Newmag-ը ներկայացնում է 10 փաստ Սաթի Սպիվակովայի մասին (լուսանկարներ, տեսանյութ)

July 19, 2022

2022-ի հունիսին Newmag-ը ներկայացրեց Սաթի Սպիվակովայի «Իրական դասական» գիրքը: Հատուկ շնորհանդեսի համար «Տեֆիի» մրցանակակիր, թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սպիվակովան համավարակի ընթացքում մեկ ժողովածուում փորձեց հավաքել տարբեր տարիների իր զրույցները: Հարյուրավոր հարցազրույցների ծաղկաքաղից գրքում ընդգրկել է մի քանի տասնյակը: Իր զրուցակիցների պես Սպիվակովան անցել է ստեղծագործական յուրահատուկ ճանապարհ. ամենավառ դրվագները մեկտեղել ենք մեկ տեսաշարում:

1. Դերասանուհի Սաթի Սպիվակովան՝ Սաթենիկ Սահակյանցը, ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Հայրը ջութակահար Զարեհ Սահակյանցն է, մայրը՝ դաշնակահարուհի Աիդա Ավետիսովան։

2. Մանկուց արվեստով շրջապատված աղջիկը չէր կարող այլ ուղղություն ընտրել։ Երաժիշտ չդարձավ, ընտրեց դերասանի մասնագիտությունը։ Սաթի Սպիվակովան ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտը։

 

3. Առաջին անգամ կինոէկրանին հայտնվել է 1980 թվականին՝ 18 տարեկանում և միանգամից գլխավոր դերով։ Առաջին ֆիլմը «Լիրիկական երթ» դրաման էր։

4. 1992-ին Սաթի Սպիվակովան ավարտել է Սորբոնի համալսարանը, որտեղ լեզվագիտություն և Ֆրանսիայի պատմություն է սովորել:

                                                   

5. Մասնագիտական կարիերայում դադար վերցրած Սպիվակովան 2000 թվականից ի վեր հեղինակել և վարել է բազմաթիվ հաղորդաշարեր՝ «Սաթի Սպիվակովա. իմ պատմությունները», «Սաթի», «Կամերտոն», «Ոչ ձանձրալի դասականը»…

 

6. 2002 թվականին լույս է տեսել Սպիվակովայի առաջին՝ «Ոչ ամենը» գիրքը։

7. Մշակույթի ոլորտում մեծ ներդրման համար 2013-ին Սպիվակովան ստացել է բարեկամության շքանշան։

8. 2017 թվականին արժանացել է հեղինակավոր «ՏԵՖԻ» մրցանակի։ Նույն թվականին հայտնվել է «GQ» ամսագրի վարկանիշով Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։

9. Թատերական բեմում Սաթի Սպիվակովան առաջին անգամ հայտնվել է 2014-ին, Անրի Բարբյուսի «Քնքշություն» պիեսում։

10. Սաթի Սպիվակովան դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինն է։ Զույգն ունի երեք դուստր։