Մի՛ փչացրեք վարորդի և մյուս ուղևորների օրը. հասարակական տրանսպորտում վարքի կանոնները

May 9, 2017

Քաղաքային իշխանությունները սկսել են մշակել հասարական տրանսպորտի բարեփոխման ծրագրեր: Նրանք գործակցում են միջազգային կազմակերպության հետ: Սակայն այդ բարեփումների համար տարիներ կպահանջվեն: Մինչև այդ, առաջարկում ենք «բարեփոխել» ուղևորներին, վարորդներին, հետո նոր անցնել մեքենաներին:

Հաց մի կերեք


Եթե սոված եք, չի նշանակում, որ պետք է անկուշտի պես բավարարեք ձեր ստամոքսի պահանջները հասարակական տրանսպորտում՝ բոլորի աչքի առաջ, և տարածեք շաուրմայի հոտը: Հասարակական տրանսպորտը մի կետից մյուս կետը հասնելու համար է, այսինքն երթևեկելու համար է: Հաց ուտելու համար կան համապատասխան վայրեր՝ տրանսպորտից դուրս:

Մի խմեք


Ամառվա տապից ազատվելու համար մարդիկ հաճախ տրանսպորտում տարբեր տեսակի հյութեր են խմում: Սակայն ծարավի քաղցը հագեցնելիս կարող եք անհարմար վիճակի մեջ դնել ձեր առջև նստած ուղևորին: Կտրուկ արգելակումից հնարավոր է ամբողջ հյութը թափվի ձեր և մյուս ուղևորների վրա:

Կանգառում մի ծխեք


Ձեզ հետ միասին նույն կանգառում սպասող էլի մարդիկ կան, ովքեր, հնարավոր է, որ չեն ծխում, ալերգիա ունեն կամ տանել չեն կարողանում ծխի հոտը: Պատահում է, որ կանգառի կողքին աղբարկղ չի լինում և ժամանած տրանսպորտային միջոցը բաց չթողնելու համար ստիպված եք գետնին գցել ծխախոտը և կեղտոտել տարածքը:  Բացի այդ, երբ երթուղային եք նստում ձեզանից  ծխի ուժեղ հոտ է գալիս, որը գարշելի է մյուսների համար: Ասես հրդեհաշիջման աշխատանքների մասնակցած լինեք:

Speak easy


Իրականում ոչ ոքի հետաքրքիր չէ, թե առավոտյան արթնանալուց հետո ի՞նչ եք կերել, ի՞նչ զվարճալի իրադարձություն է պատահել աշխատավայրում կամ ինչու՞ եք գերհոգնած: Միմյանց հետ կամ հեռախոսով խոսելիս պահպանեք քաղաքավարության կանոնները, մի մոռացեք, որ հասարակական տրանսպորտում եք, այլ ոչ թե ակումբում: Հեռախոսով զրուցելիս իջեցրեք զրուցակցի ձայնը. հնարավոր է, որ նա չգիտի՝ հասարակական տրանսպորտում եք և խոսի այնպիսի թեմաներից, որոնք անձնական են՝ ձեզ գցելով անհարմար իրավիճակի մեջ:

«Դուռը կամաց փակեք»


Այս արտահայտությունն առանց բացառության հասարակական բոլոր տրանսպորտների դռների վրա է փակցված:  Իրականում վարորդները լուրջ դրդապատճառներ են ունեցել այդ հայտարարությունը փակցնելիս: Ամեն անգամ դուռը շրխկացնելով վնասում եք մեքենան. թուլացնում եք դռան ամրությունը: Դռան շրխկոցն ազդում է նաև վարորդների նյարդերի վրա:

«Կանգնե՛ք կանգառում» 


Հնարավոր է այդպես էլ ձեր ուզած վայրը չհասնեք, եթե կանգառում արգելակելու համար վարորդին ցածրաձայն կանչեք: Բարձր և հստակ ձայնով ասեք, որպեսզի կանգնի կանգառում: Միշտ հաշվարկեք տրանսպորտի և կանգառի միջև հեռավորությունը, որպեսզի վարորդը հասցնի արգելակել կանգառում: Եթե վարորդը հետո է լսել ձեզ և նախատեսված վայրից մի քանի մետր հեռու է գնացել, պետք չէ նրան պատերազմ հայտարարել և դուրս գալուց հետո դուռը շրխկացնել: Հիշե՛ք վերևում գրվածը:

Ականջակալներով երաժշտություն լսելիս


Ականջակալները նրա համար են, որպեսզի բոլորից առանձին՝ միայն դուք լսեք ձեր նախընտրած երաժշտությունը: Սակայն լինում են դեպքեր, երբ ուղևորները մոռանում են դրա մասին և ականջակալներով երաժշտությունն այնքան բարձր են լսում, որ ամբողջ երթուղայինն է լսում ձեր երաժշտությունը: Նախքան լսելը, ստուգեք, թե արդյոք այն միայն ձեզ համար է լսելի, թե ոչ: Եթե բարձր է՝ իջեցրեք ձայնը:

Պահպանեք հիգիենայի կանոնները


Եթե հաճախ եք օգտվում հասարակական տրանսպորտից, պետք է պահպանել հիգիենայի կանոնները: Ամեն օր լողացեք, սուր հոտով օծանելիք քիչ օգտագործեք: Նպաստավոր պայմաններ ապահովեք, որպեսզի մյուս ուղևորները կարողանան հանգիստ շնչել:

Մի՛ խցկվեք


Եթե տեսնում եք, որ հասարակական տրանսպորտում նույնիսկ կանգնելու տեղ չկա, մի փորձեք մտնել  ու հարմար տեղավորվել: Դուք անհարմարություն եք պատճառում մյուսներին: Եթե ուշանում եք կարևոր հանդիպումից, աշխատանքից, տնից մի փոքր շուտ դուրս եկեք: Ճիշտ է, մեղավոր չեք, որ հասարակական տրանսպորտի վիճակը վատ է, սակայն չի կարելի ավելի վատացնել ուղևորների վիճակը:

ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ


Մի ծխեք


Չնայած օրենքով արգելված է, սակայն վարորդների մեծամասնությունը շարունակում է չհետևել այս օրենքին և մեքենա վարելիս ծխում է: Կա մի քանի պատճառ, ղեկին ծխելու սովորությունից հրաժարվելու համար: Առաջինը. ծխախոտը կարող է վթարների պատճառ դառնալ և ձեր հաճույքը կարող է բազմաթիվ մարդկանց կյանքեր խլել: Երկրորդը. վաղուց պետք է հասկացած լինեիք, որ հասարակական տրանսպորտից օգտվում են տարբեր տեսակի մարդիկ: Եվ ոչ բոլորին է հաճելի ծխի հոտը, շատերի համար նույնիսկ վտանգավոր է:

Երաժշտություն


Ձեր տրանսպորտից օգտվում են բազմաթիվ մարդիկ և բոլորի երաժշտական ճաշակները նույնը չեն: Այնպես որ, երաժշտության ձայնը իջեցրեք: Խորհուրդ է տրվում միացնել ռադիոյով հեռարձակվող լրատվական, կրթական, դաստիարակչական հաղորդումները: