Գրքի երևանյան 5-րդ փառատոնին Newmag-ը կներկայացնի 3 նոր գիրք

September 27, 2022

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը տեղի կունենա Գրքի երևանյան 5-րդ փառատոնը: Միջոցառման շրջանակում նախատեսված են գրքի տոնավաճառ, գրական հանդիպումներ, վարպետության դասեր, ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական մրցանակաբաշխություն: Այս տարի ևս Newmag-ը կմասնակցի փառատոնին իր ծրագրով, մեծ զեղչերով ու անակնկալներով:

Այս տարի փառատոնին կմասնակցեն ոչ միայն հայ, այլև արտասահմանցի գրողներ: Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սլովենիայից, Կիպրոսից Հայաստան կժամանեն Եվգենի Վոդոլազկինը, Ալեքսեյ Սալնիկովը, Կլաուդիո Պոցցանին, Մաքսիմ Ամելինը, Մայա Կուչերսկայան, Մարտին Սոլոտրուկը, Շալվա Բակուրաձեն, Լիլի Միխաիլիդիսը։

Գրքի երևանյան 5-րդ փառատոնին Newmag-ը կներկայացնի  լրագրող, քաղաքագետ-վերլուծաբան Տիգրան Հայրապետյանի քաղաքական վերլուծությունների 2-րդ հատորը: «Երրորդ աշխարհամարտի մատույցներում» գրքի առանցքում աշխարհի շրջապտույտն է՝ հնարավոր նոր, մեծ պատերազմի ուրվականով, որի թելադրանքով Հայաստանի համար կարևորագույն փորձություն են Ռուսաստանի, Արևմուտքի և Միջին Արևելքի հետ հարաբերությունները։ Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածներից շատերը լույս են տեսնում առաջին անգամ: Շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահի մեծ դահլիճում:

Փառատոնին տեղի կունենա Շառլ Ազնավուրի պոեզիայի 2-րդ մասի շնորհանդեսը` «Սեր և պատերազմ» վերնագրով: 1940-2010 թթ. ստեղծած 500 երգերի տեքստերի ժողովածուի 2-րդ մասում 118 երգ-բանաստեղծություն է։ Շանսոնյեն գրեթե երբեք չի առանձնացրել իր որևէ երգ, բայց գրքում սիրելի երգերի կողքին դրել է սրտի նշան: Գիրքը երկլեզու է. հայերենի կողքին ֆրանսերեն բնագիրն է: Newmag-ն առաջինն է, որ հրատարակում է Ազնավուրի պոեզիան հայերեն: Գրքի շնորհանդեսից բացի հրատարակչությունը կներկայացնի Ազնավուրի ևս մեկ երգ հայերեն: Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահի մեծ դահլիճում:

Գրքի երևանյան 5-րդ փառատոնի գլխավոր հասցեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահն է: Հենց այստեղ կարող եք մասնակցել Newmag-ի շնորհանդեսներին ու զեղչով ձեռք բերել մեր գրքերը:

Հոկտեմբերի 2-ին Newmag-ը կներկայացնի յուրօրինակ հրատարակություն: Հնդիկ փիլիսոփա, կրոնկան բարեփոխիչ Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանի. Ադամանդը զանազանման թագի» գիրքը՝ Ռուբեն Ֆիլյանի մեկնությամբ: Ներածական տրակտատը կազմված է հինդուիզմի Ադվայտա-Վեդանտա ավանդույթի հիման վրա: «Վիվեկա Չուդամանին» դարեր շարունակ համարվել է Ադվայտայի ուսուցման ձեռնարկ: Այն Ռուբեն Ֆիլյանը թարգմանել է սանսկրիտից, ապա 1970-ականներին հեռանալով Խորհրդային Հայաստանից՝ ձեռագիրն ի պահ է տվել ծնողներին: Տասնամյակներ անց աշխատությունը հրատարակվում ու ներկայացվնում է հայ ընթերցողին առաջին անգամ:

Գրքի երևանյան 5-րդ փառատոնի գլխավոր հասցեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահն է: Հենց այստեղ կարող եք մասնակցել Newmag-ի շնորհանդեսներին ու զեղչով ձեռք բերել մեր գրքերը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: