Գրքի երևանյան 4-րդ փառատոն. Newmag-ը ներկայացրեց Ալան Բադիուի «Դարը» (տեսանյութ)

August 2, 2021

Newmag-ը հրատարակել է ֆրանսիացի փիլիսոփա Ալան Բադիուի «Դարը» աշխատությունը։ Ֆրանսիացի ամենահայտնի ժամանակակից փիլիսոփայի աշխատության շնորհանդեսը տեղի ունեցավ Գրքի երևանյան փառատոնին: Տարբեր տարիների դասախոսությունները Բադիուն ներկայացրել է մեկ գրքով, որտեղ փորձում է հասկանալ, թե ինչու էր անիծված 20-րդ դարը:

Մեծ աղմուկ հանած այս աշխատության հիմքում Բադիուի տարբեր տարիների դասախոսություններն են։ Գրքի թարգմանիչ Նազենի Ղարիբյանի խոսքով, ֆունդամենտալ այս աշխատանքը պետք է կարդան բոլորը ու հատկապես հայ փիլիսոփաները. «Գիրքը բոլորի համար է, բայց շատ լավ կլիներ, որ առաջին ընթերցողները լինեն հենց փիլիսոփաները: Եվ որ այդ գիրքն ընդգրկվեր փիլիսոփայական ֆակուլտետի և այլ հաստատությունների ուսումնական ծրագրերում կամ խորհուրդ տրվեր ուսանողներին ընթերցել»:

«Դարը» աշխատությունը բնութագրում է 20-րդ դարը, փորձում հասկանալ, թե ինչու էր այն անիծված և ինչ հետևություններ է պետք ունենալ ապագայի համար։

Ֆրանսիացի փիլիսոփան հերթով քննում ու քննարկում է 20-րդ դարի ամենասուր և առանցքային հարցերը։ Փիլիսոփայական գնահատական տալիս դարի ամենասարսափելի ոճիրներին և ճգնաժամերին։ «Դարը» գիրքը հրատարակվել է «Գալուստ Կյուլպէնկեան թարգմանական մատենաշար» ծրագրով։ Ըստ հիմնարկության հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսեանի, առաջին աշխարհամարտից, մինչև Խորհրդային Միության փլուզում փիլիսոփայի դիտակետում է. «Եթե կենտրոնանանք իր մեթոդաբանության վրա, կտեսնենք, որ բազմաառարկայական մոտեցումը շատ բան կսովորեցնի, թե ինչպես պետք է պատմությունը քննարկվի: 20-րդ դարը հասկանալու համար` քաղաքականությունից բացի նույնչափ կարևոր է թատրոնը, գրականությունը»:

Գրքի խմբագիր Մարկ Նշանեանը նկատում է՝ գործը խոսակցական լեզվով փիլիսոփայական աշխատություն է։ Բադիուի լեզուն հոլովախիտ է ու բարդ։ Նա այն փիլիսոփաներից է, որ հենց լեզվի վրա են կառուցում փիլիսոփայական միտքը. «Վերջերս քանի անգամ փիլիսոփայական գրքեր թարգմանեցի, դժվարություն չեմ ունեցել, հայերենը դժվարություն չունի:Բայց Բադիուն շատ դժվար է, քանի որ դասախոսություններ են, ոճը՝ խոսակցական»:

Կարդացեք նաև

Գրքի վերիֆիկանտ, լրագրող Զոհրաբ Հարոյանի խոսքով, այս աշխատությունը մեզ տալիս է դարը բացահայտելու հնարավորություն: «Դարը» աշխատությունը բնութագրում է 20-րդ դարը, փորձում հասկանալ, թե ինչու էր այն անիծված և ինչ հետևություններ է պետք ունենալ ապագայի համար։