Հայաստանի բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները կթեստավորվեն. Պատմում ենք՝ ինչու և ինչպես

March 1, 2017

Մարտ-ապրիլ ամիսները քաղաքական գործիչներից բացի, թեժ կլինեն նաև մանկաբարձ-գինեկոլոգների համար:  

Ինչո՞ւ


Ծննդօգնության որակը բարելավելու և մայրական մահացության ցուցանիշը կրճատելու համար ստացիոնար բուժհաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգները  կթեստավորվեն: Նրանք պարտավոր են անցնել տեստ և պատասխանել 40 հարցի` նվազագույնը 36 ճիշտ պատասխանով: Միայն հարցերի 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում մանկաբարձ-գինեկոլոգը կշարունակի աշխատանքը: Տեստը չհանձնելու կամ նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում բժիշկը, ստիպված կլինի նորից անցնել մասնագիտական թեստավորումը 3 ամիս անց:





Գործընթացն առավել օբյեկտիվ ու թափանցիկ իրականացնելու համար բժիշկների մասնագիտական որակները կստուգվեն էլեկտրոնային եղանակով: Արդեն կազմվել է գիտելիքների գնահատման 200 թեստով էլեկտրոնային բազա և համակարգչային ծրագիր:

Ինչպե՞ս


Թեստավորվող 471 մանկաբարձ-գինեկոլոգները (որից 213-ը` մարզերից) գրավոր պետք է պատասխանեն ծրագրի  միջոցով ընտրված պատահական 40 հարցի։ Մասնագիտական թեստավորումը կսկսվի մարտի 15-ից:
Հինգ անդամից կազմված հանձնաժողովը, Վերատադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում առանձնացված և տեխնիկապես հագեցած սենյակում, օրական կթեստավորի 10 մանկաբարձ-գինեկոլոգի: Թեստավորվողը հարցերի պատասխանները կլրացնի գնահատման թերթիկում, որը կվավերացվի իր և հանձնաժողովի անդամների ստորագրություններով: Այնուհետև մասնագիտական թետավորում անցնող բժշկի պատասխանները կհամեմատվեն ճիշտ պատասխանների հետ ու աշխատանքը  կգնահատվի: Թեստավորման ամբողջ ընթացքը կտեսանկարահանվի։