Ինչպե՞ս «Վիվասել»-ը չնկատեց 755 միլիոն դրամի յուրացումը

November 18, 2015

Ավարտվել է «Ղ-Տելեկոմ»-ից 755 մլն դրամի յուրացման մեջ մեղադրվող նույն ընկերության բաժանորդների սպասարկման և բողոքարկման Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանի գործով նախաքննությունը:
Պաշտպաններ Կարեն Մեժլումյանը և Ինեսսա Պետրոսյանը պնդում են, թե նախաքննությունը ընթացել է բազմաթիվ իրավախախտումներով և նախաքննական թերություններով:
Ըստ մեղադրանքի ՝ 755 միլիոնը Կույումջյանը յուրացրել է 2010-2014 թթ –ին, որից միայն 500 միլիոնը միայն մեկ տարում՝ 2013-2014 թթ-ին:
Պաշտպանները դժգոհում են, որ առաջին հերթին գործի նախաքննության ընթացքում կողմի բոլոր միջնորդությունները մերժվել են. «Ասում են, թե այդ փաստաթղթերը պահանջելով ուզում եք Աշոտ Կույումջյանին պատասխանատվությունից ազատել »:
Պաշտպան Մեժլումյանը անհասկանալի է համարում նաև նախաքննական մարմնի քայլերը, թե ինչու այդպես էլ նախաքննության ընթացքում գործին չեն կցվել հաշվապահական հաշվետվությունները, նաև առկա բազմաթիվ հեռախոսային գաղտնալսումներ, որոնք մինչ օրս չեն էլ սղագրվել: Նա նույնիսկ նաև ձայնագրությունից մի հատված միացրեց, թե ինչպես են «Ղ-Տելեկոմ» -ի պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք միմյանց հետ խոսում. «Հեռախոսազանգով ասում են՝ խեղճն էլ հեսա երեխա է ունենալու, կինն էլ հղի է, հեսա ամբողջը էդ հարիֆի վզին են փաթաթելու, գնա նստի»,- ասաց Կարեն Մեժլումյանը՝ նախընտրելով սահմանափակվել տվյալ մեկ ձայնագրությամբ:
Գործով մյուս պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ ավելացնում է, որ յուրացված գումարը ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ այդքան հստակ վերահսկողական կառուցվածք ունցող ընկերությունը, ինչպես կարող էր 4 տարի շարունակ չտեսնել ահռելի գումարների վատնումը:
Ինեսսա Պետրոսյանը նշեց, թե 2014-ին, երբ մեղադրյալ Կույումջյանը տեսել է այդ ամենը, գնացել է ղեկավարության մոտ և տեղեկացրել, որ նման խնդիր կա, անգամ մտածել է դիմել իրավապահներին, սակայն նրան ղեկավարությունից վստահեցրել են, որ դա ծրագրային խնդիր է և կլուծեն ու «ասել են, թե գնա հանգիստ աշխատի»: Մեկ ամիս հետո ընկերությունից դիմել են իրավապահներին:
«Մեկ տարվա նախաքննության ընթացքում մենք բազմաթիվ հիմնավոր միջնորդություններ ենք ներկայացրել, բայց վարույթն իրականացնող մարմինը մերժել է: Մարդը, եթե գնեց մեկ հատ քարտ ու լիցքավորեց, այդ ամենը անմիջապես երևում է բիլինգի բաժնում: Որևէ մեկի մոտ հարց չի առաջացել՝ բա դրա գումարն ի՞նչ եղավ: Ու հանկարծ պահեստի մնացորդը մյուս աշխատակիցները չեն տեսնում, որոնք ամեն ամիս ստանում են R025 հաշվապահական հաշվետվությունը, որտեղ արտացոլված է պահեստի մնացորդը: Մեր կարծիքով՝ այստեղ հարցի էությունը կայանում է նրանում, որ որոշակի ծրագրային հնարքների միջոցով, ինչ- որ մի բան կատարվել է և այդ ծրագիրը որևէ մեկը չի տեսել: Չի տեսել նաև մեր պաշտպանյալը և այդ մնացորդը չի երևացել ու այն հակարծ դուրս է գալիս 2014-ին: Ասեմ, որ գաղտնալսումները տալիս են բոլոր հարցերի պատասխանները»,- հավելեց նա:
Ի դեպ, 400 հատորանոց և 80 հազար էջանոց գործն արդեն մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին, բայց նիստի օր դեռևս չի նշանակվել:



Ծանուցում. Քրեական գործը հարուցվել է 2014թ. նոյեմբերի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: