Մարկ Նշանեան. Բադիուն իր քաղաքական ուղղությունն է ստեղծել և դարձել ամենակարևոր փիլիսոփաներից մեկը (տեսանյութ)

August 31, 2021

20-րդ դարի անհանգստությունները, պատերազմները, ձեռքբերումներն ու կորուստները, գյուտերն ու պարտությունները մեկ գրքում հավաքել ու փիլիսոփայական տեսանկյունից վերլուծել է Ալան Բադիուն։ Մեր դարաշրջանի ֆրանսիացի ամենահայտնի փիլիսոփան աշխատությունում ներկայացնում է տարբեր դպրոցների մտածողների վերլուծությունները, համադրում ու հակադրում դրանք ու ամենակարևորը՝ լուրջ տեղ է հատկացնում նաև արվեստին։ Newmag-ը Բադիուի «Դարը» հրատարակել է «Գալուստ Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար» ծրագրով։ Այս առիթով զրուցել ենք գրքի հայերեն թարգմանության խմբագիր Մարկ Նշանեանի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այս տեքստում Մարկ Նշանեանի ուղիղ մեջբերումները շարադրված են արևելահայերեն։ Տեսանյութում կարող եք դիտել բանախոսի ուղիղ խոսքը՝ արևմտահայերենով։

Մարկ Նշանեանը համարում է, որ Բադիուի առաջին մեծ հատկանիշը Լուի Պիեր Ալտյուսերի աշակերտ լինելն է։ Դրանով հանդերձ Բադիուն իր քաղաքական ուղղությունն է ստեղծել և դարձել է ամենակարևոր փիլիսոփաներից մեկը. «Այդ նույն տարիներին Ալտյուսերի աշակերտն էր, նույն դպրոցում կար նաև Լաքան՝ Ժակ Լաքան, որը հոգեվերլուծող էր, Ֆրոյդի շարունակող և վերակենդանացնող, և Բադիուն շատ է ազդվել նրա ուսուցումից ու բառապաշարից։ Այս գրքի մեջ ամբողջությամբ կա Լաքանյան բառապաշար, որ դժվար է թարգմանել»։

Բադիուն մարքսիստ փիլիսոփա է, որը ժամանակին եղել է այդ ուղղությանը հարող տարբեր քաղաքական խմբերում։ Խորհրդային միության փլուզումից հետո մարքսիզմի գաղափարախոսները ծանր վիճակում հայտնվեցին, որովհետև բոլորի աչքի առաջ փլուզվեց այդ գաղափարախոսության մարմնացումը՝ ընդգծում է Մարկ Նշանեանը. «Մեր աչքի առջև տեղի ունեցավ 20-րդ դարի փլուզում. քաղաքական երևույթների, փիլիսոփայական այն ուղղությունների հետ, որոնք կապ ունեին մարքսիզմի հետ, ու նաև հենց Բադիուի, կարիք եղավ վերարժևորելու»։

Մարկ Նշանեանը նկատում է, որ Բադիուն նույնիսկ ինչ որ շրջան եղել է մաոիզմի հետևորդ։ Մաոիզմը մարքսիզմ-լենինիզմի չինական տարբերակն է, որը պրոլետարիատի փոխարեն հեղափոխական ավանգարդ էր համարում գյուղացիությանը. «Այո՛, մաոիստ էր և այս գրքում նա Մաո է մեջբերում՝ առանց քննադատելու։ Շատ դրական ձևով, ինձ համար մի քիչ տարօրինակ է նաև»։

Նշանեանի կարծիքով այս գրքի ամենակարևոր հատկանիշներից մեկը արվեստին կարևոր դեր հատկացնելն է։ «Դարը» Բադիուն սկսում է ռուս բանաստեղծ Մալդելշտամի 1933-ին գրած բանաստեղծությամբ։ Նշանեանը հատկապես կարևոր է համարում գրքի վերջին գլուխը։ Նա խորհուրդ է տալիս աշխատության ընթերցումը սկսել վերջից. «Վերջին գլուխը պետք է կարդալ առաջին հերթին։ Քաղաքական Բադիուն է՛լ չկա։ Այստեղ երկու փիլիսոփա՝ Սարտրն ու Ֆուկոն իրար կողք կողքի են։ Մեկը արմատական հումանիզմի, մյուսն էլ արմատական հակահումանիզմի կրողը։ Տարօրինակ կերպով Սարտրին Բադիուն կենդանություն է տալիս։ Ինձ համար ամենակարևորը սա է։ Սարտրն ու Ֆուկոն հակադիր են մտածողությամբ, բայց մի տեղում հանդիպում են»։

Մարկ Նշանեանը համարում է, որ Բադիուի լեզուն չափազանց խրթին է՝ շատ ավելի դժվարընկալելի, քան մյուս փիլիսոփաների լեզուն։ Բացի այդ՝ լեզուն խոսակցական է, քանի որ գիրքը դասախոսությունների հիմնա վրա է գրված. «Վերջերս մի քանի փիլիսոփայական գրքեր թարգմանեցինք, դժվարություն չեմ ունեցել, հայերենը դժվարություն չունի փիլիսոփայություն թարգմանելու հարցում։ Բայց Բադիուն շատ դժվար է և բացատրեմ՝ ինչու։ Առաջինը, որովհետև լաքանյան, հոգեվերլուծական բառապաշար է գործածում, երկրորդ՝  օգտագործել է  դասախոսությունների խոսակցական լեզուն»։

Կարդացեք նաև

Մարկ Նշանեանի պնդմամբ՝ այս խնդիրը հնարավոր է եղել հաղթահարել թարգմանչի հետ գործակցությամբ։ Նրանք օգտագործել են արևմտահայերենի և արևելահայերենի ընձեռած հնարավորությունները և կարողացել են փիլիսոփայական բարդ տերմինները դարձնել հայերեն։