Ինչո՞ւ է Թուրքիայի իշխանությունը փորձում ամեն գնով հանրաքվեի քարոզ անել Եվրոպայում

March 23, 2017

Թուրքիայի նոր սահմանադրությունն Էրդողանին վերջապես թույլ կտա իրականացնել «Նոր Թուրքիա» ծրագիրը, որի մասին նա այդքան շատ է խոսում. դա կլինի բոլորովին այլ Թուրքիա՝ մի կողմից ուժեղ, հզոր, մեծ ամբիցիաներով, մյուս կողմից՝ ավտորիտար, կոնսերվացված, հակաժողովրդավար, անգամ՝ ոչ աշխարհիկ:
«Այո» կամ «Ոչ»: Վերջին շրջանում Թուրքիայում հաճախ հնչող բառերն այս երկուսն են: Դրանք հնչում են քաղաքական գործիչների ու ճանաչված մարդկանց շուրթերից, լրատվամիջոցներով, փողոցում ու տանը, անգամ Թուրքիայի սահմաններից դուրս` դառնալով թուրք-նիդեռլանդական հարաբերությունների ճգնաժամի պատճառ: Ապրիլի 16-ին Թուրքիայում կացկացվի սահմանադրության փոփոխության հանրաքվե: «Այո»-ի դեպքում պառլամենտական Թուրքիան կդառնա նախագահական, սա բացահայտ նշանակում է Էրդողանի լիազորությունների ավելացում:

Թուքիան իր թիմակիցներին չի մոռանում


Հանրաքվեի մոտենալու զուգահեռ Էրդողանը հասկացավ, որ իր կողմանկիցների ձայները կարող են չբավարարել՝ նոր սահմանադրությունն անցկացնելու համար: Դա էր ցույց տալիս նախնական հարցումը: Որտեղից կարող էր Էրդողանը հավելյալ ձայներ ստանալ, իհարկե Եվրոպայից, որտեղ ապրում է 4-5 միլիոն թուրք, որոնց հիմնական մասն ունի երկքաղաքացիություն:
1960-ականներին հետպատերազմյան Եվրոպային անհրաժեշտ էր արագ վերականգնել տնտեսությունը: Աշխատանքային միգրացիոն հոսքով թուրքերը հայտնվեցին Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Բերգիայում: Առաջին անգամ չէ, որ Թուրքիան սեփական շահերի համար օգտագործում է իր եվրոպացի քաղաքացիներին: Այս անգամ, պարզապես, Եվրոպան հստակ հասկացրեց՝ Թուրքիայի ներքին գործերը պետք է մնան իր սահմանների ներսում:


Արևելյան խոհանոցում բաժնում Թուրքիայի մասին հրապարակումները



Եվրոպայում քարոզարշավն արգելվեց: Այդ ուղղությամբ առաջին քայլն արեց Գերմանիան. մարտի սկզբին իր երկրում արգելեց Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի քարոզարշավային ելույթը: Բոզդաղը վիրավորվեց, Էրդողանը Գերմանիայի քայլը համեմատեց նացիստական մեթոդների հետ, սակայն Բեռլինը չլսելու տվեց Էրդողանի որակավորումները, վեճը չվերածվեց հակամարտության:
Հաջորդ քայլն արեցին հոլանդացիները՝ թույլ չտալով Թուրքիայի արտգործնախարարի օդանավը վայէջք կատարի Նիդեռլանդներում: Մարտի 11-ի Ռոտերդամի հանրահավաքը չկայացավ: Էրդողանի պատասխանը հոլանդացիներին ավելի «թեժ» եղավ. նա հոլանդացիներին անվանեց ֆաշիստներ, Անկարայում և Ստամբուլում կազմակերպվեցին հակահոլանդական ցույցեր, թուրքական լրատվամիջոցները Նիդեռլանդների քայլը որակեցին իսլամաֆոբիայի և այլատյացության դրսևորում:

Էրդողանի fixing idea-ն


Թուրքիայում գործող սահմանադրությունը ընդունվել է 1980-ի ռազմական հեղաշրջումից հետո՝ 1982 թվականին: 2002-ին իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բոլորին համոզեց, որ ժամանակները փոխվել են, ռազմական ռեժիմի սահմանադրության դրույթները հնացել են: Այդ շրջանում Թուրքիան նպատակ ուներ անդամակցել Եվրամիությանը: 2007-ին և 2010-ին Անկարան բարեփոխեց սահմանադրությունը. երկրի նախագահին ընտրում է ոչ թե խորհրդարանը, այլ ժողովուրդը, բարեփոխումներ կատարվեցին նաև դատական համակարգում: Սակայն եթե այն ժամանակ փոփոխություններն ընկալվեցին որպես «դեպի եվրոպական ժողովրդավարությունը տանող ուղի», ապա այսօր ճիշտ հակառակն է՝ նոր սահմանադրությունը ամրապնդում է Էրդողանի միահեծան կառավարումը:

Ովքեր են «Ոչ»-ի կողմնակիցները


- Ժողովրդահանրապետական կուսակցությանը, որի հիմնադիրը Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն է:
- Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որի անդամները 2015-ից հետո մեղադրվեցին քրդերի հետ համագործակցելու մեջ և ձերբակալվեցին (կուսակցության ղեկավար Դեմիրթաշին սպառնում է 142 տարվա ազատազրկում):
- Թուրք մտավորականները (այդ թվում՝ Օրհան Փամուկը):
- Գյուլենականները, որոնց Թուրքիան մեղադրում է անցած տարի հեղաշրջում կազմակերպելու մեջ:

Ովքեր են «Այո»-ի կողմնակիցները


- Իշխանության գլուխ կանգնածները
- Ընդդիմադիր ազգայնականները (թեև Դևլեթ Բահչելիի ղեկավարած Ազգայնական շարժում կուսակցությունը պառակտման վտանգի առաջ կանգնեց, կուսակցության որոշ անդամներ հեռացան կուսակցությունից ու համալրեցին Էրդողանի սահմանադրությանը դեմ ուժերի շարքերը):
- Լրատվամիջոցները, որոնք փաստացի գտնվում են Էրդողանի վերահսկողության տակ:
Քրդերի ու իսլամիստների համար նախագահական Թուրքիան նշանակում է մահ: Հազիվ թե իրավունքներ ստացած նախագահը գլուխ կդնի իշխանությանը կարոտ ուժերի հետ: Մյուսների համար «Այո»-ն նշանակում է աշխարհիկ Թուրքիայի իսլամացում: Թուրքիայի կառավարությունը «Ոչ»-ի կողմնակիցներին համարում է ահաբեկիչներ: Եթե Սահմանադրությունը ընդունվի, ապա Էրդողանը հնարավորություն կստանա զրոյացնելու իշխանության գլուխ կանգնած իր տարիները, 2019-ին կմասնակցելի նախագահի ընտրությանը և երկիրը կկառավարի մինչև 2029 թվականը:
Թուրքիայի սահմանադրության փոփոխության հարցը քննարկվում է նաև սոցցանցերում: Մի մասն այն կարծիքին է, որ նախագահական կառավարման ձևը Թուրքիային ավելի կհզորացնի ու կդարձնի երբեմնի երազած «Մեծն Թուրքիա», իսկ էրդողանը կդառնա համազգային առաջնորդ, որն անկախ կլինի բոլորից ու իր խոսքը կթելադրի միջազգային հանրությանը: Մյուս մասն էլ ապագայում տեսնում է ավտորիտար Թուրքիա, որը կհրաժարվի եվրոպական ուղուց, իսկ Էրդողանը վերջնականապես կհաստատրի իր դիկտատուրան ու երկրում կլինի ֆաշիստական ռեժիմ:


Հայ-թուրքական թեմայով




Ինչ է սպասվում Թուրքիային


Նախնական հարցումը ցույց է տալիս, որ Թուրքիայի քաղաքանիների 55 %-ը կողմ է սահմանադրական փոփոխությանը: Եթե ամեն ինչ գնա նույն հունով, ապա հավանական է, որ ապրիլին Թուրքիան կլինի նախագահական պետություն: Նոր Սահմանադրությունը լիիրավ ազատություն կտա Էրդողանին, ով խոստացել էր 2023 թվականին՝ Թուրքիայի հանրապետության 100-ամյակին, ավարտին հասցնել «Նոր Թուրքիա» ծրագիրը:
Արդեն հիմա Թուրքիան հեռանում է Բրյուսելից՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցույց տալով նրան, սպառնալով, որ կմիանա ՇՀԿ-ին (Շանհայի համագործակցության կազմակերպություն): Հաշվի առնելով, որ Անկարան հիմա արժևորում է մուսուլմանական արժեքները և աջակցում հակաեվրոպական տրամադրություններին, կարելի է վստահ ասել, որ Թուրքիան նոր Սահմանադրությամբ գիտակցաբար փակում է Եվրոպա տանող մուտքի դարպասները:
Խնդիրներ են սպասում նաև ՆԱՏՕ-ին: Թուրքիան արդեն ինքնուրույն բանակցություններ է վարում Մոսկվայի ու Թեհրանի հետ՝ փորձելով բարիդրացիական հարաբերություններ ստեղծել այդ երկրների հետ: ՇՀԿ-ին միանալու խաղաքարտը Թուրքիան կխաղարկի նաև ՆԱՏՕ-ի պարագայում, սակայն դժվար թե համարձակվի հեռանալ իր հովանավորից:
Ապրիլի 16-ին թուրք ժողովրդը վերջապես կորոշի՝ ինչպիսի Թուրքայիում է ուզում ապրել, իսկ միջազգային հանրությունն իր համար կհստակեցնի՝ ինչպիսի Թուրքիայի հետ է գործ ունենալու:

Սկզբնաղբյուր