Պոպուլիզմի 5 հետևանքները․ ի՞նչ է լինում վերջում

May 30, 2020

Ամբողջ աշխարհում պոպուլիզմի գերիշխող ազդեցությունը վերջին տարիներին ավելի ակնհայտ է դառնում: Պոպուլիստների հաջողության բանաձևը հաճախ բանավեճերի թեմա է դառնում, բայց պոպուլիստական կառավարությունների թողած երկարաժամկետ հետևանքները ակնհայտ և երբեմն էլ անուղղելի են:

  • Ծայրահեղ բևեռացված հասարակություն - Մարդկանց բևեռացնելը պոպուլիստների ամենահաճախ օգտագործվող գործիքներից է: Ով նրանց հետ է՝ ժողովուրդն է, ով նրանց չի համակրում՝ կոռումպացված էլիտայի հետևորդ է: Այս ձևակերպումները քաղաքացիների շրջանում կարող են աննախադեպ ատելության հիմք դառնալ: Նման բևեռացված հասարակություններում հաճախ կարծիք արտահայտելն անգամ դժվար է դառնում: Պիտակավորումներից զերծ մնալու համար շատերը պարզապես նախընտրում են լռել, մյուսները՝ ծայրահեղ քայլերի դիմել:
     
  • Ծայրահեղական շարժումների ձևավորում - Այս շարժումները ձևավորում են բևեռացված հասարակության այն խմբերը, որոնց խոսքը այլ լծակներով տեղ չի հասնում: Իշխանության եկած պոպուլիստների մեծ մասը ոչ թե ընտրությունների արդյունքով են դադարում պաշտոնավարել, այլ հաճախ ըմբոստությունների և խռովությությունների հետևանքով:
     
  • Ժողովրդավարության անկում - Երկարաժամկետ պլանում պոպուլիստների խոստացած ժողովրդավարությունը վերածվում է ավտորիտար ռեժիմի: Նրանք շարունակում են դրան «ժողովրդավարություն» անունը տալ, բայց իրականում փորձում են փոխել սահմանադրությունը, արգելափակել ազատ խոսքը և մեդիան, ինչպես նաև լիովին կառավարելի դարձնել իշխանության տարբեր ճյուղերը, այդ թվում դատական համակարգը:
     
  • Ներդրումների նվազում - Էլիտան, օլիգարխները կամ այլ կերպ ասած պետության այն շերտը, որը հաճախ ներդրումների մեծ աղբյուր է՝ պոպուլիստների մշտական թիրախում են: Երբեմն արդարացված, հաճախ էլ չափազանցված այս դիրքորոշման հետևանքով տուժում են ոչ միայն ներքին, այլ նաև օտարերկրյա ներդրումները:
     
  • Տնտեսական կոլափս - Նշված բոլորը կետերը հանգեցնում են երկրում տնտեսական խորը ճգնաժամի: Երկարաժամկետ հեռանկարում պոպուլիստների ոգևորող ելույթները պակաս արդյունավետ են դառնում, քանի որ խոստումներն իրագործելու գործիքակազմը և հստակ պլանը բացակայում է: