ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանը հավակնում է ռեկորդ սահմանել

September 24, 2018

Այս տարի ՄԱԿ-ում բոլորի ուշադրության կենտրոնում են լինելու Դոնալդ Թրամփի ելույթը, Սիրիայի և Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ քննարկումները: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլին արդեն տեղեկացրել է, որ Թրամփը խոսելու է արտաքին օգնության կրճատման մասին: ԱՄՆ-ը չեղարկելու է այն երկրների օգնությունը, որոնք «չեն կիսում ամերիկյան արժեքները»: Թե ինչ է սա նշանակում, ԱՄՆ դեսպանը չի բացատրել, բայց նշել է, որ ԱՄՆ-ն այլևս չի օգնելու  այն երկրներին, որոնք, երբեմն, ԱՄՆ-ն թշնամի են համարում: Նա նաև տեղեկացրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպում է խնդրել Դոնալդ Թրամփի հետ, բայց նախագահը դեռ չի որոշել հանդիպել նրա հետ, թե ոչ:
Մյուս կողմից, Իրանի նախագահը շատ կոշտ դիրքորոշում է հայտնել ամերիկյան քաղաքականության նկատմամբ: Միջուկային կայացած ու պատմական համարվող գործարքի չեղարկումը բացի ամերիկացիներից ուրիշ ոչ ոքի դուր չի եկել: Այս առումով Եվրամիությունը, Ռուսաստանը, Չինաստանը կանգնած են Իրանի կողքին, մինչդեռ ԱՄՆ-ը մտադիր է ստիպել Թեհրանին գնալ նոր՝ երկկողմ՝ ԱՄՆ-Իրան գործարքի, ինչն Իրանը կտրականապես մերժում է:
Հաջորդ էական հարցը Սիրիան է: Այստեղ նույնպես ԱՄՆ-Իրան հակասությունը շատ մեծ դեր ունի, քանի որ Թեհրանի դեմ ճնշումների գլխավոր պատճառը Մերձավոր Արևելքում Իրանի դերի հետևողական աճն ու ամրապնդումն է: Սիրիայի հարցով ռուս-թուրքական համաձայնությունը ամենաշատ քննարվող թեմաներից է լինելու ՄԱԿ-ի կուլիսներում: Այստեղ է նաև Թուրքիայի նախագահը, որը ելույթ է ունենալու հիմնականում հենց այդ թեմայի վերաբերյալ:



Կարդացեք նաև.



3-րդ հարցը՝ Հյուսիսային Կորեա: Այստեղ միջազգային հանրությունը հպարտանալու և նույնիսկ տոնելու առիթ ունի՝ չնայած ամերիկյան կասկածամտությանը: Կիմ Չեն Ընը մի քանի ամսում կերպարանափոխվել է, դարձել բարեկամ, պատրաստ է բանակցել, մի քանի օր առաջ ջերմ հանդիպում է ունեցել Հարավային Կորեայի ղեկավարի հետ ու պատրաստ է թերակղզու ապամիջուկացմանը:
Շահերի հակասություններն ու համադրությունները ստեղծում են մի խառնաշփոթ, որտեղ յուրաքանչյուրը փորձելու է ստանալ առավելագույնը: Յուրաքանչյուր պատվիրակություն հանդիպումների շարք ունի, բոլորը բոլորի հետ բանակցելու են: Այս մարաթոնի մեջ կայանալու է նաև Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումները և Հայաստանի վարչապետի ելույթը:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում