[Newmag Summer Fest]. Բաց դասախոսություններ. Ինչպես, ինչու և ինչ գրել, թարգմանել ու հրատարակել 21-րդ դարում (լուսանկարներ)

August 12, 2021

Հունիսի 16-ին տեղի ունեցավ Newmag Summer Fest 2021-ը։ Ամառային առաջին փառատոնին միաժամանակ մի քանի լոկացիաներում տեղի էին ունենում տարբեր միջոցառումներ։ Location 2-ը բաց դասախոսությունների սրահն էր, որտեղ կեսօրից սկսվեցին հանդիպումները ոլորտի ամենահետաքրքիր ներկայացուցիչների հետ։ Լրագրությունից մինչև բլոգերություն, թարգմանչությունից մինչև մայրենիի իմացություն, գրելու հմտություններից ու դիզայներական նորագույն լուծումներ՝ թեմաներ, որոնք մեծ հետաքրքրության էին առաջացրել մասնակիցների շրջանում։

ԼԻՆԵԼ ՀԱՋՈՂԱԿ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Բաց դասախոսությունների շարքը սկսեց հաղորդավարուհի, պրոդյուսեր,  ինֆլյուենսեր Արևիկ Ուդումյանը, թեման էր «Ինքնության կառուցումը սոցցանցերում»։ Ով է ինֆլյուենսերը, ինչով է զբաղվում սոցցանցերում և ինչու են այսօր նրանք վիրտուալ աշխարհում ամենապահանջված դեմքերը։ Իր հանդիպումն Արևիկ Ուդումյանը սկսեց նախ այս հարցերի պատասխաններով. «Ինֆլյուենսեր լինելու համար հանրահայտ լինելը պարտադիր պայման չէՄեծ լսարան ունեցող ցանկացած օգտատեր կարող է հասարակական կարծիքի ձևավորել»։ Արևիկ Ուդումյանը ներկայացրեց աշխարհում ու հենց սոցցանցերում հայտնիների, որոնց եկամտի աղբյուրը  Ֆեյսբուքն է, Ինստագրամը կամ Տիկ Տոկը։ Նա ներկայացրեց մի քանի մեթոդ, թե ինչպես կարելի է ձեռք բերել մեծաթիվ հետևորդներ:  Իհարկե, այցելուների քանակի ավելացումն ու հայտնի դառնալու ցանկությունը չպետք է դառնա ինքնանպատակ՝ նկատում է Արևիկը. «Ամենակարևոր նախապայմանը՝ երբեք չխաբել հետևորդներին, նրանց հետ լինել ազնիվ ու անմիջական»:

  

ԼԻՆԵԼ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂ

Դարը թելադրում է գրական իր ոճը, ճաշակը, թեմաները, տենդենցները։ Գրողը պետք է նաև նորաձև լինի, այսօր ընթերցողը պահանջկոտ է, իսկ արտասահմանյան գրականությունը հասանելի ավելի, քան երբևէ։ Հայ ստեղծագործողն իր գործերում պետք է հաշվի առնի, որ սպառողը միշտ համեմատելու է իրեն հայտնի միջազգային գրողների հետ։ Հենց այս թեմաների վերաբերյալ էր գրող, հրապարակախոս  Կարինե Խոդիկյանի բաց դասախոսությունը։

Ինչպես գրել 21-րդ դարում, միաժամանակ լինել գրագետ, ժամանակակից, չձանձրացնել ընթերցողին ու հանդիսատեսին: Կարիեն Խոդիկյանը դասախոսության մասնակիցներին անձնական ստեղծագործություններից օրինակներ բերեց, գործնական խորհուրդներ տվեց՝ ինչպես չգրել և կոչ արեց՝ կարդալ, ընթերցել հայ գրողների նոր գործերը։

  

ԼԻՆԵԼ ՊԱՐԶ ՈՒ ԸՆԿԱԼԵԼԻ

Բաց դասախոսությունների շարքը շարունակեց Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը, թեման՝ «Տեքստ և կոնտեքստ»: Ինչպես գրել, ինչպես կազմել միտքը, շարադրանքը դարձնել գրագետ ու հայերեն, պահել տեքստի տրամաբանությունը։ Լսարանին նա բացատրեց, թե ինչպես կարելի է տեքստը տարբերակել կոնտեքստից: Խմբագրի օրինակներն ավելի քան վառ էին՝ պաշտոնական հաղորդագրությունները, որոնք ամեն օր տարածում են պետական կառույցները:  Այս դեպքում հաճախ միտքը կոնտեքստում աղավաղված է, չափազանց անհասկանալի ձևակերպումներն ու բառակույտն ընթերցողի համար դառնում են նախադասությունների կույտ, սակայն առանց կոնտեքստի, շարադրանք առանց բուն մտքի, ձևակերպած կարևոր միտքն էլ բառերով ծանրաբեռնված նախադասության պատճառով՝ առանց իմաստի։

 

ԼԻՆԵԼ ԳՐԱՎԻՉ

Newmag հրատարակչությա արտ-տնօրեն  Էդիկ Պողոսյանը ներկայացրեց  «Դիզայնի 5 կանոններ» թեմայով բաց դասախոսությունը : Նախ ներկայացրեց 5 հուշում, որոնք պահպանելու դեպքում կարելի է դառնալ գրքի գրագետ շապիկի հեղինակ ու ամենակարևորը՝ միանգամից գրավել ընթերցողին։ Էդիկ Պողոսյանը ներկայացրեց գրատպության ոլորտում առկա դիզայնի առանձնահատկությունները, միտումները, նոր ու դասական գործիքները։ Անդրադառնալով հրատարակիչներին, արտ-տնօրենը նշեց՝ յուրաքանչյուրն ընտրում է իր քաղաքականությունը, ընթերցողին ներգրավելու գործում իր մոտեցումները: Հրատարակչի համար ամենակարևորն ընթերցողն է։ Հենց նրա ուշադրությունն ու վստահությունը ձեռք բերելու համար սկսած տառատեսակից պետք է հատուկ ընտրված լինի՝ գույնն ու բառն էլ իրար համահունչ:

 

ԼԻՆԵԼ ՀԱՍԿԱՆԱԼԻ

Բաց դասախոսությունների սրահում վերջին հանդիպումը թարգմանիչ Լիանա Զաքարյանի հետ էր։ Լիանան Newmag  հրատարակչության հետ է հրատարակչության գործունեության առաջին իսկ տարվանից։ «Թարգմանելու նուրբ արվեստը» թեմայի շրջանակում նա ներկայացրեց, թե ինչ հմտություններ պետք է ունենա թարգմանիչը, օրինակ՝ լեզվի կատարյալ իմացություն, գրելու հմտություն, մանրուքներին ուշադրություն դարձնելու կարողություն, միաժամանակ և´լսելու, և´ խոսելու կարողություն: Լիանան խոսեց նաև թարգմանության 5 փուլերի մասին՝ ամեն ինչ սկսվում է  ծանոթությունից՝ ինչ տեքստ է, հետո անում եք նախնական թարգմանությունը, որից հետո  ճշգրտումների ու ստուգումների անվերջանալի փուլն է, ապա որոշ ժամանակ հանգիստ եք թողնում ուղեղը և վերջում՝ 5-րդ փուլի ժամանակ, կատարում եք ամենակարևորը՝ տեքստի հղկում: