Սուպերմատիզմն ու Մալեվիչը. Երկրաչափական պարզագույն ուրվագծերն՝ արվեստի գործեր (տեսանյութ)

April 20, 2022

Մալեվիչի կյանքի գործը սուպերմատիզմ ավանգարդիստական արվեստի ուղղություն ստեղծելն էր։ Այն արտահայտվում էր երկրաչափական պարզագույն ուրվագծերով, տարբեր գույների հարթությունների՝ կերպարային իմաստից զուրկ համադրումներով։ Գույնն ազատվել էր այլ նպատակների ծառայելուց։ Ինչպես Մալեվիչը ստեղծեց սուպերմատիզմ ճյուղը և դրանով դարձավ ռուսական դիզայնի պատմական կնքահայրը՝ մեր անդրադարձում:

Խորհրդային միության մայրամուտին երկրի գրեթե բոլոր նվագարկիչներում մեկ ձայներիզ էր՝ ռուսական ավանգարդ ռոքի ամենափայլուն «Կինո» խմբի «Արյան խումբը»: Այդ ձայներիզի կազմին Կազիմիր Մալեվիչի ամենահայտնի կտավն էր: Նրա աշխատանքը գրեթե մեկ դար անց նոր բովանդակություն ստացավ Վիկտոր Ցոյի ալբոմի շնորհիվ։

Սուպերմատիզմն առաջացել է լատիներեն supremus՝ «բարձրագույն» արմատից, նշանակում է գույնի գերակայությունը գեղարվեստական գործի այլ հատկանիշների նկատմամբ։ Ավելի ուշ Մալևիչի և իր աշակերտների ջանքերով ստեղծվեց «Ունովիչ»՝ նոր արվեստի հիմնադիրների շարժումը, որը տարածում էր սուպերմատիզմի գաղափարը։ Տրետյակովյան թանգարանի գիտաշխատող Տատյանա Գորյաչևան նկատում է՝ այդպես «Ունովիսը» դարձավ ստեղծագործական կուսակցություն. «Նրանք միաժամանակ և՛ դասախոս էին, և՛ աշակերտ, որովհետև մի կողմից դասավանդում էին սուպրեմատիզմ, մյուս կողմից սովորում էին Մալեվիչից»։

Սուպրեմատիզմի պատկերները հայտնվեցին շենքերի, կտորեղենի, նույնիսկ հրապարակների ամբիոնների ու տրամվայների վրա։ Մալեվիչի աշակերտ Լիսիցկայի օռնամենտը դարձավ դասական՝ սևի, կարմիրի ու սպիտակի համադրությամբ։ Այդ պաստառի հիման վրա հիմա ստեղծում են լոգոտիպեր, ինտերնետ մեմեր ու կոլաժներ։

                                                                                   

Մալեվիչն ու նրա աշակերտներն ավելի ուշ աշխատանքի են անցնում Պետրոգրադի հախճապակու գործարանում, որտեղ սկսում են սպասքը զարդարել սուպրեմատիկ պատկերներով։ Զուգահեռաբար սկսեցին սպասքի նոր ֆորմաներ ստեղծել՝ շոգեքարշի տեսքով թեյամաններ, կիսաբաժակներ ու մրգամաններ։ 1920-ականներին Մալեվիչը ստեղծեց ճարտարապետական մակետներ՝ ապագայի բնակելի շենքերի պրոյեկտներ։ Ըստ Տատյանա Գորյաչևայի, ճարտարապետական մտքի վրա շատ մեծ ազդեցություն գործեց Մալեվիչը:

1920-ականներից սկսած շատ նկարիչներ, ազդվելով Մալեվիչի սուպրեմատիզմով, ստեղծեցին իրենց ուղղությունները։ Խորհրդային մեքենաշինությունից մինչև տեքստիլի դիզայն, ճարտարապետությունից մինչև սպասք ու տիեզերանավեր. գրեթե ամեն ինչի վրա Մալեվիչի ժառանգության դրոշմն է: Մալեվիչն իր սուպրեմատիզմով դարձավ ռուսական դիզայնի պատմական կնքահայրը:

Կարդացեք նաև