«Գիրքը պոպուլիզմի կոնցեպտուալ նկարագրությունն է». Յան-Վերներ Մյուլլեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

September 17, 2019

Յան Վերներ Մյուլլերը բացատրում է՝ իր գիրքը ներկայացնում է պոպուլիզմի օրինակները բազմաթիվ երկրներում, բայց չի հավակնում բացատրել զարգացումները որևէ առանձին պետությունում : Գիրքը պոպուլիզմի կոնցեպտուալ նկարագրություն է, որը պետք է ընթերցողին օգնի ճանաչել մտահոգիչ զարգացումների բնութագրիչները: Բոլոր պոպուլիստները մերժում են քաղաքական բազմաձայնությունը: Սա նրանց առաջին ու գլխավոր տարբերանշանն է:



«Պոպուլիստը պետք է այս կամ այն կերպ նույն միտքն ասի, որ ժողովուրդն ամենալավը գիտի, թե ինչ է պետք անել: Պոպուլիստ առաջնորդի դերն այն է, որ նա պարզապես իրագործի ժողովրդի իմացածը: Մյուս բոլոր քաղաքական գործիչները հռչակվում են կոռումպացված, իսկ իրենք իրականացնում են ժողովրդի կամքը», - ասել է Յան-Վերներ Մյուլլերը



Պոպուլիստները չեն ընդունում որևէ այլ կարծիք և մշտապես շեշտում են՝ ժողովուրդը իրենք են: Ով իրենց համաձայն չէ, ընդհանրապես ժողովրդի մաս էլ չէ: Մրցակից մյուս դերակատարներին բացառելը մշտապես տեղի է ունենում քաղաքական ուժի մակարդակում, ավելի քիչ՝ ժողովրդի շրջանում: Յան-Վերներ Մյուլլերը բացատրում է՝ պոպուլիզմն ու ոչ պոպուլիզմը հաճախ դժվար է տարբերել: Օրինակ լենինիզմը պոպուլիստական նշաններ ունի, բայց նրա հետևորդների գործողություններն այդպիսին չեն:



«Նրանք պնդում էին, որ աշխատավորներին պետք է ուղղորդել դեպի հեղափոխություն, որ նրանք ունեն այդ ուղղորդման կարիքը, անհրաժեշտ են մարդիկ, որոնք ավելի լավ գիտեն, թե մյուսներին ինչ է պետք: Սա հակասում է պոպուլիստներին: Նույնը նաև կրոնի դեպքում է: Կրոնական գործիչները նույնպես հիմնականում հակապլյուրալիստներ են, բայց նրանք չեն արժևորում մարդկանց, նրանք պարզապես ասում են, որ մարդիկ մեղսագործ են, ու նրանց ուղղորդել է պետք: Սա կարևոր տարբերություն է: Ցավոք այսօր մարդիկ այդօրինակ տարբերությունները չեն տեսնում, քանի որ ընդունված է համարել, թե մենք ապրում ենք պոպուլիզմի դարում», - ասել է Յան-Վերներ Մյուլլերը





newmag-ում կարդացեք նաև.





Հեղինակի խոսքով, այսօր ընդունված է բոլոր կոնցեպտներին պոպուլիզմի պիտակ փակցնել: Պրոտեկցիոնիզմը, նացիոնալիզմը, բոլորն ունեն այդ խարանը, մինչդեռ կոնցեպտներն ունեն գաղափարախոսություն, իսկ պոպուլիզմը՝ ոչ:



«Իմ կարծիքով չկա պոպուլիստական գաղափարախոսություն հասկացություն: Կա լիբերալիզմ, մարքսիզմ, պահպանողականություն: Պոպուլիզմն էլ է իզմ, բայց այն չունի քաղաքական սուբստանտիվ արժեքներ: Պոպուլիզմը ունի տրամաբանություն. ինչ-որ մեկն իրեն է վերագրում ժողովրդի անունից խոսելու բացառիկ իրավունքը: Սա ժողովրդավարության համար վտանգավոր երևույթ է: Եվ սա կարող է լցվել աջ կամ ձախ գաղափարական բովանդակությամբ: Ամենահայտնի օրինակը Վենեսուելան է: Բայց սխալ է քաղաքական գնահատականներն անվանել պոպուլիստական, կամ քննարկել՝ դրանք պոպուլիստական են, թե ոչ: Այստեղ պետք է ավելի զգույշ ու հստակ լինել տերմիններում», - ասել է Յան-Վերներ Մյուլլերը



Հեղինակի խոսքով, ամենակարևորը պոպուլիստական թվացող քաղաքական քննադատությունը իրական ու վտանգավոր պոպուլիզմից տարբերելն է: Նա հուսով է, որ գիրքը կօգնի իշխանությունների հասցեին լեգիտիմ ու կարևոր քննադատությունը տարբերել պոպուլիստական քննադատության վտանգավոր տարբերակից:



«Այսօրվա խնդիրներից մեկն այն է, որ իշխանությունը հաճախ փորձում է ապալեգիտիմացնել ցանկացած քննադատություն՝ դրանց տալով պոպուլիզմի պիտակը: Սա արդարացված չէ, քանի որ կա կարևոր քննադատություն, որը ժողովրդավարական զարգացման նշանակություն ունի», - ասել է Յան-Վերներ Մյուլլերը



Յան-Վերներ Մյուլլերը հերքում է ընդունված տեսակետը, թե պոպուլիստները չեն կարող կառավարել՝ առաջին անգամ տալով պոպուլիստական կառավարման ունիվերսալ 3 մեթոդ՝ պետության օկուպացիա, զանգվածային «հաճախորդություն» և քաղհասարակության ճնշում: Մեթոդները հին են, բայց պոպուլիստները նույնն անում են բաց ու անկաշկանդ, քանի որ հռչակում են կառավարման իրենց, ու միայն իրենց բարոյական իրավունքը:






Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում