Վահան Դիլանյան. Ապագայի պատերազմները

November 14, 2015

Դիտարկենք հակամարտությունների վերլուծության ընդհանուր միտումները: Կանգ առնենք, մասնավորապես, պահանջարկի և առաջարկի բանաձևի վրա: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայացք գցելու դեպքում կարելի է պնդել, որ հակամարտությունների էությունը, ըստ երևույթին, պահանջարկի աճի և առաջարկի կրճատման անողոք պայքարն է:
Պատերազմները կանխելու համար կա՛մ պետք է կրճատել պահանջարկը, կա՛մ մեծացնել առաջարկը: Սա, սակայն, անհնար է ոչ միայն այն պարզ պատճառով, որ մարդկանց չես կարող ստիպել ջուր քիչ խմել, կամ այն պատճառով, որ չես կարող բնական ռեսուրսներ արտադրել, այլև այն պատճառով, որ մինչև առաջարկը մեծացնես, պահանջարկն արդեն անցած կլինի իր սահմանագծից, ու կրկին կբախվես «դանայան տակառի» երևույթին:

Տրամաբանությունը հուշում է. «Ասա՝ որտեղ են բնական ռեսուրսներով հարուստ տարածքները, ասեմ` որտեղ է լինելու հակամարտության հաջորդ օջախը»:

Սակայն մեկ այլ տրամաբանություն հուշում է, որ մարդկությունը զարգացնում է այլընտրանքային աղբյուրներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի խնայել բնական ռեսուրսները: Երրորդ` առավել ապագայամետ, մի քիչ էլ ֆանտաստիկ տրամաբանությունն էլ պնդում է, որ թողնենք մեր այս քննարկումները, քանի որ ցանկացած պահ ցանկացած երկրի լույսերը կարող են անջատվել ոչ այն պատճառով, որ այդ երկիրը ֆինանսական ճգնաժամի մեջ է, և կամ որ բնակչությունը վճարունակ չէ, այլ այն պատճառով, որ միջուկային զենք է պայթել երկրի մակերևույթից վեր` 40-400 կմ հեռավորության վրա` առաջացնելով էլեկտրամագնիսական իմպուլսի հարված:
Պատկերացնելն անգամ սարսափելի է, թե ինչ անարխիա կտիրի, երբ ոստիկանի չես կարողանա զանգահարել, երբ հիվանդանոցներում մարդիկ կսկսեն մահանալ, երբ էլեկտրոնիկայով հագեցած ավտոմեքենաները չեն գործի, և ինտերնետ չես ունենա: Ուրեմն արժե թողնե՞լ բնական ռեսուրսների համար պայքարը. փորձում եմ հավատալ, որ մարդկությունը թերևս գտնի միջուկային զենքի տարածումը կանխարգելող մեխանիզմներ կամ կհզորացնի զսպման տեսությունները:
Անկախ այս ամենից` պահանջարկի և առաջարկի պայքարը երբեք չի հանգուցալուծվի, քանի որ, օրինակ, մեկ այլ փոփոխական` ազգայնականությունը, իր դիրքը չի զիջում: Ավելին, այն տրանսֆորմացվել է, որպեսզի լավագույն կերպով բավարարի իրեն աստվածացնող ստվար զանգվածների պահանջները:

Ազգայնականությունը կարող է «հարաբերական քնից» մի օր արթնանալ, քանի որ աշխարհի տարբեր ծայրերում դեռ կան չլուծված կամ սառեցված հակամարտություններ: Եվ այս միտումը նորմալ է, քանի որ գլոբալացմանը զուգընթաց ուժեղանում է տեսակի պահպանման միտումը: Այսինքն` մարդիկ կամ իրենց ընտրած ղեկավարները նաև կմղեն հայրենասիրական պատերազմներ:
Բայց ինչքա՞ն կենսունակ կլինեն այս նոր ազգայնականները: Մասնավորապես, գլոբալացման պայմաններում ֆրանսիացիներն ինչքա՞ն կսիրեն ֆրանսիականը մահմեդականների ծավալմանը զուգընթաց: Կգտնե՞ն արդյոք գոյակցության բանաձևեր, ինչպես, օրինակ` արաբները կամ ճապոնացիները, կամ կգտնե՞ն այդ բանաձևերի կենսունակության բանաձևը:
Այս հարցերին դժվար է պատասխանել դինամիկ գլոբալացման պայմաններում: Տեղեկատվությունը խժռել է բոլորին, անգամ նրանց, որոնց չեն հասնում տեղեկատվական տեխնոլոգիաները, բայց որոնք ձգտում են տեղեկացված դառնալ: Մենք առաջիկայում ականատես ենք լինելու նոր ինքնության ծնունդին` Տեղեկատվական ինքնության, որը կսահմանազանցի բոլոր տեսակի ավանդական և ժամանակին համընթաց քայլել ցանկացող, կերպափոխվող ինքնությունները:
Տեղեկությունը սկզբունքորեն ոչինչ է, բայց այն «ինչ-որ բան է» նույնիսկ լոկալ քաղաքակրթություններում: Նույնը վերաբերում է քաղաքականությանը Հայաստանում: Այն իրականում որևէ ապրանք կամ ծառայություն չի ենթադրում, բայց վճարվում է որպես այդպիսին:

Տեղեկատվական ինքնությունների միջև ապագայի պատերազմներն առանցքային են լինելու: Տեղեկատվությունն է ձևավորելու պատերազմամետ վարքագիծը և հասարակությունների բախումնամետ կամ խաղաղամետ կերպարները: Տեղեկատվությունը նաև նոր մարտահրավեր է նետել կառավարություններին, քանի որ այն քաղաքացիներին նոր միջոցներով է զինել ազդելու քաղաքականության վրա` ներպետական մակարդակում այդպիսով հարուցելով պահանջարկի և առաջարկի հակամարտություն:
Բնակչության պահանջները մեծանալու են իր թվի աճին զուգընթաց: Կլիմայի փոփոխությունների մարտահրավերների զուգորդմամբ կառավարությունները կբախվեն անորոշության պատին և ասիմետրիկ վարքագիծ կդրսևորեն` դժվարանալով կանխել հնարավոր քաոսները:
Ինքնաբավության ճեղքը լցնելու և նոր ռեսուրսների հայթայթման համար պատերազմը, ցավոք, կմնա անհրաժեշտ մեղք:

«Գլոբալացում» երևույթը այժմ թերևս հակադարձեր` պնդելով, թե ասիմիլացնելու է մարդկության տեսակները` ստեղծելով մեկ ընդհանրական ինքնություն, և տեղեկատվության գործոնն էլ օգտագործելու է դրան հասնելու համար` այդպիսով կանխելով ապագայի պատերազմները: Իմ կարծիքով, սակայն, ցանկացած մակարդակի տեսակում, անգամ Նրա (գլոբալացման) ստեղծած ամենակուռ համակարգում մշտապես տեղի են ունենալու հակամարտություններ: Դրանց կոչե´ք, ինչպես կուզեք, բայց դրանք լինելու են լավի և վատի (տվյալ ժամանակի ընկալմամբ) կամ սևի ու սպիտակի պատերազմներ (անգամ եթե գույները բազմազան լինեն, դրանք ընդհանրացվելու են): Մենք դրանք կանվանենք բարու և չարի պատերազմներ: