Լևոն Արոնյան. «Շախմատիստի համար լավագույն երկիրը Հայաստանն է»

March 31, 2020

Ծնվել և մեծացել է Երևանում: Հայրը բյուրեղագետ ֆիզիկոս է Բելառուսից: Մայրը լեռնային ճարտարագետ է Հայաստանից: Մանկության տարիներին ընտանիքով ամառները միշտ Բելառուս էին գնում` հոր ծնողներին տեսնելու: Լևոնն ընտանիքի կրտսերն է. քրոջից փոքր է վեցուկես տարով: Բայց փոքրուց շատ կապված է եղել քրոջ հետ և ձգտել է միշտ նրա կողքին լինելու: Քույրն էլ եղբորից «ազատվելու համար» նրան սովորեցրել է շախմատ խաղալ: Ու Լևոնը տարվել է շախմատով, թեև մինչև այդ շատ էր սիրում շաշկին: Մանկության լուսանկար ունի, որում խաղատախտակով է:

 

– Լուսանկարիչը գիտե՞ր, որ պատմական պահ է հավերժացնում:

– Իհարկե, ո՛չ: Պարզապես թղթակիցներ էին եկել Պորտուգալիայից` մայրիկիս նկարահանելու: Լեռնային ճարտարագետի մասնագիտության տեր կանայք քիչ են աշխարհում: Այդ ժամանակ ես արդեն խաղատախտակով էի ման գալիս. հետս շաշկի խաղացող էի փնտրում: Թղթակիցներն էլ որոշեցին լուսանկարել համառ փոքրիկին: Բելառուսից վերադարձանք, և ծնողներիս խնդրեցի ինձ շախմատի դպրոց տանել: Մեր տան մոտ` 7-րդ զանգվածում, պիոներպալատ կար: Այնտեղ էլ հանդիպեցի իմ առաջին մարզչին` Մելիքսեթ Խաչիյանին: Նրա հետ պարապեցի մինչև 15 տարեկան դառնալս:

– Ուրեմն հանգամանքների բերումո՞վ եք դարձել շախմատիստ: Դրդապատճառ չի՞ եղել:

– Դրդող ոչինչ չի եղել: Պարզապես զբաղվում ես մի բանով և հասկանում, որ չես կարող դրանով չզբաղվել:

– Ե՞րբ եք զգացել, որ պրոֆեսիոնալ շախմատիստ եք:

– Երևի 19-20 տարեկանում: Հասկանալով, որ ուրիշ ճանապարհ չեմ կարող ընտրել այս կյանքում, սկսեցի ավելի ուժեղ խաղալ, ավելի հետաքրքիր, ավելի ոգևորված, ավելի անկաշկանդ:

– Ինչո՞վ կզբաղվեիք, եթե շախմատիստ չդառնայիք:

– Երևի կստեղծագործեի: Թվերի աշխարհում ես թույլ եմ:

– Ո՞ր ունակություններն են, որոնցով օժտված չեք, բայց կուզեիք ունենալ:

– Կուզեի ավելի սպորտային լինել: Դա ինձ դուր կգար: Կուզեի ավելի մոտ լինել երաժշտությանը: Շատ եմ սիրում երաժշտություն, բայց որևէ գործիք նվագելու մեջ վարպետանալու ժամանակ չունեմ: Երևի օր չկա, որ երկու-երեք ժամ չլսեմ երաժշտություն: Դասական երաժշտություն եմ սիրում, հատկապես Բախի ստեղծագործությունները: Նաև ջազ եմ շատ սիրում: Ինձ գրավում է այն երաժշտությունը, որը կատարողին իմպրովիզացիաների ազատություն է տալիս:

-Բոլորը ենթադրում են, որ Ձեր առջև միայն «շախմատային» նպատակ եք դնում: Իրո՞ք այդպես է:

– Իրականում իմ նպատակը շատ սովորական է. կյանքում անել այն բաները, որոնց համար շատ չեմ ցավի: Փորձում եմ ուրախացնել մտերիմներիս, հարազատներիս, ընկերներիս: Ոչ թե ոգևորել նրանց, այլ արժանի լինել նրանց սիրուն և ընկերությանը:

– Աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի նվաճումը Ձեզ ոգևորո՞ւմ է:

– Նա մեծ վարպետ է: Բոլոր մեծագույն խաղացողների մեջ ոչ ոք նման չէ Պետրոսյանին: Նա շատ տարօրինակ խաղացող էր: Ոչ ոք չի կարող նրա պես խաղալ: Տիգրան Պետրոսյանի մասին մտածելիս երբեմն գալիս եմ արտասովոր եզրահանգման. նա կարծես այս աշխարհից չի եղել:

– Իսկ այսօրվա՞ հայ շախմատիստները...

– Հայկական շախմատը ձևավորված երևույթ է արդեն: Այս պահին շատ լավ սերունդ ունենք: Մինչև այդ երկար տարիներ չենք ունեցել շատ ուժեղ խաղացողներ: 1989 թվականի սերունդը տաղանդավոր է և կարող է շատ բանի հասնել:

– Ի՞նչ խնդիր է լուծելու Հայաստանի հավաքականը 2012 թվականին Ստամբուլում կայանալիք համաշխարհային շախմատային օլիմպիադայում:

– Մենք ունենք ձևավորված թիմ, որն օրեցօր ուժեղանում է: Մեծ հույսեր ենք կապում Սերգեյ Մովսիսյանի հետ. նա զգալիորեն ուժեղացրեց թիմը: Ինչպես միշտ, խաղալու ենք միայն առաջին տեղի համար. մնացած տեղերը մեզ չեն հետաքրքրում:

– Ի՞նչ ներքին հարաբերություններ են տիրում օլիմպիական հավաքականում:

– Մարզվում ենք միասին: Մրցաշարերի ընթացքում թիմը հաճախ է հավաքվում ու որոշում` ինչպես պետք է խաղալ: Հինգ խաղացող կա, և ամեն փուլում մեկը հանգստանում է: Ահա նա, ով այդ օրը չի խաղալու, աջակցում է մյուս չորսին և փնտրում է ինչ-որ նոր, լավ միտք` հաղթանակի հասնելու համար: Սրա շնորհիվ է, որ սկզբնախաղին ավելի լավ ենք պատրաստված լինում:

– Ամեն շախմատիստ երազում է աշխարհի չեմպիոն դառնալ: Համարում եք, որ հնարավորություն ունե՞ք:

– Միշտ համարել եմ, որ հնարավորություն ունեմ: Վերջերս լավ չխաղացի, որովհետև շատ էի զբաղված: Բայց հույսս չեմ կորցնում: Համոզված եմ, որ մի քանի հնարավորություն էլ կունենամ:

– Վիրտուալ շախմատի կողմնակի՞ց եք:

– Շախմատի ժողովրդականացմանը շատ է օգնում: Շատերը, որոնք շախմատի ակումբներ գնալու ժամանակ չունեն, ինտերնետով են շախմատ խաղում: Այդ մարդիկ էլ մեր երկրպագուների ամենամեծ մասն են: Ես էլ եմ երբեմն ինտերնետով խաղում: Բայց առանձնապես չեմ սիրում, քանի որ չկա այն զգացումը, որն ունենում ես, երբ մարդը նստած է քո առջև` իր հույսերով, հոգսերով, մտքերով, ու դու կարող ես տեսնել դա, զգալ: Շախմատն իրականում շատ ինտիմ խաղ է: Օրինակ՝ թենիս խաղացողները իրար հետ անմիջական շփման մեջ չեն, կարծես ցանցով առանձնացած լինեն: Բռնցքամարտում չես հասցնում հակառակորդիդ լավ նայել: Իսկ շախմատում միայն հակառակորդիդ դիտելով կարող ես հասկանալ, թե ինչ ապրումներ ունի այդ պահին, պատրա՞ստ է քեզ հետ խաղալու, թե՞ ոչ: Շատ հետաքրքիր է դա: Խաղի ընթացքում հաճախ ավելին ես իմանում այդ մարդու կյանքի մասին, քան նրա մտերիմները, որ տարիներով շփվել են հետը:

– Հոգեվիճակը մե՞ծ ազդեցություն ունի խաղի որակի և արդյունքի վրա:

– Այո՛: Շախմատում որքան «բարձրանում ես», այնքան մեծանում է հոգեբանության դերը խաղի մեջ: Եթե ճանապարհի սկզբում մի տոկոս էլ չի լինում, վերջնախաղում հասնում է 30-40 տոկոսի, գուցե ավելի շատ:

– Ո՞վ է Ձեզ ամենից շատ աջակցում, տրամադրում խաղին:

– Խաղասեղանին երբ էլ մոտենաս, դու ես ու միայն դու: Կողքիդ ինչքան էլ մարդ լինի, օգնել չեն կարող: Խաղից առաջ մեծ դեր ունեն օգնականը, հոգեբանը: Նրանք իրենց գործը լավ գիտեն. եթե պետք է, ճնշում են գործադրում, եթե զգում են, որ կարիք չկա, հանգիստ են թողնում ինձ: Բայց սա էլ շատ նուրբ բան է: Հաճախ չես իմանա, թե խաղացողը երբ կցուցաբերի իր լավագույն խաղը: Պատրաստվում ես ամիսներով, տարիներով, որ հասնես մի բանի, ֆիզիկական պատրաստականություն էլ ես ունենում, բայց չես կարողանում խաղալ, որովհետև ոչ թե ֆիզիկապես ես հոգնած, այլ ինչ-որ բան անհանգստացնում է քեզ:

– Հայաստանի դրոշի ներքո հանդես գալիս ի՞նչ ապրում կամ զգացում եք ունենում:

– Մեծ հպարտություն է ինձ համար, որ կարող եմ հաջողությունների հասնել Հայաստանի դրոշի ներքո: Ես միշտ երազել եմ դա: Շատ եմ նեղվում, երբ վատ եմ խաղում: Թեև առանց դրա էլ չի լինում սպորտում: Չես կարող միշտ հաղթել: Բայց շատ հաճելի է այն զգացումը կամ գիտակցումը, որ թիմ ունես թիկունքիդ, որ շատ-շատերն են սպասում քո հաղթանակին:

– Ի՞նչ կասեք այն շախմատիստների մասին, որոնք հանդես են գալիս այլ երկրի դրոշի ներքո, օրինակ` ժամանակին՝ Գաթա Կամսկին, կամ հիմա՝ Ալեքսեյ Շիրովը:

– Դժվար խնդիր է: Եթե հասկանում ես, որ քո երկիրը մեծ հետաքրքրություն չունի քո արած գործի հանդեպ, գուցե պիտի ընտրություն կատարես: Երևի դժվար է մեղադրել այն մարդուն, որը փորձում է իր կյանքն ինքնուրույն կարգավորել:

– Ի՞նչ են Ձեզ համար Ձեր հաղթանակները, որոնք արդեն ավանդական են դարձել:

– Թիմային հաղթանակն այլ զգացում է պարգևում: Թիմային հաղթանակը շատ հաճելի է, ներքուստ շատ հպարտ ես լինում և ավելի շատ ես ուրախանում: Իսկ անձնական հաղթանակի ժամանակ ընդամենը հասկանում ես, որ հաղթեցիր ու որ պետք է շարունակես աշխատանքդ: Անձնական հաղթանակներն այն ուրախությունը չեն բերում: Դրանք պարտադրում են ավելի լավ աշխատել:

– Ձեր գնահատմամբ՝ Հայաստանն ըստ արժանվո՞ւյն է գնահատում իր շախմատային հերոսներին:

– Շատերը Հայաստանը օրինակ են բերում` ասելով. «Տեսնո՞ւմ եք, այդ փոքրիկ երկիրը, փոքրաթիվ ժողովուրդը կարողանում են իրենց խաղացողներին հարգել ու պատվել»: Հայաստանը, կարծում եմ, շախմատիստի համար ամենալավ երկիրն է այսօր: Միայն թե ամեն ինչ այսպես շարունակվի: Ամենակարևորը ժողովրդի հարգանքն է: Այստեղ մարդիկ չեն համարում, թե անիմաստ գործով ես զբաղված: Մինչդեռ Եվրոպայում և այլ երկրներում այդպես են մտածում: Պարզ է, որ դու քո խաղով շատ բան չես որոշում, շատ բան չես կարող փոխել: Դու միայն քո փոքր աշխարհում ես: Իսկ քո աշխատանքը, ինչպես երաժշտի աշխատանքը, շատ բան չի կարող փոխել աշխարհում: Ես շատ եմ մտածել այս մասին և մի փոքրիկ տեսություն ունեմ: Աշխարհը կիսվում է երկու մասի՝ մտավորականների և այն մարդկանց, որոնք կարող են այդ մտավորականներին ոգևորել: Մտավորական ասելով՝ նկատի ունեմ նրանց, ովքեր առաջ են տանում երկիրը, օրինակ`գիտնականները: Իսկ շախմատիստները, երաժիշտները կամ պարողները նրանք են, ովքեր փորձում են ոգևորել այդ կարևոր գործն անողներին:

– Ձեր իդեա՞լը շախմատում:

– Իդեալ երբեք չեմ ունեցել: Հիմա էլ չունեմ: Ես միշտ փորձում եմ դրան մոտենալ: Ուզում եմ լինել այսօրվա լավագույն խաղացողը: Նկատի չունեմ հաղթանակները: «Լավագույն» ասվածը վերաբերում է միմիայն խաղի որակին և խորությանը:

Հնարավո՞ր է հասնել խաղի անգերազանցելի որակի ու խորության:

– Երբ մի բնագավառում մեծ նվաճումների ես հասնում կամ գոնե դառնում ես քաջատեղյակ մարդ, քո մեջ այդ բնագավառի մեծ վարպետները այն զգացումը չեն առաջացնում, այն հիացմունքը, ինչ ուրիշների հոգում: Դու ընկալում ես նրանց դիրքը, գիտես, որ մեծ վարպետներ են: Բայց կարող ես նաև տեսնել նրանց թույլ կողմերը, որովհետև խաղացողներ չկան, որ թույլ կողմեր չունենան: Այժմ պատահում է, որ մի տարվա ընթացքում չեմ անցկացնում որևէ խաղ, որն ինձ միանգամայն գոհացնի, բավարարի այնքան, որ ուզեմ այդ խաղը ցույց տալ որևէ մեկին: Ես միշտ իդեալիստ եմ եղել խաղի մեջ: Հաճախ այնպիսի մարտավարություն եմ ընտրում, որ հակառակորդը չըզգա, թե ինչպես եմ հասնելու հաղթանակի: Շատ է լինում, որ մրցաշրջանի ընթացքում փորձում եմ հաղթել, գեղեցիկ խաղալ, բայց չի ստացվում: Լինում է, որ այդ լավ խաղն ավարտվում է, երբ հակառակորդդ ընտրում է մի այնպիսի մարտավարություն, որը քար է գցում քո մտածած ամեն ինչի վրա: Եվ շատ է լինում հետևյալը. դու շատ լավ միտք ունես, շատ լավ գաղափար, շատ գոհ ես դրանով, բայց քո հակառակորդը այնքան վատ է խաղում, որ դու չես կարողանում այն կյանքի կոչել:

– Հաճախ եք ոչ-ոքի խաղում: Ինչո՞ւ:

– Բարձր դասի շախմատիստների ոչ-ոքիների պատճառն այն է, որ խաղի որակն է ավելանում: Եթե որակը, պատրաստությունը լինում են բարձր մակարդակի, շատ դժվար է հաղթել: Իմ ընկեր Բորիս Գելֆանդը մի անգամ այդ առումով հետաքրքիր բան է ասել. «Շախմատային ընտրանիում ամեն մի հաղթած խաղ հրաշք է»: Բոլորն էլ շատ ուժեղ են խաղում: Հաղթելու համար կա՛մ պետք է հակառակորդիդ օրը վատը լինի, կա՛մ էլ պետք է ամբողջ խաղն առանց սխալի անցկացնես:

– Մեծ քաղաքականությունը որևէ կերպ ճնշո՞ւմ է Ձեզ: Եթե Ձեր հակառակորդն ադրբեջանցի է, պարզ է, որ հանրությունն այլ հույզերով է հետևում այդ խաղին:

– Դրա մասին ուղղակի խաղից հետո ենք մտածում: Մինչև խաղը դրա մասին պետք է մոռանաս:

– Ի՞նչ հարաբերությունների մեջ եք ադրբեջանցի շախմատիստների հետ:

– Միշտ փորձում եմ ինձ լավ դրսևորել բոլոր շախմատիստների հետ: Եթե տեսնում եմ, որ իմ հակառակորդը կամ գործընկերս լավ հոգի ունի և ինձ լավ է վերաբերվում, այդ մարդու հետ շփվում եմ: Բայց, ճիշտն ասած, ուժեղագույն խաղացողների միջև ընկերությունը մի քիչ դժվար բան է: Միշտ այդ մարդու հետ պետք է մրցես, և… Տարբեր մարդիկ տարբեր կերպ են մտածում: Ուժեղագույնների մեջ ընկերություն եմ անում միայն Գելֆանդի հետ: Մենք գրեթե նույն կերպ ենք տեսնում խաղը:

– Շախմատը Ձեզ համար սպո՞րտ է, թե՞ արվեստ:

– Եթե շախմատը սպորտ լինի, ուրեմն ամեն մի դեբատ պետք է սպորտ համարենք: Դա երկու մարդկանց երկխոսություն է, աչքերի երկխոսություն, մտքերի երկխոսություն: Բարձր չենք խոսում իրար հետ, բայց քո ամեն մի քայլը մի ասույթ է:

– Ուրեմն միմյանց հոգեպես ճնշում եք:

– Նայած: Խաղացողներ կան, որ ուզում են ոչ թե լավ քայլ անել, այլ ճնշել մրցակցին: Բայց այդ շախմատիստները մեծ հաջողությունների երբեք չեն հասնում, որովհետև ինչքան էլ ուժեղ լինես հոգով, միևնույնն է, շախմատում լավագույն քայլերն են հաղթանակ բերում:

– Որևէ առանձնահատուկ ձևո՞վ եք պատրաստվում հերթական խաղին:

– Այո՛, անպայման: Նայած որտեղ եմ գտնվում: Եթե կլիման հարմար է, սիրում եմ խաղից առաջ տասը-տասնհինգ րոպե զբոսնել, իսկ եթե հարմար չէ, տասնհինգ րոպե պառկած երաժշտություն եմ լսում:

– Ինչպե՞ս եք սիրում հանգստանալ:

– Ամենից շատ սիրում եմ հեծանվով ճամփորդել: Լողալ ծովում կամ օվկիանոսում: Եթե հաջողվում է, մի քանի օրով գնում եմ սարեր կամ գինևետ այգիներ, որտեղ կարելի է զբոսնել ու գինու տեսակներ համտեսել:

– Ձեր սիրելի հանգստավա՞յրը, որն առանձնահատուկ է Ձեզ համար:

– Շատ եմ սիրում Ավստրալիա գնալ: Այնտեղ շատ հանգիստ եմ զգում ինձ:

– Հայաստանից դուրս շատ հաճախ եք լինում: Հայրենիքը ձգո՞ւմ է:

– Միշտ կարոտում եմ հատկապես մորս ծննդավայրին` Նոյեմբերյանին:

– Կա՞ն ֆիլմեր, գրքեր, որ Ձեզ համար շատ կարևոր են:

– Եթե ինձ որևէ ռեժիսոր դուր է գալիս, փորձում եմ նրա բոլոր գործերը դիտել: Նույնն էլ՝ գրողների և երաժիշտների մասին: Ֆրանսուա Տրյուֆո եմ շատ սիրում: Շատ բաներ Լուի Մալեից եմ սիրում: Ֆեդերիկո Ֆելինիի վաղ շրջանն եմ շատ-շատ սիրում: Կինո շատ-շատ եմ նայում և միշտ դժվարանում եմ անուններ տալ, որովհետև շատ մարդիկ կան, որ ինձ հոգեհարազատ են: Բայց գուցե առանձնացնեմ Տրյուֆոյի «Ամերիկյան գիշերը» և «400 հարվածը»: Վերջերս շատ եմ Պլատոն կարդում: Մինչև այդ շատ մարդկանցով եմ խենթացել: Բայց ինձ վրա մեծ ազդեցություն է գործել Ֆրանց Կաֆկան: Ֆեոդոր Դոստոևսկու, Ալբեր Կամյուի գործերն եմ սիրում: Նաև Սերգեյ Վելչենկո եմ շատ սիրում և նրա մասին միշտ հիշում:

– Ո՞ր հատկություններն եք գնահատում մարդու մեջ:

– Երբ մարդ խոսում է ուրիշի գնահատելի հատկությունների մասին, իրականում խոսում է իր մասին: Ուրեմն ճշմարտախոսությունը, ներքին հանգըս-

տությունը: Նաև լավատեսությունը, քանի որ ես մեծ լավատես եմ:

– Ձեր դիմացինի ո՞ր արատներն եք պատրաստ ներելու:

– Նույն բաները, որոնք ինձ եմ ներում: Երևի թե ուշադրության բացակայությունը, ցրվածությունը: Կան մարդիկ, որ «դիվանագետ» չեն: Ես էլ եմ այդպես: Պատահում է` առանց որևէ բան թաքցնելու, ուղիղ, շիտակ խոսում եմ մարդկանց հետ, ասում եմ այն, ինչ մտածում եմ: Սրանք կարող եմ ներել, որովհետև ավելի լավ է այդպես, քան կեղծավոր լինելը: Բայց շիտակությունն էլ կյանքում շատ հոգսեր է բերում: Ու հաճախ բախվում եմ դրանց:

– Համարում եք, որ կոնֆլիկտայի՞ն մարդ եք:

– Ո՛չ, չեմ ասի, թե կոնֆլիկտային եմ: Միշտ փորձում եմ մարդկանց հասկանալ: Եթե տեսնում եմ, որ մարդն ինձ դուր չի գալիս, կոնֆլիկտի չեմ գնում, ուղղակի դադարեցնում եմ հարաբերություններս նրա հետ:

– Ի՞նչն է խանգարում Ձեզ, կամ ի՞նչն է, որ կուզեիք փոխել Ձեր բնավորության մեջ:

– Խաղում ինձ խանգարում է չափազանց մեծ գրգռվածությունը: Հաճախ մի քայլ եմ անում և ոգևորվում: Նաև միշտ կարծում եմ, թե ժամանակն անսպառ է, և մի օրում տասը գործ կարող եմ անել: Չեմ պատկերացնում, որ ժամանակը չի հերիքի:

– Ձեզ համար ի՞նչ է երջանկությունը:

– Երջանկությունը… Դժվար է ասել: Երևի թե իմ կյանքն է: Այն կյանքը, որը ես ապրում եմ հիմա: Երևի թե ապրելու այն ոճը, որ չեմ մտածում վաղվա մասին և փորձում եմ այսօր հասնել ամեն ինչի: Դա ինձ երջանիկ է դարձնում: Հինգ տարի է՝ ընկերուհուս` Արիաննեի հետ եմ հանդիպում: Նա զբաղվում է քաղաքագիտությամբ ու տնտեսագիտությամբ: Գուցե դա է երջանկությունը: Բայց երջանկությունը մի բան է, որը կարող է քեզնից փախչել: Կամ մի բան է, որը կարող ես փնտրել` կարծելով, թե հենց դա է երջանկությունը: Բայց կգտնես, ու կպարզվի, որ երջանկությունը մեկ ուրիշ բան է: Շատ բարդ հարց է: Եթե կարողանում եմ զբաղվել իմ գործով ու շրջապատված լինել իմ սիրած մարդկանցով, ուրեմն երջանիկ եմ:

– Իսկ դժբախտությո՞ւնը:

– Դժբախտությունը… Ամենամեծ դժբախտությունը երևի այն է, որ կորցնում ես այն մարդկանց, որոնց սիրում ես:

– Ձեր երազա՞նքը:

– Ուժեղ խաղացող դառնալը մեկն է, տուն կառուցելը` երկրորդը: Երրորդն էլ երևի այն է, որ կարողացա այդքան երկրներ շրջել, այդքան մշակույթների ծանոթանալ: Դա ինձ համար մեծ երազանք է եղել և իրականացավ: Մի շատ լավ բան էլ կա: Երազում եմ, որ կարողանամ հանդիպել, նստել, խոսել այն մարդկանց հետ, որոնց շատ-շատ եմ հարգում, որ ունենամ դրա իրավունքը: Ես չեմ երազում, որ իմ խաղացած պարտիաները ինչ-որ մեկին ասեին. «Ա՛յ, տե՛ս, դու անպայման պետք է շախմատ խաղաս»: Ո՛չ: Ես կուզեի, որ մեր շախմատային հաջողությունները, մեր գործին մեր թիմի նվիրվածությունը մեր երիտասարդությանը, մեր ժողովրդին դրդեին պատասխանատվությամբ վերաբերվելու սեփական գործին և ձգտելու նորի:

 

Զրուցեց Կատարինե Այդինյանը
Լուսանկարիչ` Ռուբեն Մարտիրոսյան
Ոճաբան` Արմեն Գալյան