Այսօր լրանում է Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարին (տեսանյութ)

January 19, 2022

Ուղիղ 15 տարի առաջ դաժանաբար սպանվեց հայազգի խմբագիր Հրանտ Դինքը։ Մեկ տարի առաջ՝ Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման օրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Newmag հրատարակչությունը ներկայացրին ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը հայերեն։Դեսպանության հրավերով Հայաստան ժամանեց նաև գրքի հեղինակը։ Ինքնակենսագրությունն ու կյանքի հուշերն ամփոփող վեպը 2018 թվականին ստացավ ֆրանսիական բարձրագույն գրական մրցանակներից մեկը՝ Renaudot-ը: Newmag-ը հավաքել է Հրանտ Դինքի թևավոր դարձած մտքերը մեկ տեսաշարում:

1. Ո՛չ հնարավորություն եմ ունեցել քայլելու ապրիլի 24-ի երթերին, ո՛չ էլ նախնիներիս հիշատակին ինչ-որ հուշարձան կանգնեցնելու: Սակայն իմ ուսերին վերցրեցի նրանց՝ իմ կյանքի մեջ ապրեցնելու պարտականությունը: Իսկ երբ ուժս ներում էր, անգամ ապագայիս մեջ փոխադրելու:

2. Ես ոչ ոքից պատասխանատվություն, ներողություն չեմ սպասում: Ես մի մարդ եմ, որը հասկանում է սեփական ժողովրդի ապրած ցավը և կրում է այդ բեռը:  

3. Իմ միակ երաշխիքը ես համարելու եմ ճշմարտությունը, որ, այո՛, ես վախվորած աղավնու հոգեվիճակում եմ, սակայն գիտեմ, որ այս երկրում մարդիկ աղավնիների ձեռք չեն տալիս:

4. Իհարկե, վախենում եմ: Եթե ուզում եք իմանալ, այդ վախը ինձ հետապնդում է ամեն օր: Դուք երբեւէ հետեւե՞լ եք աղավնուն: Նա ամբողջ ժամանակ գլուխն է պտտում, ցնցվում է յուրաքանչյուր շրշյունից եւ պատրաստ է նվազագույն առիթի դեպքում թռչել հեռու: Դա չի կարելի կյանք անվանել, միայն թե ես, ի տարբերություն աղավնու, ոչ մի տեղ չեմ կարող թռչել:

5. Թուրքական հասարակությունը հայկական համայնքն այլ կերպ է ընկալում. «Հայ» բառը մի ժամանակ հայհոյանք էր համարվում, Թուրքիայում Ղարաբաղի հարցը քննարկելիս համայնքի ներսում մեծ անհանգստություն եւ տագնապ էր տիրում: Տան մեջ փակված որդի նման էինք ապրում. հեռուստատեսությամբ լսում էինք մեր մասին ասվածները և ոչ մի բան չէինք կարողանում անել: Ընդվզում էինք, բղավում, ասում էինք, թե սուտ են այս բոլորը, բայց այդ մասին բարձրաձայն չէինք խոսում: Անհրաժեշտ էր ճեղքել պատնեշը, դրա կարիքը կար:

                                                                               

6. Թուրքիան Օսմանյան կայսրությունից ավելի փոքր տարածք է զբաղեցնում, այս պատճառով էլ վախենում է, որ կարող է ավելի փոքրանալ: Սա կարելի է անվանել որպես «Սեւրի սինդրոմ»: Թուրքիայում յուրաքանչյուր փոփոխության կասկածով, վախով են մոտենում: Այս պատճառով էլ փոփոխությունների ընթացքը Թուրքիայում դանդաղ է ընթանում:  

7. Թուրքիայում խոսվում է ազգայնական ուժերի բարձրացման մասին, բայց ես չեմ հավատում, որ աճում է ազգայնականությունը. այն աճեցվում է որոշ մարդկանց օգնությամբ:  

8. Թուրքիան դեռ չի ընտելացել այն մտքի հետ, որ Հայաստանն անկախ պետություն է, որ այնտեղ մի հարևան կա, անհրաժեշտ է սա ըմբռնել և հարաբերություններ սկսել:  

9. Որպես հայ, ինձ համար ծանր է, երբ իմ ողբերգությունը որպես քաղաքական հաղթաթուղթ են օգտագործում: Այս խնդիրն անհրաժեշտ է լուծել Հայաստանի և Թուրքիայի միջև:

10. Եթե ես հանձնվեմ եւ հեռանամ երկրից, դա խայտառակություն կլինի բոլորի համար: Այս երկրում ապրել են իմ նախնիները, այստեղ են իմ արմատները, և ես իրավունք ունեմ մեռնել այն երկրում, որտեղ ծնվել եմ:

Կարդացեք նաև