Մի երգի պատմություն. Ինչպես Ազնավուրի Qui երգը հնչեց հայերեն (տեսանյութ)

June 21, 2022

Շառլ Ազնավուրի Qui` հայերեն «Ով» երգը հնչում է նաև հայերեն: Թարգմանիչ Սամվել Գասպարյանը դեռ տարիներ առաջ էր այս երգի բառերը թարգմանել հայերեն, բայց դեռ ոչ ոք չէր երգել, մինչև Newmag-ը չնախաձեռնեց ազնավուրյան գրքերի ու երգերի հայաֆիկացման շարքը: Երգը կատարում է Սոֆի Մխեյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Մարտին Միրզոյանն է: Նախագծի գլխավոր գործընկերն է Ամունդի Ակբա ընկերությունը։

Սեքս, կրոն, անարխիստական գաղափարախոսություն` այս երեք թեմանները ոչ վաղ անցյալի Ֆրանսիայում տաբու էին և ենթարկվում էին խիստ գրաքննության` որքան էլ ժողովրդավարության երկրում այս փաստն այժմ անհավատալի է հնչում: Փառքի գագաթնակետին շատ մոտ գտնվող Շառլ Ազնավուրը 1950-ականներին արդեն երկու անգամ հասցրել էր սկանդալ առաջացնել իր Après l’amour և Je fais mon rond երգերով :

Դա հերիք չէր` 1963-ին լույս տեսավ նրա Qui` «Ով» ձայնասկավառակը, որի 12 երգերից Donne tes seize ans երգը արգելվեց պետական հեռուստատեսությամբ ու ռադիոյով, քանի որ երգի տեքստը 16-ամյա աղջնակին հուշում էր մտնել կրքի ու սիրո աշխարհ: Չնայած դրա`Qui ձայնասկավառակը հաջողություն ունեցավ զգացմունքային և ռոմանտիկ այլ գործերի շնորհիվ, որի այցեքարտը դարձավ ալբոմի համանուն երգը`Qui-ն, որը ոչ պակաս բաց տեքստ էր համարվում այդ շրջանի համար:

Երգը պատմում է 20 տարվա տարիքային տարբերությամբ սիրո մասին։ Ազնավուրն առաջին անգամ այն կատարում է Պոլ Մորիայի նվագախմբի հետ, հենց Մորիան էլ արել է գործիքավորումը. նա ժամանակի ամենապահանջված երաժշտական ձևավորողներից էր, որին հաճախ դիմում էր նաև ժակ Բրելը:

«Ով իմ փոխարեն

կյանքդ կլցնի նոր երազներով,

ինձ կցանկանա անխնա ջնջել

քո սրտի խորքում…»

Այս բանաստեղծությունը երգող պոետն իր հարցը տվել է բազմահազարանոց դահլիճներում նաև իսպաներեն ու իտալերեն. «Բուենոս Այրեսում էի, մի փոքրիկ կիթառ էի գնել, որի օգնությամբ կարող էի ինքս ինձ նվագակցել ընդամենը երեք ակորդի վրա, և ոչ ավելի: Եվ հետաքրքիրն այն է, որ տանգոյի երկրում ես կարողացա հորինել բոլերո»:

Երգը հնչում է այնպես, ասես, շանսոնյեն հենց հայերեն էլ գրել է` ոչ մի երանգ ավելի, ոչ մի գույն պակաս.

«Սիրտս պայթում է,

Երբ մտածում եմ՝

Մեկը քեզ կասի

«Ես քեզ սիրում եմ»,

Քեզ պինդ կգրկի,

Եվ ինձ կթաղի

Մեկ անգամ նորից»…                                  

Կարդացեք նաև