Գրականագետները «Հայրս` այդ հսկան» գրքի և Ազնավուրի գրական փորձի մասին (տեսանյութ)

May 27, 2021

Մայիսի 22-ին Newmag-ը հրատարակեց Շառլ Ազնավուրի «Հայրս՝ այդ հսկան» նովելների գիրքը: Սա տարբեր տարիներին նրա գրած նովելների ու պատմվածքների ժողովածուն է, որը երգահանը գրել է կյանքի տարբեր փուլերում, հրատարակել 2007-ին։ 2021-ին այն լույս տեսավ հայերեն: 16 նովել և պատմվածք, որոնք տարիների ընթացքում գրել է մեծ շանսոնիեն և այժմ ներկայացնում է մեկ ժողովածուով։ Newmag-ը զրուցել է հայ գրականագետների հետ ու պարզել՝ ինչով է բացառիկ Ազնավուրի այս գիրքը:

Առաջին էջը բացելուն պես տպավորություն է, թե լսեցիք գթասրտության ու անսահման սիրո մասին երբևէ չհնչած նրա ստեղծագործության նախերգանքը: 16 պատվածք` մեկը մյուսից տարբեր, մեկը մյուսից գունեղ, որոնք կապված են միայն ազնավուրյան խոհափիլիսոփայության թելով: Շանսոնիեի նովելները կարողացել են զարմացնել ամբողջ կյանքը գրի ու գրականության մեջ անցկացրած գրականագետ Հենրիկ Էդոյանին. «Այդ պատմվածները չափազանց երաժշտական են, ստրուկտուրան երաժշտական է։ Յուրաքանչյուր պատմվածք, կարծես, մի երգ լինի` սկսվում է, բարձրանում, նույնիսկ չգիտես, թե որտեղ է իր գագաթնակետը, ավարտվում է այնպես, ինչպես երգն է ավարտվում. այդ պատմվածքներըր նա կարող էր երգել»:

Բեմից կառչած և բեմով ապրող Ազնավուրը «Հայրս` այդ հսկան» ժողովածուում ընթերցողի հետ բեմից չի խոսում, նա իջել, նստել է ունկնդրի կողքին ու իր ստեղծած կերպարների միջոցով տեղ է հասցնում համամարդկային այնպիսի ուղերձներ, որոնք և՛ դաստիարակչական են, և՛ մարդուն նյութականից ոգեղեն դարձնող: Ըստ գրականագետ Անի Ջանիկյանի, Շառլը գրական հնարանքը չի խորացնում.

«Հայրս` այդ հսկան» գիրքն ունի առաքելություն՝ ընթերցողի ենթագիտակցության մեջ ներարկել գթասրտություն, քանի որ Հենրիկ Էդոյանի խոսքով, Աստված ներկա է հենց այդտեղ:

«Հոգեբանական վայրիվերումները, տառապանքները ներակայացնելով ամենապարզ բառերով, հասկանում ես ամենախոր մարդկային ապրումները, որոնք վերջում անպայման ունեն լավատեսական երանգ, նույնիսկ ամենատխուր պատմվածքն ունի լավատեսական երանգ, ինչպես նրա երգերն են, որոնք ունկնդրելուց հետո հոգիդ հանդարտվում է, այստեղ էլ երջանիկ թախիծ էր ինձ պատում ամեն պատմվածքն ընթերցելուց հետո»:

Պատմվածքների մեծ մասն Ազնավուրը շարադրել է առաջին դեմքով, բայց դրանցից ոչ մեկը ինքնակենսագրական չէ։ Շանսոնիեն կարողացել է փոխանցել իր ամենասիրելի պոետներից Հյուգոյի հանդեպ ունեցած մեծարանքը: Պապ ու թոռան նուրբ փոխհարաբերությունների մասին նովելն անվանել է Հյուգոյի բանաստեղծությունների համանուն ժողովածուի պատվին` «Պապ լինելու արվեստը»՝ նկատում է Անի Ջանիկյանը. «Արդեն ընթերցելով արվեստի շունչն ես զգում, պատմվածքներում թվում է, թե դու Փարիզում ես, այդ ամենը կենդանի է, և դու այցելում ես այն վայրերը, որտեղ հեղինակն իր հերոսին ուղեկցում է»:

Գրականագետ Հենրիկ Էդոյանի համոզմամբ բոլոր նովելները հավասար ուժով են գրված` խոսքի ներքին կառուցվածը, ներքին ռիթմը, թեմաների ընտրությունը. Ազնավուրն իր միտքը թղթին է հանձնել գրողի վարպետությամբ: Էդոյանը համոզված է՝ հանճարեղ մարդու ցանկացած գործ է հանճարեղ. «Հանճարեղ մարդը, երբ մի բան է կատարում` դա անում է հանճարեղ մակարդակով, ինչի էլ որ ձեռք տա` դառնում է արժեքավոր, ինչին ձեռք է տալիս` ոսկի է դառնում, որովհետև  նրա ձեռքը ոսկուց է, որովհետև հոգին է ոսկի»:

Կարդացեք նաև

Երգիչը կարող է բանաստեղծություն գրել, բայց պատմվածքները՝ բացառիկ երևույթ է, քանի որ դա գրական ուրիշ լեզու է, այլ միջավայր, իսկ Ազնավուրը ոչ միայն ստեղծել է այդ տրամադրությունը, այլև գրականագետների պնդմամբ, արել ավելին. «Հայրս` այդ հսկան» գիրքն ունի առաքելություն՝ ընթերցողի ենթագիտակցության մեջ ներարկել գթասրտություն, քանի որ Հենրիկ Էդոյանի խոսքով, Աստված ներկա է հենց այդտեղ: