Յակուձա` Լոտոսի արնածաղիկ. Կաձուո Տաոկայի մահն ու հուղարկավորությունը

December 16, 2014

Թաղման արարողությունն ավելի բազմամարդ կլիներ, եթե հուղարկավորությունից երկու օր առաջ 9.300 ոստիկաններ շրջափակումների ու ձերբակալությունների չդիմեին ամբողջ երկրում ցանց կազմած 1.332 ավազակաորջերում: Հանցագործության պահին կամ հիմնարար փաստերի ճնշման տակ ձերբակալվեցին 126 ավազակախմբերի 870 ղեկավարներ` թմրանյութեր վաճառողներ, խաղատների և ընդհատակյա հասարակաց տների տերեր, շորթողներ, ահաբեկիչներ: 130 յակուձաներ կարողացան թաքնվել: Նրանց նկատմամբ համաճապոնական հետախուզում հայտարարվեց:
1981 թվականի հոկտեմբերի 25-ին` հուղարկավորության օրը, Կոբեն պատերազմական տարիների քաղաք էր հիշեցնում: Փողոցներում հերթապահում էին զրահապատ, հսկա մեքենաներ: Արգելափակոցների մոտ շարված ոստիկաններն ուշադիր հետևում էին բոլոր անցորդներին: Գլխավոր խաչմերուկներում ջրցան մեքենաներ էին կանգնած, որոնք տանկերի էին նմանվում: Դրանց մոտ ոստիկանական ջոկատներ էին դիրքավորվել: Օրինականության պահապաններն ավելի շատ նմանվում էին դեսանտայինների` վահաններով, սաղավարտներով ու մահակներով զինված: Նրանք պատրաստ էին դիմագրավել «թշնամուն»:
Իսկ «թշնամին» քաղաք էր լցվում վաղ առավոտից: «Սինկանսեն» կոչվող արագընթաց երկաթուղագծի գնացքներից ու ավտոբուսներից 30-50 մարդու հասնող խմբերով իջնում էին սև կոստյումներով, փայլեցված, սև կոշիկներով և մուգ ակնոցներով յակուձաները: Նրանք ժամանում էին սև ավտոմեքենաներով, որոնք միայն ամերիկյան էին: Բոլոր ժամանողները սև մազերով ու կարճ կտրվածքով էին. սա երկվորյակ եղբայրների տպավորություն էր թողնում: Սակայն օրինապահներն անմիջապես ճանաչում էին քրեական աշխարհի` տարիներ շարունակ հետախուզվող բոսսերին:
- Ժամանեց Հիրոսի Կիմուրան` «Կիմուրա գումի» ղեկավարը,և հաղորդեց երկաթուղային կայարանի ելքի մոտ կանգնած ոստիկանը, որը քաղաքացիական հագուստով էր:
- Եկավ Իտիո Հիրանոն,և զեկուցեց մյուսը և լրացրեց, և Հիմեձի քաղաքում ապրողը: Այո', այո', «Տակենակա գումի» խմբավորումից:
- Կունիձիրո Սուձուկի, «Սուձուկունի գումի» խմբավորման բոսսը, - հաղորդեց երրորդ գործակալը, որը բնավ էլ չէր թաքցնում պիջակի տակ ամրացված հաղորդիչը: Կունիձիրո Սուձուկին, ի նշան ողջույնի, թփթփացրեց ոստիկանական գործակալի ուսին:
Ճապոնական ավանդույթի համաձայն` հանգուցյալ Տաոկայի հարազատները հրավեր էին ուղարկել բազմաթիվ մարդկանց: Հրավիրատոմսերում, սակայն, անսովոր մի ձևակերպում կար. թաղման արարողությանը ներկայանալ ոչ ավելի, քան երկու թիկնապահով: Եվ երկու հազար խմբավորման ղեկավարները, որոնց ուղեկցում էին ավելի քան երեք հազար թիկնեղ թիկնապահներ, ուղղվեցին դեպի Կոբեի ազնվական թաղամաս. Կաձուո Տաոկայի առանձնատունն այստեղ հսկայական տարածք էր զբաղեցնում: Առանձնատան մուտքը զարդարում էր սև սարդի պատկերով («Յամագուտի գումիի» իսորհրդանշանը) հսկա ճերմակ մի պաստառ: Թփերով ու ծառերի ճյուղերով ագուցված մուտքի վրա հիերոգլիֆները ցուցանում էին. «Յամագուտի գումիի» երրորդ բոսսի հուղարկավորություն»: Հազարից ավելի սաղավարտավոր ու վահանակիր ոստիկաններ ուս-ուսի շարված էին առանձնատան շուրջ: Նրանց դեմ-դիմաց կանգնած էին սև կոստյումներով ու մուգ ակնոցներով մարդիկ` «Յամագուտի գումիի» անդամները: Նրանց կեցվածքն ու հայացքը պարզորոշ հուշում էին, որ ոստիկաններին չի հաջողվի մտնել այգի, որտեղ փակցված էր հանգուցյալի հսկա նկարը:
Փողոցի սկզբում ոստիկանական պահակակետ էր կանգնած: Յակուձաները սովորական շարժումով վեր էին բարձրացնում ձեռքերը, ոստիկանները ոտքից-գլուխ խուզարկում էին նրանց: Փնտրում էին զենք և, չգիտես ինչու, փող: Նախազգուշությունը պատահական չէր. ճապոնական քրեական ընդհատակը ներքին հզոր բախումների մեջ էր: Հակամարտող խմբավորման անդամներից մեկի ձեռքով Տաոկայի պարանոցին արձակված գնդակն արագացրեց ճապոնական մաֆիայի «կնքահոր» վախճանը: Հուղարկավորության առիթով գանգստերների հայտարարած խաղաղությունը հուսալի չէր թվում ոստիկանությանը: Եթե հանկարծ թաղման արարողության ժամանակ գոնե մեկ կրակոց հնչեր, ոստիկանությունը կընկներ մամուլի «զանգվածային կրակի» տակ:
Ճապոնիայում սովորություն կա գումար տալ հանգուցյալի ընտանիքին: Դա արվում է հատկապես հուղարկավորության ժամանակ: Անիմաստ կլիներ մտածել բանկային փոխանցումների մասին, որովհետև այդ դեպքում յակուձան պետք է պետական հարկ մուծեր: Ոստիկանության համար գումար բռնագրավելը նույնքան կարևոր էր, որքան գանգստերներին զինաթափելը: Բոսսի վախճանն անպայման ենթադրում էր «Յամագուտի գումիի» եկամուտների կտրուկ անկում, արդարացիորեն մտածում էր ոստիկանությունը: Իսկ առանց եկամուտների, հասկանալի է, անհնար կլիներ պահպանել մաքսանենգության ու թմրանյութերի գաղտնի առևտրի, ընդհատակյա բուքմեյքերների, խաղատների ու հասարակաց տների, ահաբեկիչների, շորթողների և մարդասպանների լայն ցանցը: Հետևապես, քրեական սինդիկատն առանց փողի փուլ կգար, որին էլ Երկրորդ համաշխարհայինից հետո ընկած ողջ ժամանակաընթացքում ձգտում էր ոստիկանությունը: Գոնե այսպես էր ներկայացվում հասարակությանը: Սակայն ոստիկանությունը որքան էլ ուշադիր ու խնամքով տնտղեց հուղարկավորության մասնակիցների գրպանները, այդուամենայնիվ հուղարկավորության ժամանակ «Յամագուտի գումին» հավաքեց 250 միլիոն իեն: Նվիրատվությունները 300 հազարից մինչև 20 միլիոն իեն էին (20 միլիոն իենը 30-35 սմ հաստությամբ տրցակ է):