[Բացառիկ] Սյունե Սևադայի հարցազրույցը Ալեքս Մայքլիդիսի հետ

September 24, 2021

2021-ին Newmag-ն առաջին անգամ հայերեն հրատարակեց թրիլլերի ժանրում ամենապոպուլյար գրողի՝ Ալեքս Մայքլիդիսի երկու գրքերը: Այս պահին ամբողջ աշխարհում «Լռակյաց հիվանդը» և «Կույսերը» ամենաընթերցվող գրքերն են՝ New York Times-ի գեղարվեստական բեսթսելլերների առաջին հորիզոնականներում են, ամենավաճառվածն են Amazon-ում: Գրելու մոտիվացիայի, իր գործերում հունական դիցաբանությանը հաճախ անդրադառնալու, բեսթելլերների առավելության, ընթերցողների հետ շփումների, անձնական կյանքի ու հայերի հետ շփումների մասին Ալեքս Մայքլիդիսի հետ գրող զրուցել է Սյունե Սևադան։ Ձեզ ենք ներկայացնում բացառիկ հարցազրույցը:

Ալեքս Մայքլիդիսի հետ հարցազրույցն անսպասելի էր, պարտավորեցնող ու շատ հաճելի։ Զրույցի ընթացքում բացահայտեցի մարդու, որը բազմակողմանի է, հետաքրքիր ու շատ յուրօրինակ՝ իր իսկ գրքերի պես։ «Լռակյաց հիվանդը» և «Կույսերը» գրքերի հեղինակ, համաշխարհային բեսթսելեր գրող Մայքլիդիսը խոսել է իր գրական փորձառության, համաշխարհային ճանաչման, իր ներսի դևերի ու իհարկե՝ հայերի մասին։

-Ալեքս, առհասարակ, ամեն գրող գրելու հիմքում որևէ նպատակ է դնում։ Մեկը փորձում է իր գրքերով աշխարհն ավելի լավը դարձնել, մյուսը՝ բարձրաձայնել հանրույթի խնդիրները, երրորդը կարևորում է հոգևոր արժեքները և այլն։ Ո՞րն է գրելու Ձեր «գլոբալ» մոտիվացիան։

-Ամեն ինչ շատ պարզ է. իմ նպատակը մարդկանց զբաղեցնելն է: Ես չունեմ գեղարվեստական կամ քաղաքական մեծ գրող լինելու հավակնություններ: Բայց դետեկտիվ պատմությունների և պոպուլյար ժամանցի մեծ սիրահար եմ: Միակ բանը, որին ես երբևէ ցանկացել եմ հասնել որպես գրող, մարդկանց հաճույք պատճառելն է: Դա է իմ միակ նպատակը:

-Դուք սառնասրտորեն արտաքին «պատշաճ» կաղապարի տակից մերկացնում, դուրս եք բերում ծպտյալ մարդասպանների, հանցագործների, որոնք արտաքուստ հասարակության հարգելի անդամներից են։ Այս երկակիությունը տարբեր չափաբաժիններով իրականում մեր ժամանակների ողբերգությունն է։ Ինչ եք կարծում, ի՞նչն է նպաստում մարդկանց «բազում դեմքեր» ունեցող ու հաճախ կեղծ կյանքին։

-Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ ինչ -որ չափով դիմակ է կրում: «Կույսերի» կամ «Լռակյաց հիվանդի» նման գրքերում միշտ երկու պատմություն կա. մեկն ակներև է, իսկ մյուսը դրա հետևում թաքնված իրական պատմությունն է: Կարծում եմ՝ բոլորիս էլ հետաքրքրում են մարդասպանները և ծայրահեղ սոցիոպաթիան, քանի որ ի բնե բոլորս էլ ընդունակ ենք ծայրահեղությունների:

-Դուք Ձեր գրքերում հունական դիցաբանությանը մեծ տեղ եք տալիս ու այն ավելի է շքեղանում, անգամ երբ սյուժեն դաժանագույն մարդասպանության է տանում։ Սովորաբար դիցաբանությանը ժամանակակից կյանքում դիմում են այն ստեղծող ազգին մեծարելու, ավանդույթներն ընդգծելու համար։ Դուք նույնն եք անում՝ բոլորովին այլ կողմից մատուցելով այն։ Ինչպիսի՞ն են արձագանքները Հունաստանում։ Հայաստանի ընթերցողների անունից կարող եմ ասել՝ շատերը, շնորհիվ Ձեր գրքերի, սկսել են հունական դիցաբանություն ուսումնասիրել։

-Կարծում եմ՝ դիցաբանությունը, մասնավորապես հունական ողբերգությունը, շատ ընդհանրություններ ունի դետեկտիվ պատմությունների հետ: Երկու դեպքում էլ առեղծվածը լուծելու համար հետաքննություն է իրականացվում, և ի վերջո ճշմարտությունը բացահայտվում է: Հունական առասպելներում ինձ գրավում է այն, թե որքան արդիական են դրանք: Ես մեծացել եմ Կիպրոսում ու վաղ հասակից դիցաբանություն եմ ուսումնասիրել, և այժմ հունական առասպելները ժամանակակից հոգեբանության տեսանկյունից վերապատմելու իրական միտում կա: Կարծում եմ, որ Հունաստանում մարդիկ ավելի շատ են սովոր դրան, քան այլուր և, թերևս, այնքան էլ չեն զարմանում, որ այդ առասպելներն այդքան ճշմարտանման են: Դրանք հավերժ են:

-Ձեր գլխավոր հերոսների չստացված, ողբերգական ճակատագրերի հիմքում ընթերցողը գտնում է մանկությունից ու սոցիումից արմատավորված խնդիրներ, որոնք ի վերջո դառնում են ճակատագրական իրենց համար, սա հատկապես նկատելի էր Ձեր «Կույսերը» գրքում։ Ի՞նչ ելքեր խորհուրդ կտաք նման դեպքերի համար, որտե՞ղ է ինքդ քո «ներսի դևերի» հետ հաշտվելու ու ավելի լավը դառնալու կետը։

-Կարծում եմ, որ մեր՝ որպես անհատ ձևավորվելու մեջ, մանկությունը մեծ դեր ունի: Մանկական տրավմաները հաղթահարելու միակ տարբերակը դրանք խորապես ուսումնասիրելն է: Հոգեվերլուծաբան Ալիս Միլլերը, որին ես մեջբերում եմ երկու գրքերում էլ, միշտ ասում էր, որ մենք ոչ միայն պետք է հասկանանք, թե ինչ է պատահել մեզ հետ մանկության տարիներին, այլև թե ինչ է տեղի ունեցել մեր ծնողների հետ, երբ նրանք դեռ երեխաներ էին: Միայն այդ դեպքում կարող ենք ազատվել մեր մանկության անգիտակցական կրկնությունից, որը, ցավոք, այդքան հաճախ է տեղի ունենում:

-Գրելու պրոցեսում ի՞նչն է Ձեզ լիցքավորում, ինչն է շատ էներգիա տանում։ Ձեր հերոսների հետ ծնվում եք, մեռնում, թե՞ կարողանում եք նրանց նայել որպես «գործընկերների»։

-Իմ ստեղծած կերպարներն իմ տարբեր կողմերն են: Ամեն դեպքում, մինչև այժմ այդպես է եղել: Ես չէի կարողանա կերպար հորինել, եթե նա չլիներ իմ ուղեղի և զգացմունքների գոնե մի մասը: Այնպես որ, փորձում եմ մարդկային իրական հոգեբանությունը կիրառել թրիլլերային սյուժեում: Ես դրանից շատ եմ ոգևորվում:

-Բեսթսելեր լինելու առավելությունները որո՞նք են։ Շատ գրողներ ասում են՝ ավելորդ լարվածություն է ստեղծում, որովհետև ամեն գրքով պիտի գերազանցես ինքդ քեզ ու նաև ապացուցես, որ նախորդ հաջողությունդ պատահական չէր։ Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը։

-Բնականաբար հիանալի է սկսնակ գրողից հաջողակ գրող դառնալը: Ձախողվելու վախը միշտ կա, և հաջողության հասնելուց հետո այն պարադոքսալ կերպով աճել է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ գրում ես միայն ինքդ քեզ հաճույք պատճառելու համար, և շարունակում եմ փորձել գրել այնպիսի պատմություն, որից ինքս հաճույք կստանամ՝ հուսալով, որ կլինեն մարդիկ, որոնք նույնպես կվայելեն այն:

-Ընթերցողների հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք, շփումը ո՞նց եք կառուցում։ Գուցե ինչ-որ հետաքրքիր պատմությո՞ւն հիշեք։

-Գրքերիս հաջողության հետ կապված ամենալավ բանն իմ աշխարհի ընդլայնումն էր: Նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, որոնք ամեն օր կապ են հաստատում ինձ հետ Ինստագրամի միջոցով, գրում են ինձ՝ ասելով, որ կարդացել են իմ գրքերը և դրանցից հուզվել կամ ազդվել են: Դա անհավատալի զգացում է, և ինձ երջանկություն է պարգևում: Ամենաշատը սիրում եմ նամակներ ստանալ այն մարդկանցից, որոնք վատառողջ են և նշում են, որ իմ գրքերը նրանց հաճույք են պարգևել ու մի քանի ժամ կտրել իրականությունից: Այդ զգացումը ոչնչի հետ չես համեմատի:

-Մամուլը, հատկապես դեղինը, հաճախ է փորձում մտնել հանրահայտ մարդկանց, այդ թվում՝ գրողների անձնական կյանք. կարողանո՞ւմ եք պաշտպանել ձեր ամրոցը։

-Չեմ կարծում, որ այնքան հայտնի եմ, որ կարող եմ մեծ հետաքրքրություն առաջացնել: Ամեն դեպքում ես շատ փակ մարդ եմ: Չեմ սիրում իմ անձնական կյանքն ի ցույց դնել: Կարծում եմ, որ բոլոր գրողներն էլ բախվում են իրենց անձնական կյանքը գաղտնի պահելու և իրենց գործերը շուկա դուրս բերելու դժվարության հետ: Այս երկակիության մեջ երբեմն դժվար է կողմնորոշվել:

-Նշել եք, որ «Կույսերի» վրա մեծամասամբ աշխատել եք «լոքդաունի» ժամանակ։ Հուսանք մեր կյանքը վերջնականապես չի փոխվել, ու սովորական առօրյայում ի՞նչ նախադրյալներ են Ձեզ պետք՝ ակտիվ ստեղծագործելու համար։

-Կարծում եմ՝ միայնությունը շատ կարևոր է գրողի համար: Շատ կարևոր է, որ ձեր գլխում այլ մարդկանց ձայներ չլինեն: Գրելու ընթացքում սիրում եմ խորհել, երկար զբոսանքների եմ գնում և փորձում եմ հնարավորին չափ «հունի» մեջ մնալ: Զվարճալի գործընթաց է: Այն մասամբ կախարդական է, իսկ մասամբ՝ ճարտարապետական:

-«Ալեքս Մայքլիդիսը համաշխարհային համբավ ունեցող բեսթսլեր հեղինակ է»։ Իսկ դրանից դուրս՝ ո՞վ է Ալեքսը։

-Այս պահին ես էլ եմ փորձում հասկանալ դա: Ճիշտ կլինի այդ մասին ավելի ուշ խոսենք…

-Իմ երկիրն ու ժողովուրդն էլ, Հունաստանի պես, երկրագնդի հնագույն բնակիչներից են ու միշտ բարեկամական հարաբերություններ են ունեցել Հունաստանի հետ։ Այսօր այդ ջերմությունը հասնո՞ւմ է Ձեզ, ճանաչո՞ւմ եք հայերի ու ինչպիսին են նրանք Ձեր աչքերով։

- Ես մեծացել եմ Կիպրոսում, որտեղ, վստահ եմ՝ գիտեք, հայերը մեծ թիվ են կազմում: Դպրոցական տարիներին և հետո բազմաթիվ հայ ընկերներ եմ ունեցել: Նրանք եղել են իմ ամենասիրելի մարդկանցից՝ կիրթ, զգայուն և շատ ջերմ: Կարծում եմ, որ այո, հույների և հայերի միջև շատ նմանություններ կան:
-Հայաստանը փոքր երկիր է, բայց գիրք սիրող ու այդ շուկայի նկատմամբ շատ զգայուն. Ձեզ սիրել, ընդունել են, Դուք այլևս մեր գրասեր հասարակության սիրելիներից եք։ Ինչ եք կարծում, որն է Ձեր առանձնահատկությունը, որ կարողանում եք փոքր ու մեծ երկրներում, շուկաներում տեղ գրավել։

-Երբ ես երիտասարդ գրող էի, փորձում էի գրել այնպիսի բաներ, որոնք կարող էին գրավել ամբողջ աշխարհին, բայց ի վերջո ոչ ոքի չէի գրավում: Ամերիկյան կինոինստիտուտում գրավոր խոսքի իմ ուսուցիչը միշտ ասում էր՝ պարադոքսալ է, բայց որքան անձնական է քո պատմությունը, այնքան շատ ես հետաքրքրում աշխարհին: Կարծում եմ՝ հենց դա է գաղտնիքը. փորձել լինել որքան հնարավոր է խորը և ճշմարտացի: Այդպես ավելի շատ մարդկանց ես հարազատ դառնում:

-Հայ ընթերցողները շատ ուրախ կլինեն Ձեզնից «ուղիղ խոսք» ստանալ։

-Ես ոգևորված եմ, որ իմ գրքերը հայտնի են Հայաստանում, և այնքան ուրախ եմ, որ դրանց հանդեպ հետաքրքրություն կա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ինձ աջակցելու համար և ասել, որ երախտապարտ եմ:


Հարցազրույցի թարգմանությունը՝  Լիանա Զաքարյանի