Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ոտնձգություններից. ահա 7 խորհուրդ

July 31, 2017

Երեխան պետք է իմանա, որ որևէ մեկը չի կարող իրեն շոյել, եթե  դա իրեն  տհաճ է


Փոքր հասակից՝ մոտավորապես 3 տարեկանից, երեխային սովորեցրեք, որ իր մարմինը պատկանում է իրեն, և այն ձեռք տալ կարող եք միայն իր թույլտվությամբ: Դա կարող եք անել նաև խաղի ձևով. ասենք՝ կարո՞ղ եմ համբուրել քո քիթիկը, կարո՞ղ եմ բռնել քո ձեռքը, կարո՞ղ եմ շոյել գլուխդ:
5 տարեկան երեխային արդեն կարող եք հասկացնել, եթե իրեն տհաճ են համբույրները, կարող եք ցույց տալ կամ բառացիորեն ասել դիմացինին՝ լինի մորաքույր, հորաքույր, տատիկ կամ պապիկ: Երբեք մի ստիպեք երեխային գրկախանվել անծանոթների , անգամ՝ հարազատների հետ:

Զգուշացրեք երեխային, որ չի կարելի զրուցել անծանոթի հետ


3 տարեկանից արդեն կարելի է երեխային զգուշացնել, որ փողոցում անծանոթների հետ շփումը սխալ է, անցանկալի: Մի ասեք, որ բոլոր անծանոթները վատն են, կասկածելի, չար ու սարսափելի, որովհետև երեխաները գնում են անծանոթների հետ՝ նրանց մեջ տեսնելով բարին ու լավը: Հասկացրեք, որ որևէ մեկը իրավունք չունի ձեր անունից ասել ինչ-որ բան: Եթե անհրաժեշտ լինի, կանեք դուք և անծանոթի միջոցով չեք փոխանցի: Եվ մեկ կարևոր հանգամանք՝ հասկացրեք, որ մեծերին պետք է օգնեն մեծերը, ոչ թե երեխաները:

Բացատրեք, որ երեխան պիտի չենթարկվի օտարին


Երեխան պետք է իմանա, որ անծանոթին չլսելն ու չենթարկվելը խրախուսելի է: Բացատրեք, որ անծանոթի համառ քայլերից ազատվելու համար նա կարող է անգամ գոռալ, կծել ու ճանկռել՝ նրանից պրծնելու համար:

Հիշեցրեք, որ անծանոթի առաջ դուռ չեն բացում


Մշտապես հիշեցրեք, որ տան դուռ բացելը երեխայի գործը չէ, առավել ևս , եթե տանը մենակ է: Նա պետք է իմանա, որ մեծահասակները ունեն բանալի, որով կարող են բացել դուռը:

Պատմեք նրան, թե ընտանիքում ինչպես են հայտնվում երեխաներ


5-6 տարեկան երեխաներին հետաքրքրում է, թե ինչպես են հայտնվել իրենք: Հանգիստ ու պարզ բառերով բացատրեք երեխաներին այդ հրաշքը: Զուգահեռաբար սովորեցրեք սեռերի տարբերությունը ու հասկացրեք, որ երեխան մերկ կարող է լինել միայն ծնողներին ու բժիշկների ներկայությամբ:

Բացատրեք, որ մեծերի ու երեխաների միջև ՍԵՐ չի կարող լինել


10-12 տարեկանից երեխաները սկսում են ուշադրություն դարձնել տղամարդու և կնոջ միջև հարաբերություններին: Հենց այս տարիքում է, որ ծնողը պետք է հասկացնի երեխային, որ մեծերի ու երեխաների միջև սեր լինել չի կարող:

Սովորեցրեք երեխային ասել «ՈՉ»


Երեխան պետք է փոքր հասակից սովորի մեծերին ասել «ոչ», հետագայում շատ անհրաժեշտ է լինելու: Մի մտահոգվեք, եթե այդ «ոչ»-ն ասի նաև ձեզ: Այդպես պետք է:
Երեխան պետք է իմանա, որ մեծահասակի վատ արարքի մասին նա պարտավոր է տեղյակ պահել ձեզ
Ծնողի ու երեխայի միջև պետք է լինի վստահության մթնոլորտ, որը կօգնի երեխային անկեղծ լինել: Սա թույլ կտա երեխային մեծահասակների վատ արարքի մասին անմիջապես տեղյակ պահել ծնողին: