուբայի երկու քաղաքացի: Հենց նրանց էլ Գոմեսը փոխանցում է  36.300 դոլար և 2.000 եվրո։
Դրանից հետո սակայն Բարբարան անհետանում է, կուբացի երկու համախոհները` նույնպես:
2016-ին Գոմեսը ստիպված դիմում է Հայաստանի իրավապահ մարմիններին: Արդեն 2017 փետրվարից գործով սկսում է զբաղվել ՀՀ քննչական կոմիտեն: Հայ իրավապահները արդեն պարզել են, թե ով է Բարբարան և ովքեր են հանցակիցները: Իրավապահներն ունեն հիմնավոր կասկածներ, որ սա Բարբարայի առաջին խարդախությունը չէ և կարող են լինել այլ տուժածներ:
Այժմ փնտրում են Բարբարային և նոր տուժածների: Գոմեսի ընտանիքի ճակատագրի մասին որևէ լրացուցիչ ինֆորմացիա չկա: