Այսօրվա Թուրքիան, Ստամբուլի հիփսթերներն ու բանտերը մեկ վեպում. միջազգային մամուլը` «Ակոսի» մասին (տեսանյութ)

September 15, 2021

2021-ին հայ մտավորական Հրանտ Դինքի սպանության տարելիցին Newmag-ը հրատարակեց Ֆրանսիացի լրագրող, գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը: Ֆրանսերենով լույս տեսած գիրքն արժանացել է ֆրանսիական հայտնի «Ռենոդո» գրական մրցանակին, դարձել ֆրանսիական բեսթսելլեր։ Գեղարվեստական ինքնակենսագրությունը, սիրավեպն ու հետաքննական ռեպորտաժը Մանտոն միահյուսել է մեկ վեպում՝ ներկայացնելով գրական գործի ժամանակակից տարբերակ: Հետաքնական աշխատանքը՝ գեղարվեստական ժանրում արժանացել է գրաքննադատների ուշադրությանը. այն կոչել են բացառիկ և ուշագրավ: Ներկայացում ենք միջազգային մամուլի ու քննադատների կարծիքները:

37-ամյա հեղինակը Ֆրանսիայում հայտնի լրագրող և սյունակագիր է: Մանտոյի մասնագիտական կենսագրությունը բազմաշերտ է: Մի քանի տարի աշխատել է Շառլի Էբդո ամսագրում: Հետո միացել է Եվրոպայի և Միջերկրածովյան ավազանի քաղաքակրթությունների թանգարանին: Գրական ճանապարհի առաջին լուրջ քայլը 2016-ին Մանտոյի առաջին գրքի հրատարակումն էր: Գրողի կյանքում հերոսն է ամենամեծ արժեքը: Հենց այդ իսկ պատճառով էլ որոշեց անդրադառնալ հայ-թուրքական թեմային և խորհրդանիշ ընտրեց Հրանտ Դինքին:

«Ակոս» գիրքը պատկերում է Ստամբուլն՝ իր բոլոր գույներով: Ըստ Մանտոյի, սա պատմություն է ոչ միայն Դինքի, այլև այն միջավայրի մասին, որում ապրում և պայքարում էր պոլսահայ լրագրողը: Մասնագիտական  սրամտության, արձակագրի նրբանկատության և կյանքին սթափ նայելու կարողության շնորհիվ, նա գրքում է անկեղծ: Ֆրանսիացի գրող Աննի Էրնոյի կարծիքը դիպուկ նկարագրում է վեպը. ««Ակոսը» փոթորկուն,անհանգիստ, վտանգներով լի, բայց կենսախինդ աշխարհ է»:

Այն հիմնախնդիրները, որ ներկայացված են  գրքում, շարունակում են արդիական մնալ նաև այսօր՝ խոսքի ազատությունն այսօր էլ վտանգված է։ Դինքը մարդ էր, լրագրող, որի խիզախությունն ու կամքը հիացմունքի են արժանի: Ֆրանսիացի սցենարիստ, գրող Վիրջին Դեպանտի խոսքով, Մանտոյի արծարծած խնդիրներն արդիական են մեր օրերում ու աշխարհի տարբեր երկրներում. «Միանգամայն անկեղծ գիրք, որը պատկերում է ժամանակակից Թուրքիան: Պատմում է, թե ինչ կարող է կատարվել վաղվա Ֆրանսիայում»:

«Ակոս» վեպը գեղարվեստական ինքնակենսագրություն է, լրագրողական ռեպորտաժ, քաղաքական քննադատություն, սիրավեպ, կենսագրություն։ Մանտոն նրբագեղ վարպետությամբ միահյուսում է բոլորը: Ապրելով Բոսֆորի ասիական ափին՝ նա մեկուկես տարի հետաքննում է Հրանտ Դինքի կյանքը: Գրաքննադատ Ռաֆայել Լեյրիչի կարծիքով, Դինքը խաղաղության ու մարդու իրավունքների պաշտպան էր, փիլիսոփա, հայկականության հավատարիմ պաշտպան, կողմ էր, որ Թուրքիան մուտք գործիԵվրամիություն. «Դինքը՝ այդ «անհանգիստ աղավնին», Թուրքիայում բոլորի մեծագույն թշնամի դարձավ, երբ կոչ արեց հայկական արյունը մաքրել«թուրքական թույնից»։

Բայց նրա այլաբանական տեքստն ավելի ուշ նրա հակառակորդներն աղավաղեցին: Նրան դատապարտեցին թուրքական քրեական օրենսգրքի 301-րդ՝ «թուրքական ինքնությանը վիրավորանք հասցնելու»հոդվածով: Էրդողանն այժմ է՛լ ավելի է աղավաղել այդ ինքնությունը: Քաղաքի միջով իր ակոսը փորելիս հեղինակի լաստանավը Ստամբուլի մի ափից մյուսն է տանում՝ հինայից կարմրած մատներով քաբաբ ուտելով էժան ճաշարաններում, յոգայով զբաղվում «Ստամբուլի հիփսթերների զեն տրամադրությամբ», քայլում բանտերի մոտով, որտեղ բանտարկված է 150 լրագրող, հետևում Հրանտ Դինքի ուրվականին»:

Կարդացեք նաև

Վեպը զարմանալի խորություն ունի: Անհատի՝ վարպետորեն արված, որը միախառնված է անդունդի եզրին գտնվող աշխարհի ու սպանված լրագրողի կյանքին: Գրող Ժերոմ Գարսենի բնորոշմամբ, գրքում տեղ գտած խնդիրները դեռ այսքան հստակ երբեք չենք լսել. «Սա դժոխք է, որտեղ Ռամադանից հետո մի երեկո մոլեռանդների ամբոխը ծեծել էր երաժշտական խանութի տիրոջն ու նրա հաճախորդներին, որոնք Radiohead-ի նոր ալբոմն էին լսում, ու որտեղ 2016 թվականի հունիսի 28-ին ահաբեկիչները հարձակվում են «Աթաթուրք» օդանավակայանի վրա: Սա նույն օդանավակայանն է, որտեղից 2017-ին, ժամանակավոր կացության թույլտվությունը լրանալուն պես, հեղինակը Ֆրանսիա է մեկնում: Օտար լինելով՝ նա իր հետ տանում է այս գիրքը, որում «Թուրքիայի ձայները... ունկնդիր կգտնեն»»:

Կարդացեք նաև

Այս վեպը որքան գովելի է, նույնքան էլ բարդ է: Ուսումնասիրելով Հրանտի մանկության, պատանեկության ու չափահասության տարիները,Մանտոն մարդկայնացնում է լեգենդ դարձած գործչին:Մանտոն նաև հետազոտում է, թե Արևմուտքն ինչու իր համար չի բացահայտում Դինքին: Գրող  Յան Պերոյի վեպն աչքի է ընկնում գրողի սրտացավությամբ՝ նրա հայացքն ուղիղ է, հստակ.«Մանտոյին հանդիպած մարդկանց մեծ մասի համար ինքն ընդամենը օտարական է, Մարսելից եկած ֆրանսիացի: Այդ պատճառով նա փոխում է մարտավարությունը. որոշում է ավելի ազդեցիկ, անկեղծ ու համարձակ գիրք գրել Թուրքիայում անցկացրածիր կյանքի մասին, թուրք երիտասարդի հետ իր սիրավեպի մասին։

Ամեն ինչ փլուզվում է Բոսֆորի ափերին, այս երկրի մասին նրա պատրանքները հօդս են ցնդում: Հեղինակի հայացքն ուղիղ է, հստակ, նա դրոշմում է ճշմարտությունը։ Նա ընկերացել է այլախոհ գրողների հետ, որոնցից երկար մեջբերումներով ընդմիջում է իր վեպը, բայց  «Ակոսն» այնուամենայնիվ ընթանում է իր ուղով՝ շնորհալի ու սրամիտ: Գեղարվեստական ինքնակենսագրությո՞ւն: Ոչ, այս վեպը ձախողման մասին է։ Բայց մի՞թե գեղեցիկ չէ այն պատմությունը, որն ընդհատվում է, երբ իր իսկ թեման գերազանցում է իրեն»: