[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. «Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում»

May 4, 2020

Մարդիկ կռվախնդիր են դարձել՝ մեղադրանքներ, վեճեր, զրո հանդուրժողականություն: Այս փոխադարձ մեղադրանքների հիմքում համաշխարհային երկու խնդիր կա:

Առաջինը կորոնավիրուսն է, որը, չնայած մեր ջանքերին, շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում: Երկրորդը համաշխարհային տնտեսական կոլափսն է: Երկուսն էլ չափազանց բարդ ու բազմաշերտ են համեմատելու, կամ առավել ևս ենթադրություններ անելու համար:

Երկու խնդիրներն էլ այնքան մեծ են և անկառավարելի, որ մենք նույնիսկ դժվարանում ենք ամբողջությամբ հասկանալ և ընդունել դրանք:

Նախ համավարակը: Մեծ հաշվով ամեն ինչ կորոնավիրուսի շուրջ հակասական է: Որոշումներից սկսած մինչև ախտանշաններ: Կարծում էինք, սահմանափակումներն օգնում են, հետո պարզվեց, որ ոչ այնքան: Կարծում էինք արհեստական շնչառության սարքերը կյանքեր են փրկում, պարզվեց, որ այդքան էլ այդպես չէ: Ենթադրում էինք, որ հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունը կոլափսի կհանգեցնի, պարզվում է, դեռ դիմադրում ենք: Ենթադրում էինք, թե վարակակիրներն իմունիտետ են ձեռք բերում, փաստորեն կրկնակի վարակման դեպքերն էլ քիչ չեն: Մի խոսքով, այս հարցում ոչինչ միանշանակ չէ:

Եթե կա մի բան, որ հաստատ գիտենք համավարակի մասին, այն է, որ մենք գրեթե ոչ մի հստակ բան չգիտենք դրա մասին:

Տնտեսական աղետալի հետևանքներն անխուսափելի են: Ընդամենը մի քանի շաբաթում որոշ ոլորտներ՝ հյուրընկալություն, զբոսաշրջություն, ժամանց, ռեստորանային ոլորտ՝ կարելի է ասել ոչնչացան: Դե, գոնե առաջիկա ամիսներին այս ոլորտներն արհեստական շնչառության կարիք են ունենալու: Միայն Միացյալ Նահանգներում ընդամենը մեկ ամսում 26 միլիոն մարդ դարձավ գործազուրկ: Տնտեսության այսպես ասած վերաբացումը կախարդական փայտիկի մեկ հարվածով չի ստացվի: Սպառողների մի զգալի հատված դեռ մի քանի ամիս կամ գուցե մեկ տարի շարունակելու է չօգտվել այդ ոլորտներից: Օրինակ ես չեմ պատրաստվում սահմանափակումների մեղմացումից հետո վազել սրճարան կամ ճամփորդել:

Հիմա մարդիկ երկու ճամբարի են բաժանվել: Մի մասին հանրային առողջությունն է անհանգստացնում ու պնդում են, որ պետք է մնալ տանը: Մյուսներն էլ զգուշացնում են, որ տնտեսական ճգնաժամի հետևանքները ծանր ու անդառնալի կլինեն, եթե մարդիկ օր առաջ չսկսեն աշխատել: Երկուսն էլ ճիշտ են: Եվ հանրային առողջությունը, և տնտեսությունը իրական վտանգի առջև են:

Պետք է նախ ընդունել, որ սա է իրականությունը և հետո ելքեր փնտրել, որոնք նվազագույնի կհասցնեն վտանգը երկու ոլորտներում էլ:

Վեճերն անարդյունք ու անիմաստ են: Կենտրոնացեք հստակ որոշումներ կայացնելու վրա և սպասեք վատագույնին: Ենթադրեք, որ ոչ համավարակը, ոչ էլ տնտեսական ճգնաժամը մոտ ապագայում չեն վերանալու: Այդ կերպ թե հոգեպես, թե ֆիզիկապես և թե ֆինանսապես պատրաստ կլինեք բոլոր հնարավոր սցենարներին: