ՀՀ-ում վաճառքում կլինի ֆուտբոլային գերաստղ Լիոնել Մեսսի մասին պատմող բեստսելերը՝ հայերենով

January 29, 2020

Հայաստանում վաճառքում կլինի կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի աստղ Լիոնել Մեսսի մասին պատմող գիրքը: Այն կոչվում է «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը»: Հեղինակն իտալացի մարզական լրագրող, ֆուտբոլային բեստսելերների հեղինակ Լուկա Կայոլին է: 2018-ի սեպտեմբերի Newmag հրատարակչությունն ընթերցասերներին էր հանձնել ֆուտբոլային մեկ այլ գերաաստղի՝ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, այժմ «Յուվենտուսում» հանդես եկող Կրիշտիանու Ռոնալդուի մասին նույն հեղինակի աշխատանքը: Հրատարակչությունը խոստացել էր, որ հաջորդը լինելու է Մեսսիի մասին պատմող գիրքը, եւ երեկ՝ հունվարի 30-ին, տեղի ունեցավ դրա հայերեն թարգմանության շնորհանդեսը: Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը ներողություն խնդրեց ուշացնելու համար:

«Ներուղություն եմ խնդրում Մեսսիի երկրպագուներից գիրքն ուշացնելու համար: Մենք Ռոնալդուի գրքի շնորհանդեսի ժամանակ մի քիչ գլուխգովան գտնվեցինք, ասացինք՝ 3 ամիս հետո պատրաստ է: Ավելի երկար տեւեց: Պատճառներից մեկն այն է, որ գիրքը շատ հաստափոր է՝ 560 էջ: Երբ Գնելին (խմբ. թարգմանության խմբագիր Գնել Նալբանդյան) ասացի, որ 560 էջ է՝ ասաց դա Մեսսիի՞ մասին է, թե Մեսիայի (կատակում է): 2-րդ պատճառն է, որ մենք անընդհատ բարդույթավորվում էինք, թե մարդիկ, որոնք ֆուտբոլից տեղյակ չեն, այս բառը կհասկանան, թե՝ չէ, եւ այդ պատճառով ամեն ինչ ծանոթագրում էինք: Արդյունքում ունենք 560 էջ եւ 234 ծանոթագրություն: 3-րդ՝ ամենակարեւոր, պատճառը՝ մենք գիտենք, թե Մեսսիի երկրպագուները որքան բծախնդիր են եւ, անկեղծ ասած, կաշկանդված ենք նրանց քննադատությունից: Դրա համար գիրքն ամբողջ թիմը կարդացել է: Հիմնական խնդիրն էր գտնել բոլոր սխալները: Հուսով՝ եմ սխալներ չեն լինի: Եթե լինեն, խնդրում եմ՝ անպայման տեղյակ պահել, բայց մի խայտառակեք (կատակում է)»,- ասաց նա:

Անգլերենից հայերեն թարգմանության հեղինակը Լիանա Զաքարյանն է: Հայերն տարբերակի համար նախաբան է գրել ֆուտբոլային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը: Գիրքը պատմում է Մեսսիի կյանքի ու կարիերայի մասին, թե ինչ դժվարությունների միջով է անցել մեծ բարձունքների հասնելու ճանապարհին: Ներկայացված են նրա ակումբների, մարզական ցուցանիշների մասին տվյալներ, որոնք, ըստ թարգմանության վրա աշխատած թիմի անդամների, ստուգված են: Կան նաեւ անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ, բացառիկ հարցազրույցներ ինչպես Մեսսիին ճանաչողների, այնպես էլ անձամբ ֆուտբոլիստի հետ: Հայերեն թարգմանույթյան խմբագիր Գնել Նալբանդյանն ընդգծում է, որ գիքրը մասնագիտական մեծ օգուտ կարող է տալ նրանց, ովքեր ցանկանում են նման գրքեր հեղինակել:

«Ուզում եմ, որ ուշադրություն դարձնեք գրքի օգտակար կողմին: Կարծում եմ՝ այս գիրքը շատ օգտակար կլինի հայ հանրության համար, հատկապես արձակագիրների, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստվում են երբեւէ գրել որեւէ աստղի մասին, օրինակ հայկական ֆուտբոլի որեւէ աստղի կամ որեւէ այլ մարզիկի մասին: Որքան հասկանում եմ, կամ չկան այդպիսի գրքեր մեր իրականության մեջ, կամ էլ քիչ են: Այս գիրքը դասական օրինակ է, թե ինչպես պետք է գրել սպորտսմենի՝ մեգաաստղի մասին»,- ասաց նա:

Գիրքը գրախանութներում վաճառքում կլինի վաղվանից: Այն արժե 5800 դրամ: Հնարավոր է նաեւ գնել առցանց՝ այցելելով books.newmag.am կայքը: Առաջիկայում Newmag-ը պատրաստվում է ներկայացնել «Բարսելոնայի» նախկին ու ՊՍԺ-ի ներկա աստղ Նեյմարի, ինչպես նաեւ ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ արմատներով հայ Յուրի Ջորկաեֆի մասին պատմող գրքերը:

 
Newinfo