Համաշխարհային մամուլը քննարկում է Միշել Օբամային. այս անգամ նրա մասնակցությամբ ֆիլմը

May 11, 2020

Միշել Օբամայի «Becoming. Իմ պատմությունը» գրքի հրատարակվելուց 2 տարի անց նրա թիմը, գործակցելով Netflix-ի հետ, ներկայացրեց համանուն վավերագրական ֆիլմը։ Ու ինչպես պատահում է Օբամաների հետ, դարձավ մամուլի թիվ մեկ թեման։

 «Becoming» ֆիլմի մեծ մասը նկարահանվել է այն ժամանակ, երբ Միշել Օբաման հանդիպում էր ընթերցողների հետ՝ գովազդելով իր գիրքը։ 90 րոպե տևողությամբ ֆիլմի կեսը Միշել Օբամայի գրքի շրջագայության մասին է: Մյուս հատվածում՝ կուլիսային հարցազրույցներ են ու պատմություններ:

Բայց այստեղ արտասովորն այն է, որ գրքի շնորհանդեսները տեղի էին ունենում ոչ թե գրախանութներում կամ մեծ սրահներում, այլ ամերիկյան խոշոր քաղաքների մարզադաշտերում կամ մարզահամերգային համալիրներում։ Օբամային տեսնելու և լսելու համար գալիս էին հազարավորներ։

Ավելին, ամեն անգամ Օբաման իր հանդիպումների համար ընտրել է ամերիկյան աստղի, որը կվարեր երեկոն և գրքի վերաբերյալ հարցեր կտան։ Այդ դերում եղել են Օփրա Ուինֆրին, Ռիզ Ուիզերսպունը և ուրիշներ։

Ֆիլմում Օբաման անկեղծորեն պատմում է իր մանկության, պատանեկության և Սպիտակ տան տարիների մասին։ Ահա թե ինչ կարելի է իմանալ այս ֆիլմից։ Հատվածները՝ ըստ Օբամայի հարցազրույցների.

Մանկությունը և ընտանիքը

Պետք է խոստովանես, թե ով ես դու, որպեսզի հավասարությունը հաղթի։ Ես նախկին առաջին տիկինն եմ, որի նախնիները ստրուկներ էին։ Իմ նախանախանախատատը ստրուկ էր։ Իմ պապը, որը տաղանդավոր մարդ էր, արժանավայել կարիերա չունեցավ, որովհետև նրան համալսարան չընդունեցին մաշկի գույնի պատճառով։

Մեր հայրը՝ Ֆրեյզեր Ռոբինսոնը, մեզ համար ասես Աստված լիներ։ Նա շուտ մահացավ, որովհետև ցրված սկլերոզ ուներ։ Նա մինչև վերջին պահը չէր հանձնվում։ Ես մինչև հիմա չեմ հաղթահարել նրան կորցնելու ցավը։ Ինձ հետ միշտ իմ ավագ եղբայր Քրեյգ Ռոբինսոնն է, չնայած ինձ երբեմն թվում է, որ մայրս իրեն ավելի շատ է սիրում, քան ինձ։

Աֆրոամերիկացիների հանդեպ վերաբերմունքը

Երբ երեխա էի, դպրոցի հոգեբանն ինձ ասաց, որ չեմ կարողանալու ընդունվել Փրինսթոնի համալսարան։ Այդ միտքն ինձ մինչև հիմա վիրավորում է։ Մաշկի գույնի պատճառով ինձ երբեք անտեսված չեմ զգացել, որովհետև ինձ այդպես են դաստիարակել ։ Միշտ հասկացել եմ, որ ես կարևոր եմ։ Ձեր հաջողությունը կախված է ոչ թե հասարակության հավասարությունից, այլ ձեզնից։

Բարաք Օբամայի հետ հարաբերությունները

Բարաքի հետ ծանոթացա, երբ իրավաբանական ընկերությունում խորհրդատու էի։ Նա զանգեց և լսափողից տաքությունը տվեց վրաս, այդպիսին էր նրա ձայնը։ Սկզբից նա շատ էր տարբերվում մյուս տղամարդկանցից։ Ես չէի ցանկանում նրա երազանքների խաղալիքը դառնալ, այլ ցանկանում էի լինել նրա լիարժեք զուգընկերը։ Այդ ցանկությունն ինձ ստիպում էր աշխատել և զարգանալ։ Երեխայի ծնվելուց հետո կյանքը փոխվեց։ Իմ նպատակները երկրորդ պլան մղվեցին։ Ես գնացի հոգեբանի մոտ։ Թերապիան օգնեց հասկանալ, որ իմ երջանկությունը կախված չէ նրանից, թե Բարաքը կցանկանա՞ ինձ երջանկացնել։

Սպիտակ տան կյանքը

Ուզում էի, որ Սպիտակ տունը դառնա հարմարավետ մի վայր, որտեղ կմեծանային իմ աղջիկները։ Չէի ցանկանում, որ նրանց սպասարկեն սմոքինգներով աֆրոամերիկացիները։ Մենք փոխեցինք Սպիտակ տան աշխատակիցների դրես-կոդը, երեխաներին թույլ տվեցինք խնջույքներ կազմակերպել։ Սպասավորներին խնդրեցի, որ երեխաներին կենցաղային  գործեր անել սովորեցնեն։

Երբ 2017-ին ընտանիքս հեռացավ Սպիտակ տնից, լաց եղա․ այդպես ազատվեցի այն լարվածությունից, որը 8 տարի ինձ խեղդում էր։ Երբ Բարաքը դարձավ նախագահ, մեր ամբողջ կյանքը փոխվեց, մենք դադարեցինք պատկանել ինքներս մեզ։ Չեմ կարոտում Սպիտակ տունը, հիմա նոր ուղղի ունեմ։

 

Քաղաքականությունը

2008 թվականի նախընտրական քարոզարշավը ծանր էր, մեզ վրա ցեխ էին շպրտում, մեր բառերը փոխում էին։ Դադարեցի հանպատրաստից խոսելը և սկսեցի օգտագործել միայն նախորոք գրված տեքստ։ Այդ ամենը ազդում էր մեզ վրա։

Շատերի համար մենք պրովոկացիայի առիթ էինք․ հիմա աֆրոամերիկացիների ընտանիքն ապրում է «իրենց» Սպիտակ տանը։ Մեզ սպառնացին, կրակեցին Սպիտակ տան վրա, ռասիստական հայտարարություններ էին նետում մեր ուղղությամբ։ Մարդիկ պատրաստ չէին մեզ ընդունել։

Ուշադրություն մի դարձրեք Թրամփի լոզունգների վրա, պարզապես շարունակեք սովորել և աշխատել։ Հասկանում եմ նրանց, ովքեր քվեարկեցին Թրամփի օգտին, բայց չեմ հասկանում նրանց, ովքեր ընդհանրապես չեկան քվեարկության։ Մարդիկ մինչև հիմա մտածում են, որ սա խաղ է։ Այն, որ մեր քաղաքացիները չգնացին ընտրության, ես դրանից տրավմա ստացա։

Ապագան

Ուզում եմ աշխատել երիտասարդների հետ, նրանց աջակցություն է պետք։ Ուզում եմ ինձնով զբաղվել։ Մենք լավ երկիր ունենք, հիանալի ժողովուրդ։ Հիմա խաչմերուկում կանգնած ենք և  յուրաքանչյուրս պետք է մտածի, թե ով ենք որպես ազգ։ Հուսով եմ, որ մարդիկ լավագույնի սպասումով են իրենց և ապագա սերնդի համար։