Սեպտեմբեր 2021. Թարգմանական վեպ-բեսթսելլերներից 10-ից 5-ը Newmag-ինն է

October 16, 2021

Այս շաբաթ  «Երևանյան բեսթսելերը» ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Արմենպրեսս լրատվական գործակալության հեղինակային նախագիծնայն կազմում է սեպտեմբերի ընթացքում կատարված վաճառքների հիման վրա: Ըստ «Երևանյան բեսթսելերի», «Լռակյաց հիվանդը» գլխավորում է լավագույն տասնյակը։

Հունական արմատներով անգլիացու կյանքում ամեն ինչ կանխորոշվել էր 13 տարեկանում: Ալեքս Մայքլիդիսը հենց այդ ժամանակ տարվեց հունական դիցաբանությամբ, տպավորվեց Ալկեստիսի ողբերգությամբ: Նախ փորձեց երգ գրել, հետո՝ ֆիլմի սցենար: Ստեղծագործական փնտրտուքը տևեց ավելի քան 15 տարի: Ի վերջո, ծնվեց «Լռակյաց հիվանդը»՝ համեմված հոգեբանական նուրբ վերլուծությամբ:

Ինչպես հեղինակն է նկատում՝ չի կարելի գունավորել, փոխել կամ ստեր պատմել: Հենց այս սկզբունքով էլ Ալեքս Մայքլիդիսն ընթերցողին  բացահայտում է իր հերոսուհուն՝ պահելով լարվածության չափաբաժինը և ամբողջ վեպի ընթացքում չկորցնելով հետաքրքրությունը գործողությունների ու գործող անձնաց նկատմամբ: Ավելի քան 45 լեզուներով թարգմանված գիրքը 2021-ին Newmag-ը ներկայացրեց նաև հայերեն: Վեպի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ լուռ է գլխավոր հերոսուհին, բայց նրա միջավայրում շատ են երկխոսություններն ու ինֆորմացիան:

Երկրորդ տեղում «Արքայի ամբողջ թիկնազորը» գիրքն է: Բանաստեղծ, վիպասան, գրաքննադատ Ռոբերտ Փեն Ուորենը միակ գրողն է, որ Պուլիցերյան եռակի մրցանակակիր է՝ ստացել է թե՛ արձակի, թե՛ պոեզիայի համար։ Բերկլիի, Յեյլի և Օքսֆորդի համալսարանների շրջանավարտին նախագահ Ջիմմի Քարթերը Ուորենին շնորհել է «Ազատության նախագահական մեդալ»: Այս գիրքը և՛ բեմադրվել է և՛ էկրանավորվել, ընդ որում մի քանի անգամ։ Հենց առաջին էկրանավորումը դարձավ դասական, շահեց 3 Օսկար։

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանն այն որակեց «մշակութային եզակի ստեղծագործություն»: Ուորենի վեպը գրեթե միաժամանակ թարգմանվում և լույս է տեսնում Խորհրդային միությունում։ Ցենզուրան թույլատրում է հրատարակել այն ռուսերեն։ 1976-ին այն թարգմանել է հայերեն Կառլեն Դալլաքյանը։ Երկրորդ վերահրատարակմանն ընդառաջ, վեպը էապես խմբագրել ու ծանոթագրել է Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը:

Երրորդ տեղում է Նարինե Աբգարյանի «Սիմոն» գիրքն է: Տղամարդու անունով վերնագրված վեպն իրականում կնոջ մասին է կամ կանանց։ Նրանք հինգն  են: Իր 80 տարիների ընթացքում Սիմոնը սիրում  ու սիրավեպ է ունենում հինգ տարբեր կանանց՝ շատ տարբեր արտաքինով, իրար չնմանվող հագուկապով, շարժուձևով տիկնանց հետ։ Նրանք տարբեր են նաև իրենց կյանքի պատմություններով: «Սիմոնը» հումորով, հուզիչ ու կենդանի պատմություն է: Նարինե Աբգարյանն անդրադառնում է բոլորին սփոփող ու կանանց երջանկացնող տղամարդու իր կերպարին:

Վեպը «Մեծ Գիրք» մրցանակաբախշության նոմինանտ է։ Աբգարյանի  գրականությունը շատ ազգային է․ շատ հայկական, այստեղ մեզ լավ  ծանոթ բակերի տատիկ-պապիկներն են, չարչարված  գյուղացին՝  իր փոքրիկ կյանքի մեծ խնդիրներով։ Իսկ կենտրոնում Սիմոնն է՝ Բերդ քաղաքի լավագույն քարտաշը։  

Չորրորդ հորիզոնականում կրկին Նարինե Աբգարյանի գործերից է՝ այս անգամ «Երկնքից երեք խնձոր ընկավ» գիրքը: 2020-ին Newmag-ը հրատարակեց այս վիպակն ու այն շատ արագ սպառվեց գրախանութներում, հրատարակչությունը կրկին վերահրատարակեց: Քնքուշ, ուժեղ, տոկուն ու սիրով լի՝ այսպես են գրքի մասին արտահայտվում ամենահայտնի գրական քննադատները: «Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակը հորինված Մառան գյուղի մասին է: Ջրհեղեցից փրկված, երկու մասի բաժանված գյուղի պատմության մեջ հեղինակն ամփոփել է Արևմտայն, Արևելյան հայաստանների ու Արցախի պատմությունը:

«Երկնքից երեք խնձոր ընկավ» գործը, ասես, սիրո, տոկունության մասին իրապատում հեքիաթ լինի, հոգու բալասան: Լեռնային գյուղի կախարդական տեղանքն ու բնակիչներին գրողը ներկայացրել է սիմվոլներով: Այս հուշապատումը Հայաստանի, Տավուշի լուսավոր բնակիչների ու դրախտավայր հայրենիքի մասին է, որտեղ բոլորի աչքը հրաշքի ճամփին է։ Եվ այն չի ուշանում՝ հայտնվում է պատմության վերջում և դառնում կյանքի նոր սկիզբ:

«Երևանյան բեսթսելերի» Newmag-յան հիթ շքերթն ավարտվում է Ալեքս  Մայքլիդիսի «Կույսերը» վեպով: Շլացնող սյուժեով այս գիրքը հունական դիցաբանության մոտիվներով է: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են և՛ դասախոսները, և՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները: Ընթերցողներն այս թրիլլերը հոգեբանական գլուխգործոց են անվանում։

Մայքլիդիսն էլ ընթերցողին խոստանում է, որ գրական այս ճամփորդությունն ու առեղծվածային պատմությունը կապահովեն էմոցիոնալ ամենավառ գունապնակը: Այս պատմությունը միահյուսում է դիցաբանությունը, սպանությունն ու սևեռուն մտքերը: Մայքլիդիսի գրականության անդիմադրելի հմայքը նաև նրա ռեժիսորական հմտությունների հետևանք են: Այն, կարծես, ֆիլմ է, որտեղ երևում է բեմադրիչ-ռեժիսորի ամբողջ աշխատանքը: