Մայիսին Իրանի նախագահի ընտրությունն է. Ինչո՞ւ է այն այդքան կարևոր

February 10, 2017

Հասան Ռոհանին մտադիր է առաջադրվել երկրորդ անգամ, բայց հայտնվել է լուրջ խնդիրների առջև: Պատճառը Թրամփն է: Նա այնպիսի հակաիրանական քայլերով մտավ Սպիտակ տուն, որ նույնիսկ զգացվեց մեծ պատերազմի վտանգը: Նա արգելեց  Իրանի քաղաքացիների մուտքը, սահմանեց նոր պատժամիջոցներ ու փորձեց գտնել միջուկային գործարքից սեպարատ ելքը: Սրանք որոշումներ են, որոնք լարում են իրանցիներին: Միջուկային գործարքից ու պատժամիջոցների չեղարկումից հետո երկրում սկսվել էր հակաարևմտյան տրամադրությունների անկում, Իրանը վերադառնում էր  համաշխարհային տնտեսություն, դառնում էր շատ ավելի ընկալելի արևմուտքի համար: Ու այս ամենը բարեփոխիչ Ռոհանիի առաջնորդությամբ:
Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ այս փոփոխություններն ընթանում էին շատ դանդաղ, մյուսները՝ չափից դուրս արագ, ինչի հետևանքով Իրանի հոգևոր իշխանությունը կորցնում էր քաղաքացիների տրամադրությունները կառավարելու կարողությունը: Իրանում հակաամերիկյան տրամադրություններն ամրապնդվել են դեռ 1979 թվականից: Բայց անցած մեկուկես տարվա ընթացքում դրանք քայքայվում են: Թրամփի հակաիրանական կտրուկ քայլերը թույլ չեն տալիս իրանցիներին չափից դուրս արագ փոխել կարծրացած վերաբերմունքը Արևմուտքի նկատմամբ, իսկ սա այն է, ինչը պետք է Իրանի հոգևոր իշխանությանը՝ դանդաղ, հետևաբար կառավարելի փոփոխություն:






Մյուս կողմից, Թրամփի քայլերի պատճառով Իրանի բարեփոխիչները նախագահ Ռոհանիի գլխավորությամբ հայտնվում են փակուղում: Պահպանողականները նրանց կարող են մեղադրել չափից դուրս մեղմ լինելու մեջ՝ օրինակ բերելով Ամերիկյան նոր վարչակազմի քայլերը: Եվ սա նախընտրական շրջանում: Հետևաբար չկա ոչ մի վտանգավոր միտում, երբ Իրանի գործող առաջադեմ, բարեփոխումներ ու նույնիսկ միջուկային գործարք կնքած իշխանությունը նույնպես հանդես է գալիս հակաամերիկյան խիստ հայտարարություններով: Պետք է վերընտրվել:
Իրավիճակը էլ ավելի մառախլապատ է, քանի որ Իրանի հոգևոր առաջնորդը դեռ չի վճռել, թե որ ուղղությանն է համակրելու այս ընտրություններին: Եթե Թրամփը շարունակի նույն ոճով, ապա Մերձավոր Արևելքում չի հասցնի զբաղվել այլ գործով, բացի Իրանի հետ թշնամությամբ, քանի որ կստանա նոր, պահպանողական իշխանություն Իրանում: Եթե շարունակի Օբամայի՝ պայմանավորվելու քաղաքականությունը, իշխանությունը կշարունակի մնալ բարեփոխիչների ձեռքում, ինչը Վաշինգտոնին թույլ կտա կենտրոնանալ Արևելքի այլ հարցերի վրա:
Հիմա: Թրամփը խոստացել է երկրի երեսից ջնջել Իսլամական պետության ահաբեկիչներին: Սա անհնար է առանց Իրանի, որը նույն գործով զբաղվող տարածաշրջանի միակ հզոր տերությունն է: Այնպես որ ԱՄՆ նոր վարչակազմը պետք է ընտրի՝ ձեռնտու է թշնամանալ  Իրանի Իսլամական Հանրապետության, թե վայրենիների Իսլամական պետության հետ, կռվել  տարածաշրջանային գերտերության, թե ահաբեկչական կազմակերպության դեմ: Հարցը հռետորական է: Պատասխանն էլ կտեսնենք մայիսի 19-ին: