[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն․ «Ինչպե՞ս ներել, բայց չմոռանալ »

April 20, 2020

Մկանների պես, ներողամտությունն էլ պետք է անընդհատ մարզել: Եվ ինչպես մկանները մեր ֆիզիկական առողջության համար են պատասխանատու, այնպես էլ ներողամտությունը պատասխանատու է մեր էմոցիոնալ առողջության համար: 

Շատ մարդիկ հրապարակայնորեն ներել են իրենց հարազատներն սպանած մարդասպաններին: Չգիտեմ, ինչպես են դա արել, բայց այո, նման դեպքեր էլ են պատահում:

Ի՞նչ է ներողամտությունը

Ներողամտությունը ընտրություն է` թույլ չտալ, որ անցյալի վատ իրադարձությունները բնութագրեն ու սահմանեն ձեր ներկան:

 

Ներողամտությունը մտավոր առողջության երաշխավորն է: Այն բարձրացնում է երջանկության զգացումը, նվազեցնում զայրույթը և օգնում խուսափել դեպրեսիայից: Երբ ներում եք` հաճախ փրկում եք հարաբերությունները կամ էլ պարզապես վերջ եք տալիս թունավոր հարաբերություններին: 

Կարևոր է հասկանալ, որ ներել դեռ չի նշանակում մոռանալ: Դուք կարող եք ներել մեկին, բայց հանել նրան ձեր կյանքից: Նույնիսկ պարտադիր չէ, որ այդ մարդն իմանա, որ ներել եք իրեն: Դուք կարող եք նրան ներել ձեր հոգու հանգստության համար և շարժվել առաջ:

Անշուշտ, ներելու մասին խոսելը շատ ավելի հեշտ է, քան հենց երևույթը: Իմ կյանքում մարդիկ կան, որոնց վաղուց ներել եմ, բայց դեռ անհարմար եմ զգում նրանց հանդիպելիս: Հաճախ խուսափում եմ նրանցից ու երբեմն էլ ստիպված եմ լինում նորից ու նորից ներել նրանց: Ես առանձնացրել եմ հինգ քայլ, որոնք ավելի հեշտ ու տեսանելի կդարձնեն ներելու ընթացքը:

Այդ քայլերն են`

1.       Առանձնացրեք արարքը անձից

2.       Հասկացեք նրա մոտիվացիան

3.       Կարեկցեք նրան

4.       Գծեք ձեր սահմանները

5.       Վերացրեք հուզական կախվածությունը

Ինչպե՞ս ներել ինքդ քեզ

Ի՞նչ է պետք անել, եթե այդ վատ մարդը հենց դուք եք ու ոչ մի կերպ չեք կարողանում ներել ձեզ: Մենք բոլորս էլ կյանքում անում ենք այնպիսի բաներ, որոնց համար զղջում ենք, երազում հետ տալ ժամանակը և սպանել այդ մեղքի զգացումը: Իրականում ինքդ քեզ ներելու համար ևս անհրաժեշտ են վերևում նշված հինգ քայլերը:

Առանձնացրեք արարքը անձից: Դուք վատ բան եք արել, բայց վատ մարդ չեք: Հասկացեք սեփական մոտիվացիան` գուցե պատճառն անվստահությունն է կամ անտեղյակությունը ու դա է ձեզ դրդել այդ քայլին:

Կարեկցեք ինքներդ ձեզ: Սա երևի ամենաբարդ քայլն է: Այն ավելի հեշտ դարձնելու համար մի խորհուրդ կարող եմ տալ: Պատկերացրեք, որ ձեր փոխարեն ձեր ընկերն է: Ի՞նչ խորհուրդ կտայիք նրան: Կքննադատեի՞ք, կկշտամբեի՞ք նրան: Հավանաբար` ոչ: Դուք կփորձեիք կարեկցել և հասկանալ նրան: Փորձեք նույնը ձեզ համար անել:

Գծեք սահմաններ, այս դեպքում` ստեղծեք կանոններ ձեզ համար: Եվ վերջապես` վերացրեք հուզական կախվածությունը: Ինքներդ ձեզ ատելը պարզապես անիմաստ ու հոգնեցուցիչ է: Այդ էներգիան այնքան օգտակար բաների համար կարող է ծառայել:

Զղջալը ոչ մի արդյունքի չի բերի: Դասեր քաղեք ձեր անցյալի սխալից ու ցավից և նայեք ապագային: