Տիգրան Հայրապետյան. Հայաստանը պետք է ինքնաբուխ ու միապաղաղ հարաբերություններ չհաստատի բոլոր երկրների հետ (տեսանյութ)

October 27, 2022

Սառը պատերազմից հետո ԱՄՆ-ն շարունակեց ձգտել համընդհանուր գերիշխանության։ Տիգրան Հայրապետյանը համարում էր, որ այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտներն են՝ Ռուսաստանը, Միջին Արևելքը և Մեծ Բրիտանիան: Ըստ նրա, թեև պայքարը բոլոր երեքի դեմ խիստ փոխկապակցված է, սակայն Հայաստանի համար առավել կարևոր են երկու ճակատները՝ Ռուսաստանը և Միջին Արևելքը: Այս մասին քաղաքագետը գրում է իր «Երրորդ աշխարհամարտի մատույցներում»գրքում: Նա իր 2-րդ գքրում կանխատեսում է այն ամենն, ինչ տեղի է ունենում Հայաստանում և աշխարհում:

Թուրքիային ԱՄՆ-ն օգտագործում է ռուսական և իսլամական ճակատներում հաջողություն ապահովելու համար: Դրա հետևանքով Թուրքիան խախտում է ազգային անվտանգության նպատակով դարասկզբին դրված արգելքները և անխուսափելիորեն հարվածի տակ է ընկնում: Տիգրան Հայրապետյանը նկատի ունի Վիլսոնի ծրագիրը, որով Անատոլիայում և ընդհանրապես Միջին Արևելքում սահմանների խնդիրը բաց է մնում. «Սեփական ուժի նկատմամբ ինքնավստահությունն ու ազգայնականության ալիքը, հաճախ նաև իշխանությունների կամքին հակառակ, Թուրքիային վերադարձնում են կայսրության լուսապսակը, ինչը որքան էլ գայթակղիչ է և շոյում է որոշակի շրջանակների փառասիրությունը, նույնքան էլ վտանգավոր է հեռանկարի առումով»:

Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններից տասնամյակներ անց Թուրքիան ավելի շատ դուրս եկավ իր Աթաթուրքի գծած սահմաններից՝ Սիրիա, Աֆրիկա, Հարավային Կովկաս։ Դրանով ավելի ու ավելի է վտանգվում թուրքական պետությունը։ Իսկ ինչ է նշանակում սա Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Պետք է ուրախանա՞լ, թե զգուշանալ՝ այս մասին գրքում գրում է Հայրապետյանը. «Առաջին հերթին՝ նորանոր ծանր և պատասխանատու փորձություններ: Մեր ազգային հիմնահարցերը եղել և մնում են տարբեր հարթություններում, տարբեր նպատակների ծառայեցմանը ենթակա գործոններ: Մեզ հատկացված դերի և պահանջվող գործողությունների որևէ ուղղագիծ և սոսկ ենթակայական ընկալում կարող է հերթական անգամ ճակատագրական լինել մեր պետության և ժողովրդի համար»:

                                                           

Հայրապետյանը նկատում է, որ ինչ որ պահ անխուսափելի է լինելու Թուրքիա-Ռուսաստան Բախումը։ Ռուսաստանը, որ այս չճանաչված միավորների միջոցով վերահսկում է իրավիճակը նախկին ԽՍՀՄ տարածքում, կոնֆլիկտների խոշորացման քաղաքականության հետևանքով կարող է ներքաշվել երրորդական կարգի մեծ պատերազմների մեջ, ինչը հակասում է եվրասիականության տեսության էությանը. «Պատերազմները, որ Ռուսաստանը ստիպված կլինի վարել, կընթանան այն երկրների դեմ, որոնք, համաձայն եվրասիական աշխարհաքաղաքականության, գլոբալ դիմակայության դեպքում պետք է հանդես գան Ռուսաստանի հետ միևնույն խրամատում»:

Ռուս Թուրքական պատերազմը ևս՝ կործանանար կարող է լինել Հայաստանի համար։ Ո՞րն է լուծումը։ Տիգրան Հայրապետյանը տարօրինակ է համարում Հայաստանի արտաքաին քաղաքականությունը՝ Մեծերի բարեգթությունն ընդունելով իբրև բավարարող փաստարկ։ Նա վստահ է, որ բարեգթությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում են քաղաքականությունն ու կենսական շահերը. «Պատերազմից դեռ ոչ ոք չի խուսափել, բայց պատվով է դուրս եկել միայն նա, ով հասկացել է պատերազմի էությունը և հավերժական արժեքները չի նենգափոխել կռվողի բարոյականության հետ»:

Հայրապետյանը «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքում պնդում է, որ Հայաստանը պետք է ինքնաբուխ ու միապաղաղ հարաբերություններ չհաստատի բոլոր երկրների հետ, այլ պետք է առաջադրի խնդիրներ։ Պետք է օգտագործի ճակատագրի ընձեռած բացառիկ հնարավորությունը և ստեղծի արժեքներ կրող ժողովուրդ ու պետություն։ Հակառակ դեպքում տասնամյակներ շարունակ անպտուղ անապատում կթափառենք՝ երազների մեջ որոնելով այն ավետյաց երկիրը, որը կարող էինք ունենալ, բայց չունեցանք:

Կարդացեք նաև