newmusic. Փետրվարի լավագույն 7 երգերն ըստ Մհեր Խաչատրյանի

February 9, 2016

 Տարվա ամենադեպրեսիվ ու ցուրտ ամիսն ավարտվեց։ Ինչեր ասես որ չտեսանք այդ ընթացքում` վաղաժամ աշխատավարձից ու ամանորյա բդից մինչև բքի մեջ մնացած Գալուստ Սահակյան ու արջի հետ ձեռնամարտող Դի Կապրիո։ Այս ամենը մարսելու և պարզապես լիցքաթափվելու համար ես ու newmag-ն առաջարկում ենք լսել վերջին երկու ամսվա 7 լավագույն երգերն ու դիտել տեսահոլովակները։ Նախապես նշեմ, որ ոչ երաժիշտ եմ ոչ էլ առավել ևս երաժշտագետ, ուստի լավագույն կոչվածը իմ խիստ սուբյեկտիվ կարծիքն է` հիմնված ընդամենը ճաշակի վրա։ Տեղ-տեղ մեր ճաշակները կհամընկնեն, տեղ-տեղ` ոչ, բայց հուսամ, որ ամեն դեպքում ընտրությունս ձեզ կհետաքրքրի։
http://youtu.be/lIUD4LdcZKE
Եւ այսպես` սկսենք տարվա սկզբի գլխավոր նյուզմեյքեր-երաժշտից։ Դեյվիդ Բոուին մահանալուց հետո 3 շաբաթվա ընթացքում երևի թե ավելի շատ քննարկվեց, քան վերջին 10 տարիների ընթացքում, և դեռ շարունակվում է քննարկվել։ Բոլորը գրում են նրա մասին ամեն ինչ, սակայն այդ ինֆորմացիոն թոհուբոհի մեջ ինձ հետաքրրեցին հատկապես  նրա վերջին ու շատ խորհրդավոր ալբոմի` Blackstar-ի հետ կապված գաղտնիքները։ Ինչպես գիտեք, Բոուին մահացավ քաղցկեղից։ Պարզվում է, որ ալբոմի անվանումը` Blackstar բառն ունի մի քանի նշանակություն, որոնցից մեկն է հենց քաղցկեղից վնսաված լինելը։ Ալբոմը պարունակում է ընդամենը 7 երգ, որոնցից երկուսի հիման վրա կա տեսահոլովակ։ Blackstar-ի բոլոր գաղտնագրերի մեջ շատ չխորանալու համար միանգամից նշեմ, որ խոսելու եմ Բոուիի վերջին տեսահոլովակի` Lazarus-ի մասին, որը հայտնվեց համացանցում նրա մահից 3 օր առաջ` հունվարի 7-ին։ Տեսահոլովակը կարծես յուրահատուկ ռեքվիեմ լինի, որը Բոուին գրեց ինքն իր համար։ Lazarus-ում տեղ գտած բազմաթիվ սիմվոլիզմների մեջ կառանձնացնեմ նաև պահարանը, որի մեջ վերջում մտնում է Բոուին` կարծես հասկանալով, որ մի քանի օրից հրաժեշտ է տալու բոլորիս։ Մի խոսքով` Բոուիի կարապի երգը` Lazarus։

http://youtu.be/y-JqH1M4Ya8
Հաջորդ երգը կլինի հայկական։ Ասեմ ավելին` երգը չի լինելու տաշի-տուշի, չի պատմելու թե ինչպես երջանիկ տղան գտավ իր յարին ու ոչ էլ պատմելու է իր տարիքից ավելի շատ երգեր ու տեսահոլովակներ ունեցող վարդագույն Երևանի մասին։ Պարզվում է, որ հայկական երգերի գլխավոր հերոս կարող է լինել տխուր օձը։ Հենց այսպես է կոչվում Side Project երիտասարդական ռոք-խմբի երգը։ Ի տարբերություն փաբային երիտասարդության շրջանակներում այսօր մոդայիկ դարձած շատ ու շատ ռոք խմբերի` Side Project-ը որոշել է հանդես չգալ 70-ականների որևէ ռոք-հիթի քավըրով:Ի դեպ, օգտվելով առիթից ասեմ, որ այդ քավըրները հիմնականում ստացվում են անորակ ու արդեն հոգնեցրել են, և թողարկել սեփական արտադրանք։ Արդյունքում` մի փոքր Radiohead հիշեցնող ակորդներ, բայց և հետաքրքիր ու ինքնատիպ երգ, որը, հուսանք, կունենա նաև տեսահոլովակ։
Օձը նստած բնում իր թաց լաց էր լինում դառնացած,
Ուզում էր դահուկ քշել, սարից իջնել սրընթաց…
Side Project` Տխուր օձը։
http://youtu.be/u1FbCR_yaFU
Բրիտանական Massive Attack խումբը համարվում է թրիփ-հոփ ժանրի պիոներներից։ Խմբի պոպուլյարության գագաթնակետը 90-ականներն էին` հատկապես 1998թ. թողարկված Mezzanine  ալբոմը, որը ժանրի լավագույններից է։ Ինչևէ, բավականին երկար դադարից հետո խումբը վերադարձավ նոր տեսահոլովակով` կրկին համագործակցելով Tricky-ի հետ։ Նրանց միացել է նաև 3-D խումբը։ Take it there, այսպես է կոչվում տեսահոլովակը, որում գրեթե ոչինչ չկա` բացի գիշերային դատարկ փողոցով քայլող 40-անց տղամարդուց ու 4 աղջիկներից։ Ինչպես այս պրիմիտիվ համադրությունը դարձնել դիտարժան` հարցրեք տեսահոլովակի ռեժիսորից (ի դեպ` սա մեսիջ էր մեր կլիպմեյքերներին)։ Massive Attack - Take it There
http://youtu.be/hWSt_q7M3zI
Իսկ հիմա սյուրվում ենք Run the Jewels խմբի հետ։ Ներողություն ոչ այնքան գրագետ «սյուրվել» բառի համար, ուղղակի Meowpurrdy երգի տեսահոլովակը ավելի լավ չեմ կարող նկարագրել։ Սյուրռեալիստական տեսաշար, որտեղ ամեն ինչ կատուներից է, կատուները միանում են իրար, դառնում մեծ կատու, հետո այդ մեծ կատվի բերանից փոքր կատուներ են դուրս գալիս… Մի խոսքով` կատվակալիպսիս։ Ինձ ամենաշատը հետաքրքրեց, թե տեսահոլովակի հեղինակը ինչ է օգտագործել այս մտքին գալու համար։ Երևի` ինչ-որ ոչ օրինական մի բան, բայց արդյունքում ստացվել է դիտարժան ու հետաքրքիր արտադրանք։ Run the Jewels` Մյաուփարթի։
http://youtu.be/Otd15iyp51E
Եւս մեկ հայկական արտադրության երգ, այս անգամ տեսահոլովակով ու անգլերեն։ Չէի ասի, որ Nemra-ի Train of Despair-ը ամսվա լավագույն գործերից է, ընդհանրապես ինքս կողմնակից եմ, որ տեղական ռոք խմբերը հայերեն երգեն, որովհետև էդպես շատ ավելի օրգանիկ ու ոչ պրիտենցիոզ է ստացվում։ Օրինակ պատկերացրեք Океан Ельзи խմբի երգերը անգլերեն, ընդ որում` ակցենտով… կարծում եմ շարմը կկորի ընդհանրապես։  Իսկ համաշխարհային ճանաչման համար ավելի հեշտ կլինի մրցակցել հայերեն երգող խմբերի հետ, քան քանակությամբ տասնյակ հազար անգամ ավելի շատ անգլալեզուների։ Այնուամենայնիվ երգը ու տեսահոլովակը ներառել եմ այստեղ նախ այն պատճառով, որ առանց այդ էլ աղքատ ու ձանձրալի հայկական երաժշտաշուկայում երիտասարդները փորձում են լավ գործ անել ու նկարահանում են հակառաբիս տեսահոլովակ։ Նման դեպքերը պիտի լինեն շատ ու խրախուսվեն։ Այնպես որ` Nemra - Train of Despair:
http://youtu.be/fOViR8tMaC4
Նյույորքյան Yeasayer (Յեասեյըր) խումբը հունվարի սկզբին բարեկամների տներով գնալու փոխարեն կարծես թե աշխատում էր, ինչի արդյունքում ստացվել է էսթետիկական հաճույք պատճառող I Am Chemistry տեսահոլովակը։ Առաջին հայացքից հին ու բարի պլաստիլին հիշեցնող կերպարները իրականում ստացվել են համակարգչային գրաֆիկայի միջոցով։ Խորհրդավոր ֆիգուրներ, վերածնունդ ու հրաշալի երգ. երևի թե այսպես կարելի բնութագրել I Am Chemistry-ն։
http://youtu.be/7XzqCUbiPc4
Եթե ճիշտ եմ նկատել, հիմա աշխարհում նոր տենդենց է դարձել բնական, թեկուզ և ոչ այնքան գրավիչ տեսքը դոմինանտ դարձնել գլամուրի ու շատ գեղեցիկի նկատմամբ։ Կարևոր չէ` գեղեցիկ ու սեքսուալ ես, թե ոչ. կարևորը` եղիր հետաքրքիր ու մի թաքցրու բնական թերություններդ։ Դանիացի երգչուհի Kwamie Liv-ի Lost in the Girl տեսահոլովակում հենց այդպիսի աղջիկներ են` չխնամված, մեղմ ասած ոչ մոդելային արտաքինով ու առանց բրենդային հագուստի։ Բայց ի տարբերություն, օրինակ, երևանյան փաբերի որոշ նման աղջիկների` նրանց հետաքրքիր է նայելը, հատկապես որ երգն էլ վատը չէ։ Ի դեպ` վստահ չեմ, որ երգչուհու անունը ճիշտ եմ արտասանում, ուղղակի վիքիպեդիայում նրա մասին հոդված դեռևս չկա։
http://youtu.be/QPe_IszJF9k
Վերջում հավելեմ, որ ուշադրության են արժանի նաև Coldplay-ի Hymn for the Weekend և 2 Chainz-ի Watch Out տեսահոլովակները, իսկ որպես բոնուս առաջարկում եմ լսել նաև հունվար ամսվա ամենաքննարկված արտիստներից ևս մեկի` Kanye West -ի և նրան միացած Kendrick Lamar -ի No more parties in LA-ը։ Ինչով է հետաքրքիր այս գործը, բացի աշխարհի լավագույն ռեփերներից երկուսի որակյալ ու թարմ արտադրանքը լինելուց։ Նախ նրանով, որ սա Քանյեի ու Քենդրիկ Լամարի առաջին այսպես ասած դուետն է։ Երգը տեղ է գտել Ուեսթի, ինչպես ինքն է նշում, բոլոր ժամանակների լավագույն ալբոմում` Waves-ում, որը լույս կտեսնի Deadpool ֆիլմի պրեմիերայի օրը` փետրվարի 11-ին։ Մինչև դուրս գալը ալբոմը գրագետ մարքեթինգի շնորհիվ հասցրեց մեծ աղմուկ բարձրացնել։ No more parties in LA-ում որպես սեմփլ օգտագործված են մի քանի ռետրո երգեր, որոնցից մեկը ռեփեր Դրեյքի հորեղբոր` Larry Graham-ի Stand Up and Shout About Love-ն է, ինչի համար Դրեյքը առանձնահատուկ հրապարակային շնորհակալություն հայտնեց մեր փեսային։ Մի խոսքով` No more parties in LA։
http://www.youtube.com/watch?v=MWrh27E8Jl4