ԲԱՑԱՌԻԿ. Տարօրինակ գլխարկներ արտասովոր կնոջ համար (ՖՈՏՈՇԱՐՔ)

November 7, 2014

Սերգեյ Փարաջանովի տարատեսակ հավաքածուներում առանձնահատուկ տեղ ունեն նրա պատրաստած կոլաժները: Փարաջանովի ձեռակերտ գլուխգործոցներն ապրում են ինքնուրույն կյանքով և սեփական ճակատագրով: newmag-ը ներկայացնում է մաեստրոյի կանացի լայնեզր գլխարկներով ձևավորումների ֆոտոշարքը, որը տարիներ շարունակ խնամքով պահվում է Ալեքսանդր և Անահիտ Թոփչյանների անձնական արխիվում:
Տիկին Թոփչյանը լուսանկարները սիրով տրամադրել է newmag-ին` հավատով, որ սա մի նոր լույս կսփռի մեծ արվեստագետի ստեղծագործությունների ոչ սովորական անցյալին: Այս ֆոտոցուցադրությունը շատ քչերին է հայտնի, միմիայն տեր և տիկին Թոփչյանների մտերիմներին, բայց այժմ դառնում է նաև ձեր սեփականությունը: Լուսանկարներն արվել են 1990-ակաևների առաջին կեսի ցուրտումութ տարիներին, և մեծ անարդարություն կլիներ, եթե այդ տխուր օրերի հուշերի պես էլ մոռացության մատնվեին:
Հանճարեղ գաղափարը ծնվել է որպես առօրյա աշխատանք, որպես արտիստի ժեստ, որպես երկու արվեստագետների` ռեժիսորի ու դերասանուհու դրամայի և էսթետիկայի մեկտեղում: Եվ դարձել է պատմություն անըմբռնելի բաների մասին: Բաներ, որ մտքով չես ընկալի, բայց հայացքդ կմնա պատկերին, կսահի մանրիկ դետալներով, երկար-երկար կմնա կնոջ աչքերին գամված, կփնտրի նրա ժպիտը կամ թաքնված վիրավորանքը, կոլորվի նրա պարանոցով ու կմոլորվի ապշեցուցիչ գլխարկների անսպասելի հարդարանքում:
Սա հերթական մոդելային ցուցադրություն չէ: Սա ֆոտոխցիկի առջև տպավորիչ կեցվածք ընդունել չէ: Սա խոհ է առանց բառերի, տրամադրություն` առանց երաժշտության, գրեթե գունավոր լուսանկար է` առանց գույների պարտադրանքի: Փոքր-իևչ ուշադիր դիտողը կզգա, անպայման կզգա, թե պատմության հերոսուհին ինչպե՜ս է դառնում ստեղծագործության ակամա հեղինակակից, ինչպե՜ս է դառնում հեղինակի զգացումների ու զգացողությունների ակնարկները կրողը, ինչպե՜ս է ստացվում, որ հիմնական գործող անձ լինելով հանդերձ` նահանջում է` թողնելով, որ դիտողի համար առավել կարևոր դառնա հեղինակի արտասովոր հայացքը կյանքին, կանանց, իրերին, լռությանը, ակնթարթին...
Իսկ գուցե այս ամենն ընդամենը «գրաքննադատի» զառանցա՞նք է, գուցե լուսանկարներում իրականում ոչ մի ներքին դրամատիզմ էլ չկա՞, գուցե պարզապես երկու արվեստագետ հանդիպել են մի օր, ցուրտումութ ժամանակներում, լուսանկարվել որպես առօրյա աշխատանք ու հեռացե՞լ: