Կորոնավիրուսը փոխում է նաև Եվրոպայի քաղաքական ընթացքը

April 18, 2020

Համավարակի տարածման ֆոնին Իտալիայում օրինակ, փոխվում են գլխավոր դերակատարները, թշնամիներն ու բարեկամները:

Սկզբնական փուլում կորոնավիրուսի տարածումը պոպուլիստների համար կարծես նվեր լիներ, նրանք ավելի ոգևորված էին առաջ տանում իրենց տեսությունները: Մատեո Սալվինին օրինակ, կորոնավիրուսն օգտագործում էր իր քսենոֆոբիկ տեսակետները տարածելու համար: Իր ամբողջ կարիերայի ընթացքում միգրանտների դեմ պայքարած Սալվինիի համար սա շատ լավ առիթ էր: Նա միգրանտներին մեղադրում էր վարակն Իտալիա բերելու մեջ: Տեսանյութեր էր տարածում, որտեղ փախստականների նավերը ժամանում են Իտալիա: Մի խոսքով պնդում, որ համավարակի գլխավոր պատասխանատուն հենց փախստականներն են:

Սակայն չպլանավորված խորացող ճգնաժամը նոր իրականություն ստեղծեց: Մարդիկ հասկացան, որ փախստականներն ամենևին էլ գլխավոր մեղավորը չեն: Հիմա Իտալիայում տիրող իրավիճակը բացահայտում է Սալվինիի հաճախ ծայրահեղական մտքերը և արդյունքում նվազեցնում նրա հանդեպ աջակցությունը: Քաղաքագետների պնդմամբ համավարակի սկզբից Սալվինիի հանրային աջակցությունը նվազել է: Վերջին երեք տարիներին նա աջակցության նման անկում չի ունեցել:  

Իտալիայի օրինակը կարելի է պատկերել նաև գլոբալ համատեքստում: Պոպուլիզմը հասարակությանը երկու մասի է բաժանում` ժողովուրդ և կոռումպացված էլիտա: Համավարակի ընթացքում այս տարանջատումը չի աշխատում: Եթե 2008-ի ֆինանսական ճգնաժամի մեջ կարելի էր մեղադրել կառավարություններին, ապա կորոնավիրուսի տարածման մեջ նրանց մեղադրելն անշնորհակալ գործ է: Պոպուլիստների հիմնական գործիքը բաժանարար գծեր տանելն է, բայց իրավիճակի լրջությունն այս անգամ համախմբել է ժողովրդին և իշխանությանը, հետևաբար պոպուլիստների ամենաարդյունավետ գործիքներից մեկը կորցնում է իր ազդեցությունը:

Հետաքրքիրն այն է, որ այս ընթացքում Իտալիայի կառավարության հանդեպ վստահությունը մեծացել է: Քաղաքագետները նշում են, որ այսօր վարչապետին աջակցում է մարդկանց մոտ 70 տոկոսը. նախկին 50-ի փոխարեն: Հիմա կա ընդհանուր թշնամի, որն անտեսանելի է և որի դեմ հնարավոր է պայքարել միայն համախմբված լինելու դեպքում:

Սա երկար շարունակվող ճգնաժամի միայն սկիզբն է: Պոպուլիստներն, իհարկե, նոր թիրախներ կարող են գտնել: Փախստականներին կարող է փոխարինել պատվաստանյութի ստեղծման շուրջ իրավիճակը կամ սահմանափակումների մեղմացումը: Թե որքան արդյունավետ կլինեն նոր թիրախները, ցույց կտա ժամանակը: