Ֆրանսիայի դեսպանատունը վերսկսել է մշակութային միջոցառումները (տեսանյութ)

January 27, 2021

Հայաստանում ֆրանսիայի դեսպանատունը վերսկսել է մշակութային միջոցառումները, որոնք տարիներ շարունակ մեծ ուշադրության են արժանացել մեր արվեստասեր հասարակության կողմից: Եվ ահա այս տարի առաջինն այս շարքում հայ հանրությանը ներկայացվեց ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի Հրանտ Դինքի հիշատակին նվիրված «Ակոս» վեպը հայերեն թարգմանությամբ՝ հեղինակի մասնակցությամբ: Գիրքը թարգմանվել և տպագրվել է Newmag հրատարակչության կողմից:

Երեկ երեկոյան էլ Ֆրանսիայի դեսպանատունը Մոսկվա կինոթատրոնում կազմակերպել էր ֆրանսահայ անվանի դերասան, ռեժիսոր Սերժ Ավեդիքյանի «Վերադարձ Սոլոզ» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը, որին ներկա էր նաև ֆրանսիացի գրող Վալերի Մանտոն՝ «Ակոս» վեպի հեղինակը:

«Իր նախորդ ֆիլմում, որտեղ նա այցելել էր իր ծնողների գյուղը Թուրքիայում, շատ գեղեցիկ ֆիլմ էր: Իմ գիրքն էլ նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին, և սա, ինչպես նաև իմ գիրքը, կարմիր թելով անցնում է հենց Հրանտ Դինքի պատմությունը, և դա այն ընդհանուր բանն է, որ լինելու է և՛ ֆիլմում, և՛ գրքում: Ես իմ գրքում ներկայացնում եմ իմ հերոսին, որը մեկ տարի ապրում է Թուրքիայում և այն մարդկանց, ում ես ներկայացնում եմ գրքում, մարդիկ են, որոնք պայքարում են Էրդողանի կառավարության դեմ: Դա այն մարդկանց մասին է, ովքեր փորձում են ավելի լավ կյանքով ապրել, փորձում են պրոգրես ունենալ իրենց հասարակությունում: Դա հասարակության այն զանգվածն է, որն ուզում է խաղաղություն իր երկրում», - նշեց Վալերի Մանտոն:

Ուշագրավ է, որ թե՛ ֆիլմը, թե՛ գիրքը ներկայացնում են ժամանակակից թուրքական հասարակության և թուրքական կառավարության հակամետ տեսակետները ազգային փոքրամասնությունների՝ այդ թվում և հայերի պատմամշակութային արժեքների, ինքնության և անցած պատմական ուղու վերաբերյալ: Ինչպես ընդգծում է Սերժ Ավեդիքյանը իր պապենական գյուղը՝ Ստամբուլից մոտ 200 կմ հեռավորության վրա գտնվող Սոլոզ կոչվող գյուղը վերջին երեք տասնամյակներում 4 անգամ այցելությունից հետո ինքը համոզվել է, որ 1923 թվականին գյուղը հայերից վերջնականապես մաքրելուց հետո թուրքական կառավարությունն արել է ամեն ինչ այնտեղից հայկական հետքը վերացնելու համար:

«Սոլոզի Ամենահուզիչ բանն այն է, որ գերեզմանաքարերը քանդակված են պոեմներով: Ես ուզում էի դա փրկել, որովհետև կարծում եմ, որ դա յուրահատուկ մի բան է, որ գերեզմանաքարերը միայն անուն-ազգանուն և թիվ չէ, պոեմներ են լրիվ: Չկարողացա, որովհետև ամեն իմ այցից հետո հակապրոդուկտիվ քայլեր էր արվել ոչ թե բնակիչների կողմից այլ կառավարության կողմից՝ վերացնելու համար այդ գերեզմանաքարերը», - ներկայացրեց Ավեդիքյանը: