«Ինչ է պոպուլիզմը» Իտալիայում

September 11, 2019

Իտալացի Բեպպե Գրիլիոն երգիծաբան էր, հետո դարձավ հայտնի բլորգեր ու որոշեց զբաղվել քաղաքականությամբ: Նրա համահիմնադրած քաղաքական ուժն անցած տարի եկավ իշխանության: Հաջողության պատճառը պոպուլիզմն էր. Գրիլիոն առատորեն օգտվում էր դրա գլխավոր գործիքներից:


Ուղիղ ժողովրդավարություն


Գրիլիոյի քաղաքական հաղթաթղթերից մեկը համացանցում հսկայական լսարանն էր: Ամեն ինչ սկսվել էր դեռ 2005-ին: Գրիլիոն իր համակիրներին առաջարկել էր սոցիալական հարթակներում քննարկումներ անել: Տարիներ անց «Հինգ Աստղ» շարժման քաղաքական դիսկուրսը ևս ձևավորվում էր համացանցում: «Հինգ Աստղ»-ի պատգամավորի թեկնածուներն ընտրվել են Գրիլիոյի բլոգում՝ քվեարկության միջոցով: Հատուկ հավելվածով էլ քաղաքացիները հաստատում կամ մերժում էին ներկայացված օրինագծերը:


Ո՞վ կամ ի՞նչն է մեղավոր


Միգրանտները: Խնդիրն այնքան սուր ու զգայուն է, որ Եվրոպայի պոպուլիստների համար դարձել է իսկական նվեր: Գրիլիոն ընդգծված եվրոսկեպտիկ է: Իր քաղաքական դիսկուրսի առանցքներից մեկն էլ զանգվածային ներգաղթի դեմ պայքարն է: Թե ինչ միջոցներով, էական չէ: 


Առաջնորդը ժողովուրդն է


«Հինգ Աստղ»  շարժման սկզբից Գրիլիոն պնդում էր, որ ինքն այդ շարժման առաջնորդը չէ: Ավելին, շարժումն առաջնորդ չունի: Բոլոր մասնակիցներն ունեն այն գլխավորելու հավասար իրավունք և հնարավորություն: Իր համակիրներին Գրիլիոն բնութագրում էր միայն քաղաքացի, համայնք և ժողովուրդ ձևակերպումներով և հիշեցնում, որ քաղաքացիներն իրենց իշխանությունը չպետք է վերագրեն որևէ կուսակցության: Պոպուլիստների ամենաշահարկվող պնդումն է՝ իշխանության տերը ժողովուրդն է, որոշում կայացնողը ևս: Այսինքն, պատասխանատվություն ստանձնող չկա:




newmag-ում կարդացեք նաև. 





Հակառակ իսթեբլիշմենթին


1980-ականներին կատակերգու Գրիլիոյի երգիծական մոնոլոգներն իշխանության վատ երազն էին: 2007-ին նորաթուխ քաղաքական գործիչ Գրիլիոն բողոքի ակցիաների ընթացքում հարթակից կարդում էր այն քաղաքական գործիչների անունները, ում մեղադրում էր կոռուպցիայի մեջ: Մի քանի տարի անց Գրիլիոն հայտարարեց. Իտալիայի քաղաքական գործիչների տուն գնալու ժամանակը եկել է: Հենց այսպես, քաղաքական էլիտան հասարակ քաղաքացու կերպարին հակադրելով, Գրիլիոյի ապահամակարգային դիսկուրսը տուն ուղարկեց այդ գործիչներին: Պոպուլիստի դիրքերի ամրությունն ուղիղ համեմատական է ավանդական կուսակցություններից իր արմատական տարբերությանը:


 Պոպուլիզմի լեզուն


Պոպուլիստ առաջնորդի լեզուն և ժեստերը տարբերվում են էլիտան ներկայացնող գործիչների շարժուձևից: Խոսքը՝ համոզիչ, էմոցիան էլ վարակիչ դարձնելու համար Գրիլիոն գոռում է, երգում, հուզվում, ծիծաղում և հայհոյում: Իշխանությունն  ու դասական քաղաքական գործիչները Գրիլիոյին անվանում էին դեմագոգ ու պոպուլիստ: Նա էլ հանրահավաքների ժամանակ հաշվում էր մինչև երեքն ու ցուցարարների հետ գոռում` ՊՈՊՈՒԼԻՍՏ: Այս կերպ Գրիլիոն ծաղրում էր իր հասցեին հնչած ամենատեղին քննադատությունը:




Հետևեք  newmag-ին  Telegramում  և  Instagramում